Գունավոր հեռուստացույցի հրաշագործը. նավթարդյունաբերողի որդին՝ հանուր մարդկության
Կա՞ արդյոք մի բնագավառ, որտեղ ցոլացած չլինեն հայ գենի միտքն ու հանճարը, որի գյուտերով, հայտնագործություններով ու արարումներով մարդկությունը առաջընթաց քայլ կատարած չլինի: Դժվար է պատկերացնել: Այդ նրանցով է նաեւ աշխարհը ճանաչում հային ու աշխարհի քարտեզի վրա հազիվ նշմարվող Հայաստան երկիրը, որի աշխարհաճանաչ զավակներից մեկն էլ Հովհաննես Ադամյանն է:
Ճարտարագետ-գյուտարարը ծնվել է 1879 թ. փետրվարի 5-ին Բաքվում: Նրա հայր Աբգարը նավթարդյունաբերող էր եւ դեռ դպրոցական հասակից էր նկատել, որ որդին չափազանց հետաքրքրասեր է, ունի պրպտուն միտք ու զբաղմունքների լայն շրջանակ: Հետագայում Ալեքսանդր Շիրվանզադեն նրան պիտի բնութագրեր որպես «հավերժական ուսանող», քանզի օրերով հայրական գրադարանից դուրս չեկող, ջութակ նվագող, շախմատ խաղացող Հովհաննեսն ուսանելու էր Ցյուրիխի, Բեռլինի, Մյունխենի համալսարաններում, իսկ հռչակավոր Սորբոնի լսարաններում մասնակցելու էր դասախոսությունների: Նա գիտելիքներ էր ամբարում՝ ակնկալելով, որ վաղ թե ուշ իր առջեւ բաղձալի դռներ են բացվելու: Օժտված լինելով արտակարգ ընդունակություններով՝ տակավին ուսանող՝ տիրապետում էր եվրոպական մի շարք լեզուների:
Գյուտարար-ճարտարագետի որակավորում ստանալուց հետո Հովհաննես Ադամյանն զբաղվում է պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով, սերտ կապեր հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտնականների հետ: Առժամանակ անց Գերմանիայում սեփական միջոցներով ստեղծում է լաբորատորիա եւ սկսում ուսումնասիրություններ կատարել: 1908 թ. երիտասարդ գյուտարարը առաջին անգամ հիմնավորում է էլեկտրականության միջոցով պատկերների հաղորդման եւ վերարտադրման հնարավորությունը: Նույն թվականին արտոնագրվում է երկգույն հեռուստատեսության նրա գյուտը: Այնուհետեւ իրագործում է գունավոր պատկերը հաղորդալարերով Բեռլինից 600 կիլոմետր հեռավորության վրա հաղորդելու անդրանիկ փորձն աշխարհում: 1913 թ. առաջադրում է լուսահեռագրության «միջանկյալ կլիշեի» համակարգը, որից հետո տեղափոխվում է Ռուսաստան եւ գյուտարարական իր գործունեությունը շարունակում Պետերբուրգում: Այստեղ եւս սեփական միջոցներով ստեղծում է լաբորատորիա եւ շարունակում փորձերը: Այդ ժամանակահատվածում ստանում է 21 արտոնագիր, որոնցից երկուսը՝ հեռուստատեսության բնագավառում:
Նրա գյուտերը արտոնագրեր են ստանում Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում: 1918 թ. ստեղծում է Ռուսաստանում առաջին սարքը, այն ցուցադրում էր սեւ ու սպիտակ պատկերներ, ինչը աննախադեպ քայլ էր այս ոլորտում: Դրանից յոթ տարի անց անխոնջ գյուտարարն արտոնագրում է գունավոր (եռագույն) հեռուստատեսության հաջորդ համակարգի առաջին նախագիծը՝ անլուսաթափանց արգելքի միջով տեսնելու սարքը, որի գունանջատումն ու գույների միախառնումն ապահովող բարեփոխված սկավառակը հայտնի է «Ադամյանի սկավառակ» անվամբ: Նույն տարում Երեւանի համալսարանի հատուկ լաբորատորիայում գյուտարարը պատրաստում, ցուցադրում եւ գործողության մեջ է դնում «Հեռատես» եռագույն պատկերող սարքը:
Ադամյանի եռագույն հեռուստատեսության սկզբունքն առաջին անգամ կիրառվում է Մեծ Բրիտանիայում՝ 1928 թվականին: Իսկ նրա հայտնաբերած լուսահեռագրի առաջին հաղորդումը լինելու էր Պետերբուրգից Մոսկվա դրանից երկու տարի անց՝ 1930-ին: 1941-1951 թթ. ամերիկյան «Կոլումբիա» ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարում է փորձնական ցուցադրում, այնուհետեւ այդ համակարգն ընդունվում է որպես կայուն համակարգ եւ կիրառվում գունավոր պատկերների հաղորդման համար:
Դարի խոշորագույն գյուտարարներից մեկը՝ նավթարդյունաբերողի որդին, ով ապրեց ընդամենը 53 տարի, մարդությանն իր անկորնչելի մատուցումն էր բերելու, վերստին փաստելու էր հայոց գենի, հայ հանճարի երեւակայության ու մտքի թռիչքը՝ ի նպաստ համայն մարդկության: Նա, որ սիրահար էր շախմատի ու երաժշտության, սիրել է ջութակ նվագել, գեղարվեստի՝ գեղեցիկ նկարներ է արել, այնքան գեղեցիկ, որ Բեռլինի սրճարաններից մեկում սեղանի մարմարե տախտակին արած նրա նուրբ ու տպավորիչ «գործը», որով սքանչացել է արվեստասեր սրճարանատերը, այն պահպանելու համար՝ ծածկել է ապակիով…
Իսկ նրա լավագույն «գործը» մարդկության հետ մշտապես է լինելու… հեռուստաէկրանից:
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