ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է. ԻՐԱՆԱԳԵՏԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄՆ ԻՐԱՆԻ ՎՐԱ

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է իրանագետ Նվեր Դավթյանը։

Իրանագետի խոսքով՝ ներկա պահին իրավիճակն Իրանում կայունացման միտումներ ունի, թեև երկրի առանձին հատվածներում որոշ ակտիվություն պարբերաբար նկատվում է ուժային կառույցների հետ բախումների տեսքով կամ այլ դրսևորումներով։

«Ընդհանուր առմամբ, դեռևս այս իրավիճակն է, բայց հնարավոր ռիսկերը պայմանավորված են առավելապես արտաքին գործոններով, հատկապես՝ Միացյալ Նահանգների կողմից կանխատեսվող հարձակման մասով»,– մեկնաբանեց իրանագետը։

Կարդացեք նաև

Որպես իրանական հասարակության մեջ սոցիալական լայնածավալ դժգոհության և բողոքի զանգվածային ցույցերի հնարավոր պատճառներ՝ Նվեր Դավթյանը կարևոր նշանակություն է տալիս՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին գործոններին՝ նշելով, որ ԱՄՆ երկարաժամկետ պատժամիջոցներն են ամենաշատն ազդել Իրանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի վրա, սակայն Իրանի բարձրագույն ղեկավարությունը խոստովանել է՝ կան խնդիրներ, որոնք պատժամիջոցներով չեն պայմանավորված։

Դավթյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների համար գլխավոր խնդիրներից է Իրանի ինքնուրույն արտաքին քաղաքականությունը, սեփական ռազմարդյունաբերություն ունենալը, ռազմական ներուժն ու վերարտադրողական հնարավորությունները նաև պաշտպանական ոլորտում, ուստի 2025-ի հունիսին փորձ արվեց 12-օրյա պատերազմի միջոցով դա չեզոքացնելու, սակայն դա չհաջողվեց։

«Անցավ մի քանի ամիս, և կանխատեսվում էր, որ գուցե նոյեմբերին և՛ Իսրայելը, և՛ Իրանը կկարողանան վերականգնել պատերազմի ընթացքում իրենց կորցրած ռեսուրսները և վերսկսել պատերազմը, կանխատեսվում էր, որ ռազմական ինչ-որ բան տեղի կունենա, բայց իրականում տեսանք, որ երկիրը ներսից պառակտելու ծրագրի իրականացման փորձ արվեց։ Ճնշումների օղակն Իրանի շուրջ աստիճանաբար սեղմվում է»,- հավելում է Նվեր Դավթյանը։

Իրանագետը բավական բարդ է գնահատում ներկա իրավիճակը՝ չբացառելով իսրայելա-ամերիկյան նոր հարձակումն Իրանի վրա.

«Ինչպես տեսանք՝ 12-օրյա պատերազմից առաջ ընթանում էին բավական խոստումնալից բանակցություններ, բայց հանկարծ հարձակում եղավ, և մենք գործ ունենք այսպիսի հակառակորդների հետ, երբ մի կողմում Իրանն է, մյուս կողմում՝ Միացյալ Նահանգները կամ Իսրայելը, և միայն հայտարարությունների հիման վրա կանխատեսումներ անելը ճիշտ չէ։ Գուցե այդ հայտարարությունները հարաբերությունների կարգավորման դեպքում կամուրջ դառնան, բայց ինչպես գիտենք՝ ներկա պահին բանակցություններ չեն ընթանում։ Ինչպես Ուիթքոֆը հայտարարեց՝ բանակցություններ չկան, թեև կա կապ իրանական կողմի հետ։ Իսկ եթե չկան բանակցություններ, ապա դժվար է վստահ լինել, որ հարձակում չի լինելու Իրանի վրա, ուստի այս իրավիճակում ցանկացած սցենար պետք է կանխատեսենք»։

Իսկ պատերազմի անկանխատեսելի հետևանքները, ինչպես իրանագետն է նշում, բավական բարդ և նոր իրավիճակ կարող են ստեղծել տարածաշրջանում։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Իրանում տեղի ունեցող զարգացումներն ուղիղ և անուղղակի ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա։

«Իրանի ներսում անկայուն վիճակն արդեն իսկ թողնում է ազդեցությունը մեր գործարար շրջանակների վրա։ Իսկ քաղաքական դաշտում կուզեի նշել հետևյալը, որ ԻԻՀ իշխանություններից զատ, այլ իշխանության պարագայում մենք չենք կարող կանխատեսել՝ ի՞նչ իշխանություն է լինելու այնտեղ, ո՞ւմ հետ ենք գործ ունենալու, ինչպիսի՞ հարաբերություններ կկարողանանք կառուցել, այս երկիրն ինչպիսի՞ ռազմավարություն կունենա տարածաշրջանի երկրների հետ իր հարաբերություններում։ Այս անկանխատեսելի վիճակն է, որ ամենամեծ վտանգն է ներկայացնում։ Մենք չգիտենք՝ եթե ինչ-որ դրածո իշխանություն ձևավորվի Իրանում, ինչ քաղաքականություն է նա վարելու։ Եվ այստեղից պետք է հետևություն անել, որ Իրանի կայունությունը բոլոր առումներով չափազանց կարևոր է Հայաստանի համար»,– եզրակացնում է իրանագետը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ի մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով դեկտեմբերի 28-ին Իրանում ծայր առած և մոտ երկու շաբաթ շարունակված զանգվածային ցույցերի, ահաբեկչական խմբավորումների կողմից հրահրված անկարգությունների, խռովությունների ու բախումների մասին՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին մեղադրել էր Միացյալ Նահանգներին և Իսրայելին՝ հայտարարելով, որ Իրանի ժողովրդին սպանողները Թրամփը և Նեթանյահուն են։ Դեսպանը նկատել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած ամենախիստ պատժամիջոցներն են Իրանի ներկայիս տնտեսական ծանր վիճակի հիմնական պատճառը, մինչդեռ նա խոսում է Իրանի ժողովրդին աջակցելու մասին։

Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ եթե Իրանի դեմ այս գործընթացը հաջողվի, Հայաստանը ևս լինելու է պարտվողների թվում։ Դեսպանը դժգոհություն էր հայտնել, որ «կանաչ լույս է վառվում» Երևանում Իրանի դեսպանատան առջև վիրավորական հայտարարություններով ցույցեր անող մի խումբ մարդկանց համար։ Իսկ ի պատասխան հարցին՝ դա կարո՞ղ է ինչ-որ ազդեցություն ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա, դեսպանն ասել էր. «Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը  դառնում է մի նոր կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս