Թուրքիան 1 տարում 2.8 մլրդ դոլարի գորգ է արտահանել
Թուրքիան 2025-ին արտահանել է 570 մլն 827.000քմ գորգ՝ ստանալով 2 մլրդ 838 մլն 515.000 դոլար եկամուտ։ Թվերը հրապարակել են «Հարավարևելյան Անատոլիայի արտահանողների միությունների» (GAİB) տվյալների հիման վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2024-ի համեմատ 2025-ի արտահանման ծավալները մնացել են անփոփոխ, սակայն եկամուտների մասով գրանցվել է մոտ 1 տոկոս անկում։ Արտահանման հիմնական եկամուտը ձևավորվել է ժամանակակից սարքավորումներով արտադրված մեքենայագործ գորգերից՝ ավելի քան 2.15 մլրդ դոլար։
Նշվում է նաև, որ Թուրքիան ամենամեծ ծավալով գորգերի արտահանում իրականացրել է դեպի ԱՄՆ (734.8 մլն դոլար), որին հաջորդել են դեպի Սաուդյան Արաբիա (299.3 մլն դոլար) և Իրաք (297.5 մլն դոլար) կատարած մատակարարումները:
Հարկ է նաև ընդգծել, որ Թուրքիայի համար Մերձավոր Արևելքի շուկան շարունակում է մնալ հիմնական ուղղություններից մեկը. այդ տարածաշրջանի երկրներ արտահանված գորգերի ընդհանուր ծավալը հասնում է 880 մլն դոլարի։
