ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՄԵԶ ԹՇՆԱՄԻ ԴԱՐՁՆՈՒՄ 90 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԲԱՐԵԿԱՄ ԻՐԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԸ TRIPP-Ի ՏԵՍՔՈՎ ԿԱԽՎԵՑ ՄԵՐ ԳԼԽԻՆ. ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- ՄԱԿ-ի տարեկան շրջաբերվող գումարը, ընդհանուր տարեկան ծախսերն 8 միլիարդ դոլարի կարգի գումար է կազմում։ Թրամփը, սակայն, սկզբում համարում էր, որ ՄԱԿ-ին փոխարինող կառույցը պետք է լինի նորաստեղծ «Խաղաղության խորհուրդը»։ Նախ սկսենք նրանից, որ անդամավճարը՝ 1 միլիարդ դոլարը, Հայաստանն ի վիճակի չի լինելու վճարել։ Դա ահռելի ծախս է, որքան էլ Կառավարությունը հավանություն է տվել այդ խորհրդի կանոնադրությունը ստորագրելու առաջարկին։
Ամերիկան այլևս միտք չունի անել այն աներևակայելի ծախսերը, որոնք ժամանակին արել է՝ անտեսելով իր շահերը։ Երկար ժամանակ միջին եվրոպացին ավելի լավ էր ապրում, քան ԱՄՆ քաղաքացին։ Հիմա ԱՄՆ-ը այլևս չի ուզում ապահովել Միացյալ Եվրոպային՝ սեփական դոլարի անկման ու շուկայի փլուզման հաշվին։ Գրենլանդիան պիտի դառնա Ամերիկայինը, քանի որ դա ԱՄՆ-ին եզակի իրավունք կտա ուսումնասիրել նորվեգական շելֆին կից շելֆը ու քաղել համապատասխան օգուտներ։
Հիշեցնենք, այսօր Դավոսում Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է՝ իր նոր «Խաղաղության խորհուրդն» աշխատի Միավորված Ազգերի Կազմակերպության հետ «համագործակցությամբ», չնայած քննադատել է ՄԱԿ-ին՝ սպասելիքները չարդարացնելու համար: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «Խաղաղության խորհուրդը», որը նա ստեղծել է գլխավորապես Գազայի վերականգնմանը նպաստելու համար, վերջնական արդյունքում «կարող է» փոխարինել ՄԱԿ-ին։

- Թրամփը կշռում է ոչ միայն Հայաստանի, այլև առհասարակ հայության ունեցվածքը։ Նա գիտի՝ հայերն աշխարհով մեկ վերահսկում են 1 տրիլիոնից ավելի գումար ու կարող են վճարել պահանջվող գումարը։ Գազայի «Խաղաղության խորհուրդը», սակայն, մեզ որևէ բան չի տա, որովհետև մենք չենք կարող վերադարձնել այն, ինչ կորցրել ենք այս կառույցի միջոցով։ Որովհետև երբ դու այդ Խորհրդի անդամ ես, դու քո հարևանի հետ որևէ խնդիր չպետք է ունենաս։
- Եթե ԱՄՆ-ը ուզենա, հայոց Սփյուռքը կվճարի այդ գումարը, և դա ավելի զորեղ հարաբերություն կլինի, քան Հայաստանի կառավարություն-ԱՄՆ հարաբերություններն են։ Բայց դժվարանում եմ ասել՝ կապված համայն հայոց խնդիրների հետ, որքա՞ն է այդ խորհրդին անդամակցությունը մեզ համար ձեռնտու։ Մենք ունենք հարևան Իրան ու կարող ենք շատ լուրջ խնդիրների առաջ կանգնել։
- Անվիճելի է, որ ամերիկյան զինուժն աներևակայելի տեմպերով տեղափոխվում է Մերձավոր Արևելք։ Եթե առաջ միայն «Աբրահամ Լինկոլն» ավիակիրն էր գնում այնտեղ, հիմա նաև Ford ավիակիր հարվածային խումբն է և էլի ևս 3 ավիակիրներ, որոնք ուղևորվում են դեպի Մերձավոր Արևելք։
- TRIPP-ի բաժնեմասերի 74%-ն ԱՄՆ-ին և 26%-ը Հայաստանին բաժանումը ամերիկյան գերիշխանությունն ընդգծելու մասին է։ Դրա համար են այդկերպ բաշխվել բաժնեմասերը:
- Չմոռանանք, որ Էրդողանը հայտարարել է՝ լավ կլինի՝ Սյունիքը (Էրդողանը, Թուրքիան Սյունիքն անվանում են Զանգեզուրի միջանցք,- հեղ.) Հայաստանի կազմում ստանա ավտոնոմիայի կարգավիճակ։ Միևնույն ժամանակ աբխազական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրքիան այստեղ լուրջ ակտոր է։ Թուրքերը հայտարարել էին, որ կոտորելու են Աբխազիայում ապրող հայերին, և ռուսները ստիպված ուկրաինական ճակատից աբխազ հրամանատարի ղեկավարությամբ ստորաբաժանում դուրս բերեցին, տարան Աբխազիա, որ հայերին ձեռք չտան։ Այսինքն՝ թուրքերի համար հայերը թշնամի են։ Իշխանությունները հիմա որոշել են, որ այդ մասին չենք հիշելու. դրանով Թուրքիան փոխվելո՞ւ է։ Ո՞վ է որոշել, որ մենք հիմա բարեկամություն կարող ենք անել թուրքերի հետ։
Էրդողանն ինչո՞ւ է Սյունիքի ավտոնոմիա ուզում, որովհետև այդ ժամանակ իրենք դիմելու են այդ ավտոնոմիայի ղեկավարությանը ցանկացած հարցով։ Ուզելու են ճանապարհ լայնացնել, որ, ասենք, զենք տեղափոխեն, ցանկացած հարց լուծելու են… Իսկ մենք վստա՞հ ենք, որ այդ ավտոնոմիայի ղեկավարությունը նվիրյալներ են լինելու, որոնք թույլ չեն տալու հայկական շահի անտեսում։
Հիշեցնենք, թուրքական կողմից առաջ է քաշվում այն գաղափարը, որ եթե Հայաստանը չի ցանկանում տրամադրել «միջանցք» (որը կլինի արտատարածքային), ապա Սյունիքը՝ Զանգեզուրի միջանցքը, կարող է ստանալ հատուկ ինքնավար մարզի կամ գոտու կարգավիճակ Հայաստանի կազմում։ Սա թույլ կտա Թուրքիային և Ադրբեջանին ունենալ ավելի հեշտացված հասանելիություն այդ տարածքով։ Երբեմն սա համեմատվում է հայկական Նախիջևանի կարգավիճակի հետ (որն ինքնավար հանրապետություն է Ադրբեջանի կազմում):

- Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ նոր պատերազմական գործողություններին Ադրբեջանի տարածքից միայն ԱԹՍ-ներ չեն թռչելու։ Այսինքն՝ ասում է, որ այդ հատվածից զորք պետք է մտնի Իրան, որ հյուսիսային ադրբեջանցիների իրավունքները պաշտպանվեն։ Իրանն էլ հետևաբար որոշում է կայացրել փակել սահմանի այդ հատվածը։ Եվ սա մենք հաշվի չե՞նք առնում։
- Եթե ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ պարտված կողմ ենք, հնարավորություն չունենք սեփական շահերը պաշտպանելու, ապա Թուրքիայի ԱԳ նախարարն էլ պետք է աջակցություն հայտնի այդ պարտված իշխանությանը։

- Եթե եկեղեցում սկսվեց պառակտողական ընթացք, ոչ միայն մեր ինքնությունն է հարվածի տակ ընկնելու, այլև հայոց համաշխարհային պոտենցիալը։ Իսկ դրա այլընտրանքը մեզ համար ո՞րն է՝ հարավում գտնվող Թրամփի ճանապա՞րհը։ Ի՞նչն է պատճառը, որ մենք անտեսում ենք բազմաթիվ սպառնալիքներ. իշխանության վերարտադրությո՞ւնը։
- Եկեղեցին պետք է մնա իր դիրքերում, թույլ չտա որևէ պառակտում և հավատա, որ ինքն, ի վերջո, հաղթող է դուրս գալու այս իրավիճակից, ինչը և Եկեղեցին անում է։ Ես լիացած եմ այն քայլերով, ինչն այս իրավիճակում անում է Կաթողիկոսը։ Նա օծյալ է, Քրիստոսից հետո երկրորդ մարդը երկրի վրա։ Չի կարելի օծյալ Կաթողիկոսի հետ մտնել ուղիղ հակամարտության մեջ․ այդ դեպքում մենք կկորցնենք ոչ միայն Հայաստանը, այլև Սփյուռքը։ Հայերի քանակն աշխարհում լրջորեն կկրճատվի։
- Պատմության մեջ լիքը դեպքեր են եղել, երբ Եպիսկոպոսաց ժողովը եղել է ոչ Հայաստանում։ Այլ հարց է, որ Կաթողիկոս ընտրելու համար հավաքը պետք է տեղի ունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Բայց սա եպիսկոպոսաց միջոցառում է՝ ժողով, որտեղ կուզեն՝ կանեն։ Կքննարկեն, հազար ու մի հարց կլսեն, ու այն որոշումը, որը կկայացվի, կհամապատասխանի օրենքի ոգուն ու տառին։
- Կլինի մոլդովական, մերձբալթյան թե մեկ այլ եկեղեցի, դրանք համաշխարհային կառույց չեն ու իրենց ուսերին չեն պահում ազգի ինքնությունը, ինչպես Հայ Առաքելական եկեղեցու դեպքում է։
- Շատ տարիներ առաջ, երբ մեր ֆալուլկտետի դեկանը դեռ Շահե արքեպիսկոպոսն էր, Իսրայելում որոշեցին, որ հայերն իրենց տիրապետության տակ եղած տարածքներից Երոսաղեմում պետք է մի քանի մետր հետ քաշվեն, իսկ դա հսկայական տարածք էր։ Շահե արքեպիսկոպոսը հեռախոսը վերցրեց ու այնպիսի խոսակցություն ունեցավ Երուսաղեմի քաղաքապետի հետ, որ հարցն անմիջապես փակվեց։
- Մեծ Թուրանը՝ TRIPP-ի տեսքով, կախվեց Հնդկաստանի գլխին, ու հիմա հնդիկները պետք է աղերսեն, որ Պակիստանն իր վրա չհարձակվի, որովհետև Պակիստանի հետ պատերազմը լինելու է ողջ Թուրանական աշխարհի պատերազմը։
- TRIPP-ի միջոցով ԱՄՆ-ը իր հետաքրքրությունն ու շահերն է սպասարկում. Այո, նրան հետաքրքրում են Սյունիքում եղած թանկարժեք հանքանյութերը, բնական պաշարները https://168.am/2026/01/18/2345964.html , թանկարժեք մետաղները, ռեսուրսները:
- Թորիումն այն հումքն է, որից չինացիները կառուցել են առաջին ատոմակայանը, որը բացարձակ չունի ճառագայթում, այսինքն՝ կատարելապես անվտանգ է։ Սա է ամբողջը։ Սյունիքը նաև դրանով է հետաքրքիր։
Հիշեցնենք, 2023 թվականին Չինաստանի իշխանությունները պաշտոնապես թույլատրեցին գործարկել աշխարհում առաջին թորիումային հալված աղային ռեակտորը (TMSR-LF1), որը գտնվում է Գոբի անապատում (Գանսու նահանգ)։
Թորիումը համարվում է ապագայի վառելիք, քանի որ այն ավելի շատ է բնության մեջ, քան ուրանը, և ավելի անվտանգ է։
Սյունիքում թորիումի զգալի պաշարներ կան, և, առհասարակ, Հայաստանի ընդերքը հարուստ է, այսպես կոչված, «ռադիոակտիվ հազվագյուտ տարրերով», որոնց մեջ թորիումը զբաղեցնում է կարևոր տեղ։ Ըստ տարբեր աղբյուրների, Սյունիքի մարզում թորիումի ամենամեծ կուտակումները կապված են Լեռնաձորի (Քաջարանի մոտ) և փիրուզային հանքավայրերի հետ։ Դեռևս խորհրդային տարիներին կատարված հետախուզական աշխատանքները ցույց են տվել, որ Սյունիքի բազմամետաղային հանքավայրերում (պղինձ, մոլիբդեն) թորիումը հանդես է գալիս՝ որպես ուղեկցող տարր։ Ըստ նույն աղբյուրների , երկրաբանները նշում են, որ Հայաստանում թորիումի պաշարները կարող են լինել զգալիորեն ավելի շատ, քան ուրանինը։ Որոշ գնահատականներով՝ Հայաստանի թորիումի պաշարները կարող են բավարարել երկրի էներգետիկ կարիքները հարյուրավոր տարիներ, եթե կիրառվեն չինական TMSR-ի նման տեխնոլոգիաներ։
Նշվում է, որ 1 տոննա թորիումը կարող է արտադրել նույնքան էներգիա, որքան 200 տոննա ուրանը կամ 3,5 միլիոն տոննա ածուխը։
Որպես աղբյուր՝ նշվում է Հրաչյա Ավագյանի «Հայաստանի հանքահումքային պաշարները» գիրքը (2011թ.), որտեղ նշվում է Սյունիքի և Վայոց ձորի տարածքներում ռադիոակտիվ տարրերի, այդ թվում՝ թորիումի և ուրանի պոտենցիալ կուտակումների մասին։
Ի դեպ, ինչպես հայտնի է՝ ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման հնարավորությունը: Մոդուլային միջուկային ռեակտորների մեջ օգտագործվում է նույն թորիումը, այդ իսկ պատճառով հաճախ կոչվում են փոքր մոդուլային թորիումային ռեակտորներ:

- Թուրանն իրականություն է դառնում մեր աչքի առաջ, ու մեր իշխանությունն օգնում է դրան։
