Վարդան Ղուկասյանի գործն աբսուրդային է. ԵՄ անդամակցությունն է ենթադրում ինքնիշխանության մասնակի կորուստ, ՌԴ-ն միշտ եղել է ՀՀ անկախության կողմնակիցը. Զախարովա
«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործն աբսուրդային է»,-այս մասին այսօր հերթական բրիֆինգի ընթացքում ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հերթական անգամ անդրադառնալով կալանքի տակ գտնվող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քրեական գործին։
Հիշեցնենք, որ դրան օրերս իր ամենամյա մեծ ասուլիսի ընթացքում անդրադարձել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տարակուսանք հայտնելով ՀՀ-ից հնչող մեղադրանքների կապակցությամբ։
Զախարովան ասաց, որ դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարությունների համար քրեական հետապնդումն աբսուրդ է հատկապես այն դեպքում, երբ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել Հայաստանը ինքնիշխանության, անկախության և բարգավաճ պետության օգտին։ Զախարովայի որակմամբ, դրա օգտին հանդես է գալիս ոչ միայն խոսքով, այլև քայլերով, որոնք կառուցվում են հենց այդ քաղաքական տրամաբանությունից ելնելով։ Զախարովան գտնում է, որ այս ամենի հետ մեկտեղ Երևանում երբեմն նախըտրում չնկատել մի շարք արտահայտություններ, այդ թվում՝ եվրոպական երկրներից հնչող։
«…Մենք չենք տեսել իրավական գործընթացներ և առավել ևս ձերբակալություններ այն անձանց նկատմամբ, որոնք կոչ են անում առանց հետ նայելու գնալ դեպի Եվրամիություն։ Մինչդեռ ԵՄ անդամակցությունն իրոք կապված է ինքնիշխանության մի մասից հրաժարվելու հետ։ Նման մոտեցումը հենց Հայաստանի քրեական օրենսգրքի հոդվածներից մեկի տակ է ընկնում։ Ինչո՞ւ պատասխանատվության չենթարկել նրանց, ովքեր, Հայաստանին հրելով դեպի ԵՄ, բառացիորեն կոչ են անում հրաժարվել ինքնիշխանությունից՝ լիովին կամ մասնակի։ Թող նայեն, թե հիմա ինչ է կատարվում ԵՄ-ի ներսում»,- ընդգծել է Զախարովան` հավելելով, որ ԵՄ անդամակցությունը ենթադրում է ինքնիշխանության մասնակի կորուստ։ Ըստ նրա, թվում է, թե Երևանը ազգային հատկանիշով պայմանավորված է անդրադառնում այս կամ այն հարցին։



