ԵՐԵՔ ԹՎԵՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ 3 ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԹԱԼԱՆԸ

3 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ, 14.5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ, 10.000 ԴՐԱՄ: Այս երեք՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող ու ոչ համադրելի թվերը ցույց են տալիս հայկական  իրականության խտացված պատկերը: Միայն անցած տարեվերջին 3 միլիարդ դրամ  պարգևավճար ստացած պետական պաշտոնյաները վերջին յոթ տարիներին Հայաստանի պետական պարտքը հասցրել են 14.5 միլիարդ դոլարի, և բոլորով միասին անհեթեթ հիմնավորումներ են ներկայացնում այն մասին, թե ինչու չեն կարողանում կամ չպետք է կենսաթոշակառուների թոշակը բարձրացնել 10.000 դրամով:

Սա շատ մեղմ ասած՝ ծաղր, անարգանք է քաղաքացու, հերոս հռչակված հարկատուների նկատմամբ, որոնք հարկեր են վճարում մի իշխանության, որը կենսաթոշակառուների թոշակն ավելացնելու փոխարեն՝ ավելացնում է պետական պարտքը: Այս երեք թվերի միջև ընկած դիսոնանսն է ոչ թե ուղղակի հայկական իրականության, այլ ողբերգական իրականության պատճառը:

Մի քանի տասնյակ մարդկանցից բաղկացած խումբ կամ խմբակ՝ պետական պաշտոնյայի կարգավիճակն օգտագործելով, պետության անունից վերցրել ու շարունակում է վերցնել սարսափելի մեծ վարկեր, դրանց միջոցով առաջին հերթին բարելավելով սեփական կենսամակարդակը և լպիրշորեն հայտարարելով, թե թոշակառուները չեն կարողանա խելամիտ ծախսել ավել 10 հազար դրամը: Զրոների ու արժույթների տարբերություն ունեցող այս երեք թվերի քանակը խորհրդանշական է մեկ այլ իմաստով ևս. ժամանակին «թալանի դեմ» պայքարի կարգախոսով իշխանության եկածներն այսօր թալանում են միանգամից երեք սերունդների՝ աշխատունակ տարիքի քաղաքացիներից՝ ամենաանհեթեթ հիմնավորումներով բարձրացվող հարկերի տեսքով, նրանց ծնողների սերնդին՝ չավելացվող կենսաթոշակների տեսքով, և վերջիններիս թոռներին՝ նրանց ուսերին արդեն իսկ այսօրվանից փոխանցվող պետական պարտքի հսկայական տոկոսների ու նույնքան ահռելի մայր գումարների տեսքով:

 

Կարդացեք նաև

Պետական պաշտոնյաների վարձատրության, պարգևավճարների խնդիրը կենսականորեն կարևոր է ցանկացած երկրի համար և անթույլատրելի է այդ հարցում պոպուլիստական դիրքավորումը: Լավ, արդյունավետ, պետական շահերն առաջ մղող ու իր քաղաքացիների արժանապատվությունն ապահովող պետության չինովնիկական դասը, այո, պետք է բարձր վարձատրվի:

Բայց Հայաստանում տիեզերական մասշտաբի պարգևավճարներ են ստանում մի իշխանության ներկայացուցիչներ, որի պատճառով պետությունն ու հասարակությունն ապրել են վերջին հարյուր տարվա ամենամեծ ողբերգությունները, արձանագրել են անդառնալի կորուստներ: Դրանց մասին քիչ մտածելու, անցյալը մոռանալու համար իշխանությունը քաղաքացիների հաշվին ավելացրած պետական պարտքով ստեղծում է «լավ կյանքի» պատրանք, որի համար վճարելու են այդ նույն մարդկանց սերունդները: Վճարելու են ոչ միայն գործող իշխանության եռաստիճան թալանի, այլ նաև իրենց ծնողների՝ գործող իշխանությանը հանդուրժելու համար:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս