Մենաշնորհների «ռեբրենդինգը». Ինչպե՞ս է Հայաստանի վառելիքի շուկան անցնում նոր օլիգարխիայի վերահսկողության տակ
Ինչո՞ւ է իշխանությունը լեգիտիմացնում ադրբեջանական բենզինը
Վարչապետի պաշտոնում հայտնվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան։ Հետագայում էլ բազմիցս կրկնեց, որ մենաշնորհները վերացել են, արդար մրցակցություն է։
Այսօր սակայն խոստովանում է, որ այդ հարցում էլ է ստել ու խաբել քաղաքացիներին, որ իշխանությունը զավթելուց 8 տարի հետո էլ մենաշնորհները Հայաստանում չեն վերացրել։
«2018 թվականից մենք ինչքան ենք աշխատել ու չարչարվել մենաշնորհները հաղթահարելու ուղղությամբ, այնպես չի, որ հաղթահարել ենք:
Հիմա մեր բոլորի առաջ բենզինի և դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհները խաղաքարտերի տնակի նման քանդվում են, և այդ ընկերությունները վերջին հուսահատ ճիգերն են գործադրում ու մեծ ներդրումներ են անում՝ հակաարշավ, իրենց մենաշնորհային դիրքը հայրենասիրական կարգախոսների ներքո պաշտպանելու համար»,- անդրադառնալով ադրբեջանական բենզինի ներմուծումից հետո վառելանյութի շուկայում ընթացող պրոցեսներին՝ խոստովանում է Նիկոլ Փաշինյանը։
Ժամանակին պնդում էր՝ մենաշնորհները վերացրել ենք։ Այսօր, երբ պետք է արդարացնել ադրբեջանական բենզինի ներմուծումը, ոչ միայն չի վարանում հայտարարել, որ մենաշնորհները չեն վերացրել, այլև ասում է՝ դրանով տասնամյակներ գոյություն ունեցող մենաշնորհներն ենք քանդում։
Նիկոլ Փաշինյանի այսպիսի երկակիությանն, անշուշտ, առաջին անգամ չէ, որ հանդիպում ենք։ Այս ընթացքում, կախված իրավիճակից, նա բազմաթիվ իրար հակասող հայտարարություններ է արել, ու այլևս ոչինչ զարմանալի չէ նրա պարագայում։ Բայց վերադառնանք բենզինի մենաշնորհներին, գներին ու շուկայում առկա այն իրավիճակին, որը ստեղծվել է վերջին շրջանում։
Ադրբեջանական բենզինի ներմուծումից հետո բենզինի գները Հայաստանում իսկապես նվազեցին ոչ միայն նրանց մոտ, որոնք ադրբեջանական բենզին են վաճառում, այլև մյուս բենզալցակայաններում։ Թե ինչի՞ հաշվին են բենզինի շուկայի այդ մասնակիցները նվազեցրել գները, որևէ մեկը, այդ թվում՝ մրցակցության ու սպառողների իրավունքները պաշտպանող հանձնաժողովը, չեն ուզում պարզել։ Հանձնաժողովի նախագահը բավարարվում է հայտարարել, որ շուկայի այդ մասնակիցների կողմից որևէ բողոք կամ դժգոհություն չի հնչել։ Ուստի, հանձնաժողովը մտադիր էլ չէ ուսումնասիրել շուկան և պարզել, թե ինչ է տեղի ունենում։
Բենզինի էժանացումն, անշուշտ, սպառողների շահերից է բխում։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ եթե հնարավոր էր բենզինի գները նվազեցնել, ինչո՞ւ դա նախկինում չէին անում։ Սա մրցակցության ու սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պարզելու խնդիրն է, որը, սակայն, նա հակված չէ պարզել։ Այլ հարց, թե ինչո՞ւ։
Մինչև այժմ հանձնաժողովը պարբերաբար հայտարարում էր, որ բենզինի գները Հայաստանում համապատասխանում են շուկայական գնագոյացման կանոններին։ Բայց վերջին օրերի զարգացումները կարծես այլ բան են ցույց տալիս։ Եթե նախկին գները համապատասխանում էին շուկայական գնագոյացմանը, ինչի՞ հաշվին են դրանք նվազել, այն էլ՝ 40-50 դրամով։
Այնպես չէ, որ չէին կարող նվազել։ Կարող էին նվազել՝ կապված՝ ինչպես նախկինում ձևավորված բարձր գների, այնպես էլ՝ շահույթների հետ։ Չի բացառվում, որ վերջին շրջանում ադրբեջանական բենզին չվաճառող ընկերությունները սեփական շահույթների հաշվին հարկադրված են եղել գնալ գների նվազեցման, որպեսզի կարողանան պահպանել շուկան։ Ակնհայտ է, որ այսօր նրանք հայտնվել են անհավասար մրցակցության մեջ ու կանգած են շուկան կորցնելու փաստի առաջ։ Մի բան, ինչը կարող էր ստիպել՝ հրաժարվել սեփական շահույթներից։ Չնայած, նույնիսկ այդ պարագայում նրանք գնային անհավասար մրցակցության մեջ են գտնվում այն 1-2 ընկերությունների նկատմամբ, որոնք դարձել են Հայաստանում ադրբեջանական բենզինի ներկրողներն ու իրացնողները։
Անգամ վերջին նվազեցումներից հետո, գներբ ադրբեջանական բենզին չիրացնող ընկերությունների մոտ շարունակում են անհամեմատ ավելի բարձր մնալ։ Դա նշանակում է, որ այսպես նրանք չեն կարող երկար դիմանալ ադրբեջանական բենզին ներմուծողների ճնշմանը, եթե չվերանայեն իրենց բիզնես գործունեությունն ու չկարողանան մատակարարներից ավելի մրցակցային գներով բենզին ձեռք բերել։
Սա լուրջ խնդիր է, որի առաջ այսօր կանգնած է բենզինի շուկայի մասնակիցների մեծ մասը։ Ու չնայած մրցակցության ու սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը փորձում է համոզել, թե նրանց կողմից դժգոհություններ չկան, միանշանակ չէ, որ այդպես է։
Բենզինի շուկայում այսօր տեղի են ունենում երբեմն չերևացող փոփոխություններ, որոնք Հայաստանը մղելու են ադրբեջանական բենզինի լիակատար տիրապետության տակ։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ տասնամյակներ գործող մենաշնորհները քանդելու հետ, սա բացարձակ կապ չունի։ Ընդհակառակը՝ այսպես շարունակվելու պարագայում, այն տանելու է շուկայի բացարձակ մենաշնորհացմանն ու գերկենտրոնացմանը, որտեղ հիմնական թելադրողները լինելու են իշխանության հետ ուղիղ կապ ունեցող 1-2 օլիգարխներ, որոնց թվում՝ ՔՊ-ական պատգամավոր ու իշխանությունների շահերը տնտեսական դաշտում սպասարկող Խաչատուր Սուքիասյանը։
Ի՞նչ կլինի դրանից հետո, դժվար չէ գուշակել. Շուկան մենաշնորհելուց ու գերկենտրոնացնելուց կարճ ժամանակ անց, սպառողները կբախվեն գների շատ ավելի ահագնացող բարձրացումների հետ։ Սա այն է, ինչ հեռանկարում սպասվում է բենզինի շուկային։
Չնայած արված ու արվող հայտարարություններին, մենաշնորհները Հայաստանում եղել են ու կան։ Թե ինչքանո՞վ է Նիկոլ Փաշինյանին մինչև հիմա հաջողվել վերացնել մենաշնորհներն ու պաշտպանել սպառողների շահերը, ցույց են տալիս այն չափազանց բարձր գները, որոնք վերջին տարիներին համատարած հաստատվել են Հայաստանում։ Երբեմն էլ այդ գները հաստատվել են պետական միջամտությամբ ու հովանավորությամբ։ Դրա հետևանքով է, որ Երևանը դարձել է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը, երբեմն առաջ անցնելով անգամ զարգացած եվրոպական մայրաքաղաքներից։ Վերջին տարիների ազգային արժույթի արժևորումն ու դրա արդյունքում ներմուծման էժանացումը, թվում էր, թե պիտի հանգեցներ ներմուծվող ապրանքների գների նվազեցման, բայց գները Հայաստանում ոչ միայն շատ բարձր են, այլև անընդհատ բարձրանում են։
Հանձնաժողովը, որը կոչված է պաշտպանելու արդար մրցակցությունն ու սպառողների շահերը, շատ հաճախ զբաղված է շուկայի խոշոր խաղացողների վարքագիծն արդարացնելով։ Երբեմն էլ ուղղակի դիտորդի դերում է, ինչպես հիմա, երբ վառելանյութի շուկայում տեղի են ունենում գերկենտրոնացման այնպիսի երևույթներ, որոնք վաղը սպառողների համար շատ ավելի վատ հետևանքների կարող են հանգեցնել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
