COVID-19. Երկրորդ տեղում գտնվող Բրազիլիայում վարակվածների թիվը մոտենում է 400.000-ի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 713 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 352 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 454 հազար 454 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 725 հազար 900 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 100 հազար 625 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 394 հազար 507-ի, մահերինը՝ 24 հազար 593-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 370 հազար 680 մարդ: Վերջին մեկ օրում 8 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 3 հազար 968-ը:
Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 283 հազար 339 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 117:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 265 հազար 227 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 37 հազար 048: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:
Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 230 հազար 555, մահերինը՝ 32 հազար 955: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը մոտ է 183 հազարին, մահացածներինը՝ 28 հազար 530:
Գերմանիայում 181 հազար 303 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 498 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 158 հազար 762-ի, մահացածներինը՝ 4 հազար 397-ի:
Երկրների տասնյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 153 հազար 291-ի: Վարակի հետևանքով մահացել է 4 հազար 365 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Իրանը 141 հազար 591 ընդհանուր դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 564:
Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 129 հազար 751 ընդհանուր դեպքով, Կանադան՝ 86 հազար 647 դեպքով: Կանադան վարակվածների թվով շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 82 հազար 993 է: Օրեր առաջ Չինաստանում վրակի նոր դեպք չէր գրանցվել, իսկ այսօրվա տվյալների համաձայն, վարակի 1 նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 735-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 48 հազար 947, մահերինը՝ 30: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 31 հազար 086 է, մահացածներինը՝ 253:
Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 23 հազար 267-ի, մահացածներինը՝ 175-ի: Եգիպտոսում 18 հազար 756 հաստատված դեպք կա, մահացել է 797 մարդ: Իրաքում գրանցվել է 4 հազար 848 վարակվածության, 169 մահվան դեպք: Լիբանանում կա 1161 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 121-ի: Մահացել է 4 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
Մալդիվներում զբոսաշրջիկների համար մշակվել են նոր կանոններ
Մալդիվյան կղզիներում զբոսաշրջիկներին ընդունելու նոր կանոններ են մշակվել: Մասնավորապես, զբոսաշրջիկները պարտադիր պետք է կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նոսվոստի»-ն տեղեկացնում է, որ Մալդիվյան կղզիները հունիսից բաց կլինեն զբոսանավերի, մասնավոր ինքնաթիռների համար, կսկսեն ընդունել նաև կոմերցիոն թռիչքներ:
Բոլոր ժամանողները կթեստավորվեն: Զբոսաշրջիկները կհանգստանան միայն այն հյուրանոցներում, որոնք նոր տիպի լիցենզիա ունեցող հանգստավայրերում են: Այդ լիցենզիաները տրվում են այն հյուրանոցներին, որոնք համապատասխանում են սահմանված պահանջներին: Մասնավորապես, հյուրանոցները պետք է օգտագործեն իրենց սենյակների միայն 10 տոկոսը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկուսացման հնարավորություն լինի, ինչպես նաև պետք է պատրաստ լինեն կարանտինային ռեժիմին:
Հյուրանոցների աշխատակիցները պետք է օգտագործեն պաշտպանիչ միջոցներ, պահպանեն սոցիալական հեռավորության կանոնները: Բժշկի և բուժքրոջ ներկայությունը պարտադիր է:
Հյուրանոց եկած զբոսաշրջիկները պետք է այնքան ժամանակ մնան համարում, մինչև ստացվի թեստավորման պատասխանը:
Չիլիում քաղաքացիները բողոքի ցույցի են դուրս եկել կաթսաներով ու գդալներով
Չիլիի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ իշխանությունների վարած քաղաքականության: Նրանք դժգոհ են տրամադրվող օգնությունը բաշխելու գործընթացից: Իշխանություններից պահանջում են լուծել խնդիրը: Չիլիի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել ձեռքի գործիքներով, այդ թվում կաթսայով, գդալով: Ակցիայի մասնակիցները հույս են հայտնել, որ իրենց ձայնը լսելի կլինի: Նրանք որոշ տեղերում արգելափակոցներ են ստեղծել:
Երկրում լարվածությունը մեծացավ Չիլիի հիվանդանոցներից մեկի հայտարարության ֆոնին, երբ նշվեց, որ իրենց ռեսուրսները սպառվում են՝ վարակվածների մեծ թվով պայմանավորված: Երկրում 80 հազարից ավելի հաստատված դեպք կա, մեկ օրում այդ թիվը 4 հազարով ավելացել է: Վարակվածների 15 տոկոսը հիվանդանոցային բուժման կարիք ունի: Մասնագետները հորդորում են հետևել անվտանգության կանոններին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով վարակի կենտրոնն այսօր տեղափոխվել է Ամերիկա: Ծանր իրավիճակ է Բրազիլիայում, որը վարակվածների թվով երկրորդ տեղում է: Այնտեղ գրանցվել է վարակի շուրջ 400 հազար դեպք, թեպետ, բժիշկները նշում են, որ վարակվածների թիվն իրականում կարող է ավելի շատ լինել:
«Google»-ը հուլիսի 6-ից կսկսի բացել իր գրասենյակները
«Google» ընկերությունը հուլիսի 6-ից կսկսի բացել աշխարհում իր գրասենյակների մեծ մասը: Սկզբնական շրջանում գրասենյակներում կաշխատի աշխատակիցների 10 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սկզբում գրասենյակներ կվերադառնան այն աշխատակիցները, որոնց ներկայությունը աշխատավայրում անհրաժեշտ է: Նախատեսվում է, որ սկզբնական շրջանակում գրասենյակներում կլինի աշխատողների 10 տոկոսը, հետագայում՝ մինչև 30 տոկոսի չափով, եթե թույլ տան պայմանները: Ընկերության ղեկավարությունը նշել է, որ աշխատողների վերադարձը մինչև տարվա վերջ կլինի կամավոր:
Դրանից բացի, տնից աշխատող անձանցից յուրաքանչյուրին «Google»-ը կտրամադրի 1000 դոլար ծախսերի փոխհատուցման, անհրաժեշտ սարքավորումներ, գրասենյակային կահույք ձեռք բերելու համար:
Վրաստանը որոշել է արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ իշխանությունները որոշել են արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ հունիսի 1-ից բացվելու են որոշ խանութներ ու ռեստորաններ:
«Մայիսի 29-ից կաշխատի բոլոր տիպի քաղաքային տրանսպորտը, սակայն դա կուղեկցվի պարտադիր կանոններով՝ դիմակ կրելով: Երկուշաբթի օրվանից՝ հունիսի 1-ից, կսկսեն աշխատել բոլոր տիպի բաց խանութները, այդ թվում՝ առևտրի կետերը, փակ և բաց շուկաները, ռեստորանները, որոնք ունեն բաց հատվածներ»,-նշել է Գախարիան:
Նա ընդգծել է, որ պաշտպանիչ դիմակներ կրելը և հիգիենայի կանոններ պահելը մնում են պարտադիր պայմաններ:
Վրաստանում սահմանափակումները սկսել են հանել ապրիլի վերջից: Սահմանափակումները հանելը նախատեսված էր մի քանի փուլով, սակայն, համաճարակային բարենպաստ իրավիճակով պայմանավորված, մի մասը հանվում են ավելի շուտ, քան նախատեսված էր:
Ճապոնիան տնտեսությանն աջակցելու համար կծախսի ավելի քան 2 տրիլիոն դոլար
Ճապոնիան կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսությանն աջակցելու համար նախատեսում է ծախսել 230 տրիլիոն իեն (2,15 տրիլիոն դոլար): «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կառավարությունում խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է վարչապետ Սինձո Աբեն:
«Որպեսզի, զսպելով վարակի տարածումը, փորձենք վերադառնալ սովորական կյանքին, կպահանջվի բավական ժամանակ: Դա դժվար ճանապարհ է: Անհրաժեշտ է միաժամանակ պաշտպանությամբ և ձեռնարկությունների պահպանությամբ օգտագործել վարակի տարածումը նվազեցնելու հնարավորությունը և պատրաստվել վարակի հաջորդ (ալիքի-խմբ.) տարածմանը»,-ասել է նա:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ իրականացվող միջոցառումները կարող են պահպանել տնտեսությունը 100 տարին մեկ լինող ճգնաժամի պայմաններում:
«Կարևորն այն է, որ աջակցությունն արագ հասնի նրանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը»,-ասել է վարչապետը:
Մայիսի 27-ին կառավարությունը կհաստատի արդեն երկրորդ հավելյալ բյուջեն կորոնավիրոսի դեմ պայքարի և տնտեսությանն աջակցելու համար: Այն կկազմի 31,9 տրիլիոն իեն (շուրջ 298 միլիարդ դոլար):
Ծխողները հաճախ COVID-19-ի հիվանդության ծանր ընթացք են ունենում
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության բնագավառի հսկողության համադաշնային ծառայությունը («Ռոսպոտրեբնադզոր») մայիսի 27-ին տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ իրենց ունեցած տվյալների համաձայն, ծխող մարդիկ հաճախ COVID-19-ի հիվանդության ծանր ընթացք են ունենում:
«Ռոսպոտրեբնադզորը» նշել է, որ ծխելը վատացնում է թոքերի աշխատանքը, ծխող մարդու օրգանիզմին դժվար է պայքարել շնչառական հիվանդությունների դեմ՝ առաջացած կորոնավիրուսի վարակի հետևանքով:
«Կորոնավիրուսով վարակվելու դեպքում հիվանդության ծանր ընթացք ունենալու վտանգն ավելի մեծ է, որովհետև նրանց (ծխողների- խմբ.) թոքերն արդեն վնասված են»,- նշված է հաղորդագրության մեջ: