Էդ ո՞ւմ գրպանից է Նիկոլ Փաշինյանն այդ 1 միլիարդը վճարելու. Նաիրա Զոհրաբյանը բոնապարտիզմի սրված սինդրոմ է նկատում Թրամփի մոտ

Հայաստանի անդամակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդին ոչինչ չի տալու Հայաստանին։ Այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից Դավոսում նշված կազմակերպության կանոնադրությունը ստորագրելու մասին։

«Տպավորություն ունեմ, որ Թրամփի մոտ շատ սրված է բոնապարտիզմի և նապոլեոնիզմի սինդրոմը։ Դա լուրջ հոգեբանական խեղում է։ Միայն այն «մուննաթ» տոնը, որով նա պատասխանեց և գրեթե սպառնաց Նորվեգիայի վարչապետին, թե ինչու իրեն չեն տվել Խաղաղության Նոբելյան մրցանակը, և Նորվեգիայի վարչապետը ստիպված եղավ բացատրել, որ իրենք չունեն ազդեցություն Նոբելյան հանձնաժողովի վրա, և այդ մոլուցքը, որով այդ մարդը փորձում է ինչ-որ մի բանի համաշխարհային, տիեզերական, գալակտիկական կենտրոն դառնալ, դա հոգեբանական խեղում է», – մեկնաբանեց Նաիրա Զոհրաբյանը։

ԱԺ նախկին պատգամավորի տպավորությամբ՝ Թրամփի վարչակազմը փորձում է ՄԱԿ-ին զուգահեռ կառույց ստեղծել կամ այլընտրանք Միավորված ազգերի կազմակերպությանը, սակայն թե ինչ է տալու Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհուրդը Հայաստանին՝ մեծ հարց է։ Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ Հայաստանին այն ոչինչ չի տալու.

«Ի՞նչ է դա տալու Հայաստանին՝ բնականաբար, ոչինչ, քանի որ ես շատ քիչ հավանական եմ համարում, որ ընդհանրապես այդ կառույցը գործնական առումով կայանա՝ բացի PR բաղադրիչից։ Ոչինչ չի տալու։ Պարզապես սրանք, չեմ ուզում ավելի կոպիտ բառ ասեմ, անառողջ մարդու անառողջ հավակնություններ են, որն անընդհատ ասում է. «Ես պատմության մեջ պիտի մնամ»։ Կարելի է Գրենլանդիային սպառնալով մնալ, կարելի է նաև ինչ-որ ֆորումներ ստեղծել՝ դուրս գալով ՄԱԿ-ի կայացած կառույցներից»։

Կարդացեք նաև

Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անհրաժեշտ է վճարել 1 միլիարդ դոլար անդամավճար։ Ո՞ւմ գրպանից է Հայաստանի կառավարությունը վճարելու այդ 1 միլիարդ դոլարը՝ հարց է բարձրացնում Նաիրա Զոհրաբյանը և պատասխանում իր հարցին՝ հպարտ հարկատուների և 3 միլիոն վարչապետերի։

«Ինչպես հասկացա ԱԳՆ պարզաբանումից՝ Հայաստանը երեք տարի ունի այդ գումարը վճարելու համար, բայց նույնիսկ երեք տարի հետո, երբ Երևանը տարածաշրջանի ամենաթանկ քաղաքն է դառնում, աղքատությունը գնալով ավելանում է, կենսաթոշակները չեն բավարարում նույնիսկ սպառողական զամբյուղի կեսը, նույնը՝ նվազագույն աշխատավարձը, և այս ֆոնին ես հարց ունեմ՝ էդ ո՞ւմ գրպանից են, թեկուզ երեք տարի հետո, եթե, իհարկե, շատ վատ բան տեղի ունենա, և հունիսի 7-ին այս իշխանությունը վերարտադրվի, այդ 1 միլիարդը վճարելու։ Պատասխանը պարզ է՝ հպարտ հարկատուների և երեք միլիոն վարչապետերի գրպանից, որոնք այսօր, ներեցեք արտահայտությանս համար, դարձել են գազար, որոնց կառավարությունը քերիչով քերում է», – նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 22-ին, Նիկոլ Փաշինյանը Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով մասնակցել է Խաղաղության խորհրդի ստորագրման արարողությանը։ Հայաստանի կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը ստորագրելու առաջարկությանը։ ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել Խաղաղության խորհրդին առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա  է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ Ըստ Արտգործնախարարության՝ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այդ հիմունքներով։

Ավելի վաղ «168 Ժամ»-ը գրել էր, որ  «Խաղաղութան խորհրդի» մշտական անդամություն ստանալու համար պետք է վճարել 1 միլիարդ դոլար:

 

 

Տեսանյութեր

Լրահոս