Լռություն ու խոնարհում՝ իշխանության գունագեղ աղմուկի մեջ

Երեք օրից Հայաստանը նշելու է Անկախության 30-րդ տարեդարձը։ Իշխանությունը պատրաստվում է այն նշել գունագեղ տոնակատարությամբ, երգ ու պարով, հրավառությամբ։ Իրավացիորեն դա արժանացել է համարժեք հանրային դիմադրության, որովհետև իրավիճակում, որում գտնվում են Արցախն ու Հայաստանը, գունագեղ որևէ մասշտաբային միջոցառում դասական խրախճանք է ժանտախտի ժամին։

Բազմաթիվ են կյանքի իրավունք ունեցող  գնահատականները նաև այն մասին, որ բոլոր այս իրողությունները հաշվի առնելով՝ գործող իշխանությունը գիտակցաբար է գնացել, մեղմ ասած, ցինիկ նման քայլին՝ հասարակության ուշադրությունը շեղելու, հերթական հակապետական որոշումն անաղմուկ ընդունելու, այլ ստվերային նպատակներով։  Հնարավոր է, իրականում այդպես էլ կա, բացառված չէ, որ սա ավելի մեծ ու անտեսանելի օպերացիայի մի մասն է։

Բայց բոլոր այդ պատճառներից բացի՝ նման պայմաններում գտնվող երկրում անկախության տոնը գունագեղ-համերգային ու մասշտաբային նշելու որոշումն ունի նաև աշխարհայացքային, փիլիսոփայական, արժեքային բացատրություն։ Առանց բացառության բոլոր հարցերում ու ոլորտներում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար ձևի ու բովանդակության երկընտրանքում նախընտրելի է ձևը։ Նրանք պատրաստ են զոհաբերել ցանկացած բովանդակություն՝ հանուն ձևի։

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, դա ապացուցել է տասնյակ անգամներ, երբ իր համար երանելի ժամանակներում սոցիալական ցանցերում հավանումների՝ like-երի համար պատրաստ էր ուրանալ անգամ սեփական անուն-ազգանունը։ Իսկ դրա ամենասարսափելի դրսևորումը նրա իսկ խոստովանությունն էր, որ պատերազմն ավելի շուտ չի կանգնեցրել, քանի որ այդ դեպքում կարժանանար «դավաճան» որակավորմանը։ Ձևի ու բովանդակության անհամապատասխանությունը, ձևի պաշտամունքն ի հաշիվ բովանդակության՝ դրսևորվում է պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած նախարարների դատարկաբանություններից՝ մինչև պատգամավորական հարձակումներ ու անհեթեթ հայտարարություններ։

Նույնպիսի խիստ մակերեսային աշխարհայացքով են իշխանությունները վերաբերվում նաև պետությանն ու պետականությանը։ Նրանք անցած շուրջ երեք տարիներին  արել են առավելագույնը պետականության հիմքերը խարխլելու, պետությունը բովանդակազրկելու, Հայաստանի ինքնիշխանությունը նվազագույնի հասցնելու համար, սակայն դա արել են պետության, պետականության ու ինքնիշխանության մասին ամենաբարձրագոչ, դատարկ ու պաթետիկ հայտարարություններով։ Այսօր էլ նրանց համար կարևոր է ոչ թե պետության բովանդակությունը, այլ ձևը, արարողակարգային ատրիբուտիկան։

Նիկոլ Փաշինյանն առանց որևէ բարդույթի ՀՀ ինքնիշխան տարածքներն անվանում է ադրբեջանական անվանումներով, որովհետև նրա համար առաջնային է ոչ թե Գորիս-Կապան ավտոճանապարհի հայկական վերահսկողությունը, այսինքն՝ պետության բովանդակությունը, այլ իր զրահապատ մեքենան, ամառանոցն ու հարյուրավոր թիկնապահները, իմա՝ պետության ձևը, ատրիբուտիկան։

Նույնը վերաբերում է նաև պետությունը պարգևավճարի չափով սիրող նրա թիմակիցներին, պատգամավորներին, նախարարներին։ Նրանք պետության ձևի, և ոչ թե՝ բովանդակության շահառուներն են։ Իսկ եթե կարևորը ձևն է, նշանակում է, որ սեպտեմբերի 21-ը հրաշալի առիթ է այդ ձևին հնարավորինս մեծ շուքով կամ գունագեղ կերպով տուրք տալու համար։ Հատկապես, որ դա կապահովի հարյուրավոր սելֆիներ ու հազարավոր լայքեր։

Նման աշխարհայացք ունեցող իշխանությունը լրջագույն խնդիր է պետության համար։ Սակայն այդ խնդիրը շատ ավելի լուրջ է այն իմաստով, որ նույնպիսի աշխարհայացք է կրում հանրության եթե ոչ՝ զգալի, ապա՝ բավական ստվար հատվածը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի խնդիրներով, պետության ու պետականության ներկայիս խայտառակ իրավիճակով իրապես մտահոգ շրջանակների՝ քաղաքական ուժերի, մտավորականների, փորձագետների, մի խոսքով՝ էլիտայի խնդիրը պետք է լինի աշխատանքը, տևական աշխատանքը հանրության այդ շերտի հետ՝ նրա համար պետությունը ձևի հարթությունից բովանդակային տիրույթ վերադարձնելու համար։

Այդ առումով իշխանության խնդիրը շատ ավելի դյուրին է․այն, ի վերջո, մի օր կարող է փոխվել, սակայն պետության իմաստն ու բովանդակությունը չգնահատող հասարակության պարագայում պետությունը չի կարող որևէ հեռանկար ունենալ։ Անկախության տոնն ահա այս հարթությունում դիտարկելու պարագայում, ակնհայտ է, որ այն պետք է ունենա ավելի շատ լռելու, մտորելու, իմաստավորելու, վերարժևորելու խորհուրդ։

Հանրապետության հրապարակի գունագեղ տոնակատարությունն ու հրավառությունը մի պահ կարող է խլացնել այդ լռությունը, բայց այն կենսականորեն անհրաժեշտ է Հայաստանի ներկայի ու հատկապես ապագայի համար։ Այնպես որ, սեպտեմբերի 21-ը, իհարկե, պետք է տոնել, բայց դա պետք է լինի ոչ միայն և ոչ այնքան՝ ձևի, որքան՝ բովանդակության հանդիսություն, որին՝ աշխարհայացքային ու տեխնիկական պատճառներով, այս իշխանությունը չի կարող մասնակցել։

Շնորհավոր Անկախության 30-ամյակը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս