Բողոքի ալիք Իրանում․ ապակայունացումը՝ ռիսկ Թուրքիայի համար. քրդերի աճող զորահավաքի մարտահրավերները
Մինչ ԱՄՆ նախագահը հանդես է գալիս «իրանական հարցի» վերաբերյալ իրարամերժ հայտարարություններով, Թուրքիայի արտգործնախարարը հունվարի 15-ին նախազգուշացրել է հարևան երկրի գործերին ռազմական միջամտությունից խուսափելու մասին: «Կարծում ենք՝ Իրանի ներքին խնդիրները պետք է լուծվեն երկրի ներսում», – հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավարը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ կապելով Իրանում տիրող բողոքի ալիքը տնտեսական խնդիրների հետ, որոնք հաճախ սխալ են մեկնաբանվում: «Տեղի է ունենում խառնաշփոթ․.դժվարությունները, որոնց բախվում են մարդիկ տնտեսական և այլ խնդիրների պատճառով, կարող են ընկալվել որպես գաղափարական ապստամբություն ռեժիմի դեմ, իրականում դա գորշ շրջան է»:
Բազմափորձ դիվանագետի և հետախույզի արտահայտություններն արձագանքում են այլ թուրք պաշտոնյաների ավելի վաղ հայտարարությունները։ Դեկտեմբերի վերջին Իրանի տնտեսության փլուզման նշանների խորապատկերին բռնկված անկարգությունները կարող են ձգձգվող բնույթ ստանալ, հատկապես արտաքին աջակցության ուժեղացման դեպքում: Զոհերի թվի գնահատականները տարբեր են, իսկ իշխանությունները զոհերի մասին պաշտոնական տվյալներ չեն հրապարակել։ Առայժմ համարվում է, որ զոհվել է ավելի քան 1000 մարդ, իսկ Նորվեգիայում տեղակայված Իրանում մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը չորեքշաբթի երեկոյան նշել է 3428 թիվը: Հունվարի 14-ին Fox News-ին տված հարցազրույցում արտգործնախարար Աբբաս Արաղչին այդ թիվն անվանել է «չափազանցություն» և «ապատեղեկատվական արշավի» մի մաս, որը կոչված է հիմնավորելու իր երկրի դեմ ագրեսիան:
Ֆիդանի խոսքով՝ Անկարայի քաղաքականությունը ցույց է տալիս նրա դժկամությունը ռազմական միջամտության հարցում։ Ֆիդանը նշել է` Թրամփը «դեռևս ակնհայտ նախապատվություն չի տալիս ցամաքային զորքերի օգտագործմանը»:
Առայժմ Սպիտակ տան տիրոջ հռետորաբանությունն ավելի շուտ հաստատում է նրա խոսքերը, սակայն իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի. Թրամփը 50 թիրախներից բաղկացած ցուցակ է ստացել Իրանի տարածքում պոտենցիալ հարվածի համար, որոնց կեսից ավելին ԻՀՊԿ – ի օբյեկտներն են և «Բասիջ» կազմավորումները գրեթե բոլոր նահանգներում:
«Իրանական ռեժիմի հիպոթետիկ փլուզումը» լուրջ փորձություն կլինի Թուրքիայի համար, որին (ինչպես և Ադրբեջանին) ամենից շատ անհանգստացնում է հարևան երկրից միլիոնավոր փախստականների պոտենցիալ ներհոսքը:Թուրքիայում արդեն ապրում են ավելի քան 3 միլիոն սիրիացիներ, որոնք փախել են իրենց հայրենիքում բազմամյա զինված հակամարտությունից: Սիրիացիների նկատմամբ թշնամանքը վերածվել է բռնության՝ տնտեսության լճացման խորապատկերին, ինչը նվազեցնում է Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովրդականությունը:
Թուրքիան ոչ պակաս խիստ մտավախություն ունի, որ կենտրոնական իշխանության փլուզումը կխթանի Իրանի էթնիկ փոքրամասնությունների, մասնավորապես քրդերի, բելուջների և թուրքերի անջատողականությունը: Դա կխաթարի Անկարայի բազմամյա ջանքերը «քրդական անջատողականության» դեմ պայքարում, որը վերջին տարիներին սկսել է իրական արդյունքներ տալ՝ ներառյալ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ինքնալուծարումը, որը ոչ փոքր ազդեցություն ունի նաև Սիրիայի քրդերի վրա:
Քրդական գերակշռող բնակչություն ունեցող նահանգներում (Էլամ և Քերմանշահ) բողոքների արագ տարածումը հանգեցրել է Իրաքում տեղակայված իրանական քրդերի զինված խմբավորումների զինյալների ակտիվացմանը: Հունվարի 8-ին Իրանի քրդական յոթ կուսակցություններ հայտարարել են ցուցարարներին լիակատար աջակցության մասին՝ կոչ անելով համընդհանուր գործադուլ հայտարարել ամբողջ երկրում: Հունվարի 14-ին Reuters գործակալությունը հաղորդել էր՝ զինված քուրդ անջատողականները փորձել են հատել Իրանի սահմանը Իրաքի կողմից, և, ըստ ամենայնի, Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին հայտնել է զինյալների տեղաշարժերի մասին:
Անկարայի հատուկ մտահոգությունն է առաջացնում այն հանգամանքը, որ իրանական քրդերի պատմականորեն պատերազմող և ավելի թույլ խմբավորումներին աջակցում է Քրդստանի աշխատավորական կուսակցության իրանական «թևը»: Լայպցիգի համալսարանի հետազոտող Ռիզա Թալեբիի խոսքով՝ իրանա-իրաքյան սահմանի երկայնքով ճամբարներից ՔԱԿ-ի մի քանի հազար մարտիկներ, իբր, կարող են միանալ Իրանի պայքարին, և ոմանք, ամենայն հավանականությամբ, արդեն դա արել են: Ի դեպ, նման պնդումները ստուգման կարիք ունեն, քանի որ կարող են նպատակ հետապնդել Իրանին էլ ավելի հակադրել իր հարևաններին։Երկու երկրների կառավարությունների առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկը դժվարանցանելի լեռնային տեղանքն է, որտեղ տեղակայված են քուրդ ապստամբները: Թալեբիի խոսքով՝ իրանական ռեժիմի և թուրքական հատուկ ծառայությունների միջև ցանկացած ռազմական համագործակցություն իրանական քրդերի դեմ կարող է փողոցային ցույցեր հրահրել Թուրքիայի այն նահանգներում, որտեղ գերակշռում է քրդական բնակչությունը:
Իսրայելի հարձակողական քաղաքականությունն Իրանի նկատմամբ՝ ներառյալ 2025ի հունիսին 12-օրյա պատերազմը, ինչպես նաև բազմաթիվ դիվերսիոն-ահաբեկչական գործողությունները ցույց են տալիս, թե որքան խորն են իսրայելացիները ներթափանցել իրանական համայնքներ (ներառյալ ազգայինները) տարբեր մակարդակներում: «Վատագույն դեպքում քրդական կուսակցությունները, կամ նրանցից գոնե մի քանիսը, կարող են գայթակղվել Իրանի որոշ մասերում քաղաքացիական հակամարտություն սանձազերծմամբ, հնարավոր է՝ Իսրայելի աջակցությամբ, որպեսզի տապալեն ռեժիմը կամ էլ ավելի ապակայունացնեն այն», – Al Monitor – ի հետ զրույցում ասում է Արաշ Ազիզին՝ իրանա-ամերիկյան գիտնական և վերջերս «Ինչ են ուզում իրանցիները.կանայք, կյանք, ազատություն» լույս ընծայած գրքի հեղինակը:
Իրանի և Թուրքիայի ներկայիս իշխանություններին միավորում է կոշտ հռետորաբանությունը Նեթանյահուի ռեժիմի նկատմամբ, ինչպես նաև տնտեսական կապերը երկու երկրների միջև: Ըստ թուրքական պաշտոնական վիճակագրության՝ 2025 թվականի առաջին 11 ամիսներին Իրանը արտահանել է 2.7 միլիարդ դոլարի ապրանքներ և ներմուծել 2.3 միլիարդ դոլարի (հիմնականում բնական գազ): Էրդողանի կառավարությունը հայտնի է այն բանով, որ օգնել է Թեհրանին խուսափել պատժամիջոցներից, ինչը հանգեցրել է ինչպես Սպիտակ տան բնակչի դժգոհությանը, այնպես էլ ամերիկյան դատարանների կողմից մեղադրանքների:
Թվում է՝ անտեղյակ դիտորդի համար սա կարող է տարօրինակ թվալ։ Թուրքիան ՆԱՏՕ – ում ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն է, իսկ Իրանը՝ պատմական մրցակից: Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի պայքարը տարածաշրջանային հեգեմոնիայի համար ուղեկցվել է դարավոր պատերազմներով, որոնք ավարտվեցին 1514 թվականին Չալդիրանի ճակատամարտով (այժմ՝ Իրանի արևմտյան Ադրբեջան նահանգ): Օսմանյան կայսրության և պարսկական Ղաջարների դինաստիայի միջև վերջին խոշոր (և ոչ այնքան հայտնի) պատերազմը տեղի է ունեցել 1821-1823 թվականներին։
Ու թեև 1823 թվականի հուլիսի 29-ի Էրզրումի պայմանագիրը վերջ դրեց կողմերի միջև ուղղակի ռազմական հակամարտությանը՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերն ու նրանց դաշնակից կազմավորումներն ակտիվորեն գործում էին Իրանի հյուսիս-արևմուտքում՝ ձգտելով պանթուրքիզմի դոկտրինի ոգով «բարձրացնել» տեղի թյուրքալեզու բնակչությանը։ 1990-ականների կեսերին, ինչպես ավելի վաղ «սառը պատերազմի» ժամանակ, Աթաթուրքի իրավահաջորդները կարճ ռազմավարական դաշինք կնքեցին Իսրայելի հետ, որը ներկայացվում էր որպես իմամ Խոմեյնիի «Իսլամական հեղափոխության» գաղափարները զսպելու գործոն։ Հազարավոր աշխարհիկ իրանցիներ փախել են Թուրքիա, և ըստ որոշ գնահատականների՝ Թուրքիայում ապրում է մոտ կես միլիոն իրանցիներ, որոնցից շատերը երկքաղաքացիություն ունեն:
2002 թվականին Էրդողանի իշխանության գալը և ռազմական «դավադրություններին» նրա դիմակայությունը նշանավորեցին գաղափարական կուրսի փոփոխություն, որն իր արտացոլումն գտավ նաև արտաքին քաղաքականության մեջ։ Թուրք իսլամիստների առաջին սերունդները՝ Էրդողանի դաստիարակ և նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի գլխավորությամբ, որը տապալվել էր 1997 թվականի անարյուն հեղաշրջման արդյունքում, հիացած էին Իրանի Իսլամական հեղափոխությամբ՝ դրանում տեսնելով սեփական հավակնությունների իրականացման հույսը: Միևնույն ժամանակ, շիա-սուննի պառակտումը շահագործվել է և Իրանի, և Թուրքիայի կողմից Կենտրոնական Ասիայի հետխորհրդային երկրների և Ադրբեջանի համար նրանց մրցակցության մեջ, ինչպես նաև Սիրիայում, որտեղ դիմակայության այս բաժանարար գիծը հատկապես նկատելի է դարձել:
Թալեբին թուրք-իրանական հարաբերությունները համեմատում է 19-րդ դարի գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերի «ոզնու դիլեմայի» հետ, ըստ որի այս գեղեցիկ, բայց փշոտ արարածները սովորաբար ձգտում են մերձենալ ցուրտ եղանակին, բայց միևնույն ժամանակ փորձում են հեռավորություն պահպանել, որպեսզի միմյանց չվնասեն սուր ասեղներով:
Իրանական «դիմադրության առանցքի» փլուզումը 2023-2024ականներին շարժել է տարածաշրջանային հաշվեկշիռները հօգուտ Թուրքիայի, որտեղ, սակայն, չեն ձգտում չափից ավելի թուլացնել իրենց գործընկերոջն ու ընդդիմախոսին, այդ թվում՝ վերը նշված պատճառներով։Բայց ո՞վ կարող է փոխարինել Իրանում գործող վարչակարգին բողոքի ակցիաների հիպոթետիկ հաջողության դեպքում, և ո՞վ կարող է համապատասխանի Թուրքիային։ Հազիվ թե դա շահզադե Ռեզա Փահլավին է՝ վտարանդի հանգուցյալ իրանական շահի որդին, որն ակնհայտորեն աջակցվում է Վաշինգտոնից և Արևմտյան Երուսաղեմից։ «Թուրքիայի համար ամենավատ սցենարը կլիներ թագաժառանգի հայտնվելը, որին աջակցում են իսրայելցիները, որպես հարևան»,-Ալ-Monitor-ին ասել է Իրանի գծով թուրք փորձագետը, որը ցանկացել է անանուն մնալ: «Թուրքիան հույս ունի Իրանում կառավարության բարեփոխումների և փողոցներում իրավիճակի նորմալացման», – ասել է նա: Հավանաբար, Անկարայում շահագրգիռ շրջանակները դիտարկում են Իրանի ներկայիս նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ 2024 թվականին ընտրվելուց ի վեր այս 71-ամյա բժիշկը, որը ծագումով արևմտյան Ադրբեջան նահանգից է, ազատ խոսում է թուրքերեն և քրդերեն, պետական պաշտոններում նշանակում է էթնիկ թուրքերին, որոնք համակրանքով են վերաբերվում Թուրքիային, պնդում է Թալեբին։ Բավական կասկածելի ենթադրություն է հնչում, որ հենց Փեզեշքիանը կարող է լինել Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման սահուն անցման առաջնորդը, որը չի սպառնում Թուրքիայի շահերին:
Ի դեպ, Իրանում իրավիճակի անկայունության և անկանխատեսելիության պատճառով այս բոլոր ենթադրությունները, մեղմ ասած, վաղաժամ են թվում.այն ժամանակ, երբ ներկայիս նախագահը հետևում է կառավարամետ ցույցերի շարասյուներին, նրա «լիբերալ» նախորդներից մեկը՝ Հասան Ռոհանին, նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ միասին ձերբակալվել և տնային կալանքի տակ են դրվել ամերիկացիների և իսրայելցիների հետ համագործակցելու կասկածանքով:
Ստանիսլավ Կոտյոլկին
Աղբյուրը՝ vpoanalytics.com
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
