«Կհորդորեի՝ հանրությունը 1 մլրդ դոլար հավաքի ու տա իշխանություններին՝ որպես նրանց ճանապարհելու ծախս, որ հագենան». Թաթուլ Մանասերյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել է «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին և խորհրդին անդամակցելու համար աշխարհի տարբեր առաջնորդներին անդամակցության առաջարկներ էր ուղարկել։ Սակայն անդամակցելու համար կա պայման՝ յուրաքանչյուր երկիր պետք է 1 միլիարդ դոլար վճարի կազմակերպությանը։
ԱՄՆ նախագահի կողմից ստեղծվող խորհուրդը Գազայի հատվածում խաղաղության պահպանելու վերահսկողության համար է, Խորհրդին անդամակցելու համար Նիկոլ Փաշինյանը ևս ստացել է Թրամփից առաջարկ։
Մինչ այս ընթացքում ՔՊ-ական տարբեր պատգամավորներ ասում են, թե չգիտեն՝ Հայաստանը արդյո՞ք 1 մլրդ դոլար կկարողանա վճարել՝ կառույցին անդամակցելու համար, երեկ Կառավարությունը գրավոր ընթացակարգով որոշում է ընդունել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին:
Այսօր առավոտյան նույնիսկ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այս մասին չգիտեր, քանի որ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նա լրագրողներին հորդորեց այդ հարցով դիմել Կառավարության աշխատակազմին՝ տեսնելու, թե արդյո՞ք այդ գումարը կվճարի Հայաստանը։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ նախ այդ կառույցին անդամակցելու հրավեր ուղարկողները պետք է մի քիչ բաց աչքերով նայեն իրականությանը, գոնե տեսնեն, թե որ երկրի ղեկավարությանն են հղում իրենց հրավերը։

«Եթե այդ մարդիկ չեն գիտակցում, որ դա բավականին լուրջ գումար է առաջին հերթին խաղաղությանն ու անվտանգությանը միտված միջոցառումների, տնտեսական անվտանգության, սոցիալական խնդիրներ լուծելու առումով, կարծում եմ՝ սա առաջին հերթին հրավիրողների գիտակցության խնդիրն է, երկրորդը՝ ընդունողների։ Բոլորովին պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ այդ գումարները տնտեսության ներսում չկա, իրենք են ասում, որ մենք փող չունենք և չենք կարող։ Ըստ իս, սա ոչ թե տնտեսական ու քաղաքական հարց է, այլ բարոյական»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Մանասերյանը։
Ըստ Թաթուլ Մանասերյանի, իշխանությունները չեն ուզում փող տալ երկիրը շենացնողներին, նաև թոշակառուներին, որոնց աղքատության ճիրաններից հանելու համար շատ ավելի համեստ գումարներ են պետք։
«Այս թոշակառուներից շատերը մեր երկիրն են շենացրել, համեստ գումարներով ոչ միայն աղքատության, այլև մահվան ճիրաններից կարող են այդ մարդկանց հանել։ Այն գումարը, որը վճարում են թոշակառուներին, նկատի ունեմ նվազագույն գումարը, դա չի բավարարում պարենային զամբյուղը ծածկելու համար։ Այսինքն՝ չմեռնելու գինն ավելի բարձր է, քան կենսաթոշակը։ Իրականում իշխանությունը կարծես ծաղրում է թոշակառուներին, որոնց միջոցով, նաև նրանց հարկերով իրենց աշխատավարձն ու պարգևավճարներն են ստանում»,- շեշտեց Թաթուլ Մանասերյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ ՀՀ կառավարությունն այս 1 մլրդ դոլարը վճարելու համար կրկին պարտք վերցնի, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց՝ հնարավոր է, բայց այդ դեպքում ո՞վ է երաշխավորում, որ Հայաստանն անհավասարակշիռ հարևանների հարձակումներից զերծ կմնա, եթե 1 չէ, այլ նույնիսկ 11 մլրդ դոլար վճարեն այդ կառույցին։
«Սա և՛ ներքին, և՛ արտաքին խնդիր է, ուղղակի շատ են խոսում արհեստական բանականության մասին, բայց մարդկանց մոտ նախ պետք է բնական բանականություն լինի, որպեսզի օգտագործեն արհեստական բանականությունը։ Ինքս այս իշխանություններին խորհուրդ չեմ տա, թե այս 1 մլրդ դոլարը եթե կա, ինչպես օգտագործեն, անիմաստ է, բայց կհորդորեի, որ հանրությունը 1 մլրդ դոլար հավաքի ու տա իշխանություններին՝ որպես նրանց ճանապարհելու ծախս, որ հագենան իրենց պարգևավճարների ու մնացած հարցերի համար»,- ընդգծեց Թաթուլ Մանասերյանը։
Նշենք, որ այսօր ԱԳՆ-ից News.am-ին ասել են, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով»։
Նշենք, որ «Խաղաղության խորհրդում» մշտական տեղ ստանալու համար երկրներից պահանջվում է 1 միլիարդ դոլարի ներդրում։ Իսկ այն երկրները, որոնք չեն վճարում սահմանված 1 միլիարդ դոլար անդամավճարը, ըստ հայեցակարգի, հայտնվում են սահմանափակ կարգավիճակում։ Նրանք չեն հեռացվում գործընթացից ամբողջությամբ, բայց զրկվում են որոշումների կայացման լծակներից։ Կարող են ունենալ նաև «դիտորդի» կարգավիճակ (Observer Status). նման երկրները կարող են ներկա գտնվել նիստերին կամ տեղեկացված լինել ընթացող բանակցություններից, բայց նրանք չեն ունենալու քվեարկության իրավունք և չեն կարող ազդել որևէ հարցի, գործընթացի վրա:
Ըստ որոշ միջազգային ԶԼՄ-ների, Թրամփը բազմիցս նշել է, որ այն երկրները, որոնք կհրաժարվեն վճարել (հատկապես՝ հարուստ երկրները), կարող են բախվել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սառեցմանը կամ նույնիսկ մեղադրվել «խաղաղությանը չնպաստելու» մեջ։ Հետևաբար, հարուստ երկրներից (ԵՄ, Ճապոնիա, Ծոցի երկրներ) ակնկալվում է վճարել 1 միլիարդ դոլարը, հակառակ դեպքում նրանք կկորցնեն իրենց ազդեցությունը տարածաշրջանում։

Աղքատ կամ պատերազմող երկրների համար կարող են գործել հատուկ վարկային մեխանիզմներ, կամ նրանք կարող են ներկայացված լինել միայն որպես խնդրի կողմ՝ առանց որոշում կայացնելու իրավունքի։
Մի քանի երկրներ (Գերմանիա, Ֆրանսիա) և միջազգային կառույցներ բացահայտ դժգոհություն են հայտնել կամ պաշտոնապես հրաժարվել են վճարել 1 միլիարդ դոլար «մուտքավճարը»։ Եվրամիության առաջատար որոշ երկրներ սա անվանել են «դիվանագիտության առևտրայնացում»: Բացի այդ, ԵՄ-ն արդեն իսկ միլիարդավոր եվրոների մարդասիրական օգնություն է տրամադրում, և լրացուցիչ «անդամավճարը» համարում են անարդար: Նրանք հայտնվել են «դիտորդի» կարգավիճակում, ինչը լարվածություն է ստեղծել Վաշինգտոնի և Բրյուսելի միջև։ Իրանը կտրուկ մերժել է նախաձեռնությունը՝ այն անվանելով «ամերիկյան շանտաժ»:
Ռուսաստանը սկզբունքային համաձայնություն է տվել՝ միանալ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին» (Peace Council), սակայն որոշակի պայմաններով։ Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է վճարել այդ գումարը, բայց ոչ թե բյուջեից, այլ ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվների հաշվին: Շեշտվել է, որ այդ 1 միլիարդը պետք է ուղղվի հատկապես Պաղեստինի և Գազայի հատվածի վերականգնմանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի և պաղեստինցի ժողովրդի հատուկ հարաբերությունները։ Ռուսաստանը նաև առաջարկել է, որ ԱՄՆ-ում մնացած մյուս սառեցված ակտիվները հետագայում կարող են օգտագործվել ռազմական գործողություններից տուժած տարածքների վերականգնման համար՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։
Ի դեպ, երեկ տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը կարճ տեսանյութ էր հրապարակել, որում ոչ միայն սկանդալային թվեր է ներկայացնում, այլև մանրամասն ներկայացնում է, թե Կառավարությունն ինչպես է 2 մլրդ 800 մլն դոլար նոր պարտք վերցրել և… պարտք փակել:
Հուսանք՝ Փաշինյանը նոր պարտք (վարկ) չի ավելացնի պետության և սերունդների ուսերին՝ Թրամփի «էլիտար կլուբում» հայտնվելու և լուսանկարվելու համար:
