Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ռուսաստանի ազդեցության գոտին էականորեն փոքրացել է՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավոսում տեղի ունեցած քննարկման ժամանակ նա նշել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը չի հասել ռազմավարական հաղթանակների՝ չնայած մեծ մարդկային և տնտեսական կորուստներին։
«Ինչի՞ է հասել Ռուսաստանը վերջին չորս տարիների ռազմական գործողությունների արդյունքում։ Գրավել է Ուկրաինայի տարածքի շուրջ 20 տոկոսը, և այդ ընթացքում կրել է մոտ մեկ միլիոն մարդկային կորուստ»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը։
Ստուբի խոսքով՝ պատերազմը հանգեցրել է նաև Ռուսաստանի ազդեցության կրճատմանը միջազգային մակարդակում։
«Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները հեռանում Ռուսաստանի ազդեցությունից»,-հավելել է նա։
Ֆինլանդիայի նախագահը անդրադարձել է նաև Ռուսաստանի տնտեսական վիճակին՝ նշելով, որ երկրի տնտեսությունը կանգնած է լուրջ խնդիրների առաջ։«Եթե հաշվի առնենք տարվա առաջին երկու շաբաթների գնաճի տեմպերը, ապա հնարավոր է ունենալ շուրջ 30 տոկոս գնաճ, 16 տոկոս տոկոսադրույքներ, զրոյական տնտեսական աճ, ֆինանսական ռեզերվների պակաս և պատերազմի ավարտից հետո զինվորներին վճարելու անկարողություն»,- ընդգծել է Ստուբը։
