Թրամփը Դավոսում հայտարարել է կրիպտո շուկան կարգավորելու ջանքերի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատում է ԱՄՆ-ն աշխարհի «կրիպտո մայրաքաղաքը» մնալու ուղղությամբ։ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթ ունենալով՝ նա ասել է, որ աշխատում է Կոնգրեսի հետ, որպեսզի «շուկան գործի և Bitcoin-ը օրինականացվի»։ Թրամփը սա անվանել է «Ամերիկայի ֆինանսական ազատությունն ապահովելու նոր միջոց»։

Անցյալ շաբաթ հաղորդվել է, որ ԱՄՆ-ում կրիպտոարժույթների շուկան կարգավորող օրենսդրության ընդունումը կանգ է առել։ Սենատի բանկային հանձնաժողովը հետաձգել է իր կողմից ներկայացված օրինագծի քվեարկությունը։

Ֆորումում իր ելույթում Թրամփը նաև նշել է, որ Չինաստանը ցանկանում է վերահսկողություն հաստատել կրիպտոարժույթների շուկայի նկատմամբ, սակայն Միացյալ Նահանգները «պայքարել է այդ ուղղությամբ»։ Նա նշել է, որ «ամեն ինչ» պետք է արվի, որպեսզի Չինաստանը վերահսկողություն չստանա այս ոլորտի նկատմամբ։

Թրամփի ելույթից առաջ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նկարագրել է բիթքոյնի պահուստ ստեղծելու գործադիր հրամանագրի առաջընթացը, որը ստորագրվել էր անցյալ տարվա մարտին։ Բեսենթի խոսքով՝ այս գործադիր հրամանագրի շրջանակներում ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է բռնագրավված կրիպտոարժույթների վաճառքը։

Բիթքոյնը ԱՄՆ նախագահի ելույթից հետո աճել է մոտ 2%-ով՝ կրկին գերազանցելով 90,000 դոլարը։

b24.am

Տեսանյութեր

Լրահոս