Ինչո՞ւ է թարգմանիչը խեղաթյուրել Էռնեկյանի խոսքերը, կամ wishful thinking

Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ թարգմանիչը խեղաթյուրել է Փաշինյանի վերընտրության և մտադրությունների վերաբերյալ Էռնեկյանի խոսքերը:

Ըստ սույն թարգմանչուհու և կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության` Է. Էռնեկյանն ասել է. «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը»:

Ակնհայտ է՝ այս նախադասության մեջ առկա է ոչ միայն քերականական և շարահյուսական սխալների փունջ, այլև իմաստի խեղաթյուրում, նաև՝ հավելագրում. կոնկրետ այս հատվածում էռնեկյանն իրականում ասում է.

«Դա նշանակալի փաստ է պատմական առումով, և ես կարող եմ միայն իմ աջակցությունը հայտնել արդեն կայացած որոշման առիթով: Եվ, ինչպես նշել ենք ի սկզբանե, մենք Հայաստանի տնտեսության ինտեգրատիվ մասն ենք կազմում և պատրաստ ենք ամբողջությամբ համագործակցել երկրի հետ»:

Ասել է թե՝ ընդունում է ընտրությունների արդյունքները, և անկախ նրանից՝ ով է իշխանության ղեկին, իրենք շարունակելու են ամբողջությամբ աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Հասկանալի է, որ թարգմանչուհու ստեղծագործությունը, որը տարածել էր նաև վարչապետի գրասենյակը՝ «և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը», ինչպես ասում են՝ wishful thinking է կամ ցանկալին իրականի տեղ ընդունելու շարքից է:

Տեսանյութեր

Լրահոս