- Երկրի մեջ չկա որևէ կառույց, որը քաղաքականությունից դուրս է՝ լինի Եկեղեցի՞ն, թե՞ մեկ այլ, ասենք, մշակութային կառույց։ Եթե խոսում են Եկեղեցու փողերից, իսկ աշխարհում ո՞ր եկեղեցին է, որ ապրում է իր, այլ ոչ թե նվիրատուների հաշվին։ Քրիստոնեից եկեղեցին այս առումով ամենատուժածն է․ շատ ավելի մեծ գումարներ են նվիրաբերվում հինդուիզմին ու իսլամին։ Այստեղ որտե՞ղ է մեր եկեղեցու հանցանքը։ Եթե հանցանք է, ուրեմն բերեք բոլոր եկեղեցիները փակենք, որովհետև միայն մոմավաճառությամբ համաշխարհային կառույց հնարավոր չէ պահել։
- Հայաստանում 90%-ից ավելին հայ քրիստոնյաներ են։ Իշխանության հաշվարկը սխալ է։ Մեր ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հասկանում է։ Այս հակաեկեղեցական ընթացքը չի կարող լինել տևական ծրագիր։
- Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների և հարակից կեղծ օրակարգերով, այդ թվում՝ հակաեկեղեցական աղմուկի պայմաններում, համեմատաբար անցավ ուզում է հասնել իր նպատակներին։ Իսկ եկեղեցու վարկանիշը բացարձակ չի իջել։ Սա կարևոր է, որովհետև իր պատվիրատուների համար կարևորը թվերն են։
- Սրբազաններին կալանքի տակ պահելով՝ իշխանությունը ճնշում է գործադրում եկեղեցական կառույցի վրա։

- 2018թ․, երբ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» հակաեկեղեցական շարժման ներկայացուցիչները գրավել էին Վեհարանը, ես այնտեղ էի։ Ես համարեցի, որ Հայոց Վեհափառին քաշքշելն անսրբություն է, ու խնդրեցի վերջ տալ դրան։ Չի կարելի դուրս գալ համաշխարհային կառույցի դեմ։
- Ինձ համար ցավ է, որ ռեպրեսիաների ալիքը ոչ միայն ներկայիս հոգևորականների վրայով է անցնում, այլև անցել է անգամ Վազգեն Վեհափառի վրայով, մարդ, ով Ֆրանսիայում քաղցկեղից բուժվում էր, բայց թողեց, եկավ, որ Հայաստանում, աչքերում՝ Սուրբ Էջմիածնի պատկերը, մեռնի։
- Իրանի հետ կապված իրավիճակը մեր գլխին կախված երկսայրի սուր է։ Մի կողմից դա կախված է նրանից, թե ինչ ուժգնության հարված կհասցվի Իրանին։ Այդ դեպքում փախստականների մեծ հոսք կլինի, ինչը մեզ կդնի ծանր կացության մեջ։ Մյուս տարբերակում, եթե այդ հարվածը չի լինում, ու Իրանը կարողանում է դուրս գալ այս իրավիճակից, մենք կունենանք ծանր խզման վտանգ։ Պետք է ամեն ինչ անել, որ Իրանը՝ մեզ համար բարեկամ երկիրը, մեզ չդիտի որպես թշնամի։ Եթե անգամ այնպիսի անտանելի ճնշում կար, որ ՀՀ իշխանությունը ոչինչ չէր կարող անել, գոնե պետք է պաուզա վերցներ։ Դիմացդ 90 միլիոն բնակչություն ունեցող, հզոր ներուժով պետություն է, ու ինչո՞ւ նրան դարձնես քեզ թշնամի։ Իրանը չափից ավելի կռու ընկույզ է՝ այն կոտրելու համար։ Իրանում գոյություն ունեցող ռեժիմը, չնայած տնտեսական խնդիրներին, խիստ ռեզիստանտ է, կայուն է։
- Սոլովյովը՝ որպես ԶԼՄ ներկայացուցիչ, ծայրահեղական գնահատականներ է տալիս, որը փոթորիկ է առաջացնում։ Իսկ ինչո՞ւ նույն կերպ չարձագանքեցին, երբ Իրանն ասաց՝ եթե Սյունիքով ճանապարհը տան, կանցնի Հայաստանի վրայով ու կմտնի Նախիջևան։ Սոլովյովն ակնարկեց, որ Ռուսաստանը կգործի ծայրահեղ ռադիկալ, եթե իր ազդեղցության տարածքների նկատմամբ հավակնություններ ցուցաբերվեն։ Չեմ կարծում, որ դրա համար արժեր դեսպանին կանչել, բողոքի նոտա հղել։
- Վարձկանը որևէ օրենքով չի կարող պաշտպանվել։ Դա վարձկան է, ով ուրիշ երկիր է եկել սպանելու նպատակով։ Ոչ մի միջազգային օրենք նրանց չի պաշտպանում։ Եթե այսօր նրանց հետ ենք տալիս, վաղը նրանք հետ են գալու ու հավանաբար՝ կրկին մեր դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։
