Այ, հենց սա է Փաշինյանի վարկանիշի իրական պատկերը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Վերջերս Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում «Իմ քայլը» խմբակցության կողմից տարածված հայտնի հայտարարությունից հետո, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, իշխանական ներկայացուցիչները, դրանց թվում՝ նաև խորհրդարանում ծվարածները, սկսել են մի տեսակ ակտիվանալ։ Իհարկե, ոչ բոլորը, հիմնականում այն մի քանի «մահապարտները», որոնք նետվում են հրապարակ՝ պայքարելու հանուն իշխանության: Սակայն երբեմն ամեն ինչ վերածվում է անհեթեթության: Դիտավորյալ, թե ոչ, այլ հարց է: Սակայն փաստը մնում է փաստ, որ «իմքայլականները» ակնհայտ ուզում են բոլորիս համոզել, որ առանձնապես մեծ բան չի եղել, կմոռացվի…
Օրինակ՝ այլ կերպ չես բնութագրի այն հանգամանքը, որ այս փուլում, երբ Փաշինյանի վարկանիշը շեշտակի անկում է ապրում, ավելին՝ հասել է իր համար պատմական «հակառեկորդի» ու շարունակում է ընկնել, իշխանական պատգամավորները արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը բացառելու նպատակով շարունակում են պնդել, թե իշխող ուժը հիմա էլ է վայելում հանրության լայն շրջանակների վստահությունը։ Ավելին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր խոսքում չի բացառում, որ «Իմ քայլի» վարկանիշն իջել է, սակայն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը։ Դա քիչ չէ, հետո էլ իշխանության անսասանությունը ի ցույց դնելու համար Սիմոնյանը հայտարարում է, թե դժվար վիճակից «Իմ քայլը» խմբակցությունը կարողացավ դուրս գալ ընդամենը 3-4 պատգամավոր կորցնելով։
Չէ, պատկերացնո՞ւմ եք, պատերազմի պատճառ դարձած, հսկայական տարածքների կորստի, հինգ հազարից ավելի զոհերի, հազարավոր մարդկանց հաշմանդամության, բազմահազար ընտանիքների ունեզրկման, հայրենազրկման պատճառ դարձած իշխանությանը հուզում է միայն իրենց խմբակցության ունեցած «կորուստը»։
Հիմա՝ վարկանիշի մասին: Հիշո՞ւմ եք՝ ժամանակին մի երկու անգամ Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար հեծանիվով աշխատանքի գնաց: Ճիշտ է, մի քանի թիկնապահներ ևս հեծանիվով ուղեկցում էին, բայց, դե, փաստ է, որ մարդը հեծանիվով էր անցնում փողոցներում: Իսկ այսօ՞ր: Փաշինյանն այսօր անվտանգության տասնյակ աշխատակիցների ու հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ է աշխատանքի գնում, ճանապարհներ են փակվում, որ նրան ուղեկցող շարասյունը հրապարակից կեցավայր կամ հակառակ ուղղությամբ երթևեկի:
Նույնիսկ որևէ նախարարություն այցելելիս են ոստիկանական պատնեշ ապահովում, որպեսզի «հպարտ քաղաքացիները» հնարավորություն չունենան մոտենալ նրան և ամոթանք տալ ժողովրդի շահերը գետնով տալու համար։ Եվ ընդհանրապես, «ամենաբարձր վարկանիշ» ունեցող Փաշինյանը ամեն կերպ խուսափում է հանրության հետ շփումներից, իսկ երբ անհրաժեշտություն է առաջանում ցույց տալ, որ ինքը շփվում է մարդկանց հետ, ապա դրա համար պատահական մարդկանց փոխարեն նախապատրաստվում են բացառապես իշխանության աջակիցները, որպեսզի ուղիղ եթերում չհայտնվեն կողմնակի մարդիկ, որի արդյունքում էլ Փաշինյանը կհայտնվի անհարմար իրավիճակում։ Սա՝ մեղմ ասած:
Այ, հենց սա է Փաշինյանի վարկանիշի իրական պատկերը։ Եվ ստացվում է, որ Փաշինյանին հռչակելով ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչ՝ «քայլողները» ոչ միայն ծաղրում են ժողովրդին, այլև անարգում ու վիրավորում են քաղաքացիների արժանապատվությունը։ Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով:
Ուղղակի անհնար է, որ հայ ժողովրդի մեծամասնությունն այդքան ոչ հայրենասեր, ինտելեկտուալ ցածր մակարդակ ունեցող ու իրականությունից կտրված լինի, այդքան անհայրենիք լինի, որ շարունակի սատարել ստի, խաբեության, պարտության, կապիտուլյացիայի ու բոլոր առումներով ձախողումների խորհրդանիշ Փաշինյանին։ Ընդհակառակը, տեսնելով երկրում առկա բարձիթողի իրավիճակը և հակառակորդի՝ օրեցօր ավելացող ախորժակը, նույնիսկ հասարակության այն հատվածը, որը ժամանակին մեծ հույսեր էր կապում Փաշինյանի հետ, լիովին հիասթափված է։
Սակայն այստեղ կա մի կարևոր հոգեբանական գործոն ևս. իշխանությունները ոչ միայն կրկին մանիպուլյացիաների են դիմում, ոչ միայն փորձում են ազդել հանրային տրամադրությունների վրա, ոչ միայն փորձում են մարդկանց ուղեղներից ջնջել պատերազմի ծանր հետևանքները, այլև սկսել են նույնիսկ իրենք հավատալ իրենց իսկ հորինած հեքիաթներին։ Նրանց թվում է, թե ինչպես այսքան ժամանակ կարողացել են «ջրից չոր դուրս գալ», այս անգամ ևս իրենց մոտ ստացվելու է։ Բայց փորձը ցույց է տալիս, որ ժողովրդի ցասման պոռթկումը կարող է այնքան հանկարծակի ու միանգամից լինել, որ իրենք այդպես էլ չհասցնեն ուշքի գալ։ Առավել ևս, որ իրենք քաղաքական ուղիների համար որևէ տեղ չեն թողել: Գոնե պետք է պատմության դասերը սերտել»