Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք. Կանադայի վարչապետի նշանակալի ելույթը Դավոսում

Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ելույթի տեքստը հրապարակել է կանադական Global News լրատվամիջոցը։

Վարչապետը նշել է՝ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի ծառայում իր նպատակին և ո՛չ կանխատեսելիություն է ապահովում, ո՛չ էլ՝ անվտանգություն։

«Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում,- ասել է Քարնին։ -Կանոնները, որոնք մի ժամանակ սահմանափակում էին ուժը, լղոզվում են։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենն, ինչ իրենց է պարտադրվում»։

Քարնին հիմնվել է չեխ գրող Վացլավ Հավելից փոխառված գաղափարի վրա՝ նշելով, որ նախորդ կարգը հիմնականում գոյություն ուներ այն պատճառով, որ պետությունները համաձայնել էին «ապրել հարմարավետ ստի մեջ», հետևել արարողակարգերին և կանոններին նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք դադարել էին արդար լինել, սակայն, ըստ նրա, այդ կառուցվածքն այլևս չի գործում:

«Մենք ապրում ենք ոչ թե էվոլյուցիա, այլ բեկում»,- ընդգծել է նա։

Քարնին առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել տնտեսական ինտեգրման վրա, որն, ըստ նրա, ավելի ու ավելի է օգտագործվում որպես ճնշման գործիք:

«Չի կարելի շարունակել խոսել ինտեգրման միջոցով փոխադարձ օգուտի մասին, երբ ինտեգրացիան ինքնին դառնում է կախվածության և ենթակայության աղբյուր»,- հայտարարել է նա։

Կանադայի վարչապետի համոզմամբ՝ սակագները, առևտրային սահմանափակումները և ֆինանսական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը աշխարհաքաղաքական հարկադրանքի լծակներ են դարձել։

Քարնին միաժամանակ անդրադարձել է միջին չափի երկրների դերակատարությանը՝ ընդգծելով, որ Կանադայի նման պետություններն այլևս չեն կարող իրենց պասիվություն թույլ տալ: «Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է նա՝ համակարգված գործողությունների, ավելի ուժեղ ռազմավարական ինքնավարության և նոր դաշինքների ձևավորման կոչ անելով։

Միևնույն ժամանակ, Քարնին զգուշացրել է խուսափել պարզ լուծումներից:

«Հարցն այն չէ՝ արդյոք պետք է հարմարվենք, դա անխուսափելի է: Հարցն այն է՝ արդյոք պարզապես կկառուցենք ավելի բարձր պարիսպներ, թե՞ կարող ենք համագործակցության ավելի հավակնոտ ձև ստեղծել»,- նշել է նա։

Եզրափակելով իր ելույթը՝ Քարնին կոչ է արել հրաժարվել հին կարգի նկատմամբ կարոտախտից և սթափ գնահատել իրականությունը։

Ըստ նրա՝ միջազգային հարաբերությունների ապագան պետք է կառուցվի ոչ թե սովորության ուժի և պատրանքների վրա, այլ ուժի, խոցելիության և կոլեկտիվ գործողությունների անհրաժեշտության անկեղծ ըմբռնման վրա։

Հիշեցնենք, որ Դավոսում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է իր կանադացի գործընկերոջ ելույթին՝ հայտարարելով, որ «Կանադան ապրում է Միացյալ Նահանգների շնորհիվ»՝ պնդելով, որ Օտտավան պետք է շնորհակալ լինի Վաշինգտոնին, սակայն ինքը՝ Կանադայի վարչապետն, ըստ նրա, այնքան էլ երախտապարտ չէ։

Տեսանյութեր

Լրահոս