«Ո՞նց կարա տենց բան լինի, չէ՞ որ սա հայկական հողեր ա, ո՞նց կարան մեզ ասեն՝ դուրս եկեք այստեղից». Կայան գյուղի բնակիչ
Նախորդ շաբաթ «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպությունը հայկական ԶԼՄ-ների համար այց էր կազմակերպել Տավուշի մարզի այն բնակավայրեր, որոնք հնարավոր է՝ հանձնվեն Ադրբեջանին, ըստ նախորդ շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ դրված փաստաթղթի:
«Նախկին ադրբեջանական անկլավը սկսվում էր Ազատամուտի արվարձանից, վերջանում Կայան գյուղում։ Այսինքն՝ ԽՍՀՄ վարչական սահմանների տրամաբանությամբ քայլում ենք ադրբեջանական անկլավի տարածքով»,- Կայան գյուղում 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Քաղաքագետի խոսքով՝ այն, որ Ազատամուտը և Կայանը հայկական են, ոչ ոք չի վիճարկում, բայց․
«Այն քարտեզները, որով իրենք գալիս են, իսկ դա Google մասնավոր ընկերության տվյալապաշարների հիման վրա գծված քարտեզն է, այդ քարտեզներով, որը, իհարկե, իր հերթին՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա է, բայց կարող է նաև մետրերի տարբերությունններ լինել, այս դեպքում մետրերն արժենալու են ամբողջ բազմաբնակարան շենքեր․․․»։
Կայանի բնակիչները լսել են իրենց գյուղերի հնարավոր հանձնման խոսակցությունները, բայց վստահեցնում են՝ մնալու են և ապրեն իրենց գյուղում, քանի որ այն հայկական եղել է, հայկական էլ կմնա:
«Ո՞նց կարա տենց բան լինի, չէ՞ որ սա հայկական հողեր ա, ո՞նց կարան մեզ ասեն՝ դուրս եկեք այստեղից»,- ասաց բնակիչներից մի կին։
Կայանի բնակիչներից Ժորան ևս վստահեցնում է, որ քարտեզով իրենց գյուղը հայկական տարածքում է.
«Մեր սահմանը մինչև «Հայոց օջախ»-ն է, որ իրենք քանդել են։ Մեր նախկին քարտեզով, մեր տավուշյան քարտեզով նշված է, որ սա մեր հողն է, իրականում մինչև ջրամբարը մեր հողերն են, մինչև այդտեղ մեր սահմանն է։ Իրենք այստեղ հող չունեն, դա ուղղակի իրենց պահանջն է՝ գան այս գյուղում ապրեն, որովհետև իրենց Ադրբեջանում լավ չեն վերաբերվում․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում