«Շատ պատերազմների փորձեր կան, երբ ճիշտ և գրագետ քարտեզի վրա պատրաստված են եղել, բայց այդ մարտական գործողությունները հաջողության չեն հասել». գնդապետ Ղալեչյան
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ լրագրողներն այսօր ծանոթացան ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի անցուդարձին, կուրսանտների ռազմաուսումնական առօրյային: Մասնավորապես, 4-րդ իշխանության ներկայացուցիչները հետևեցին համալսարանի տեսական և գործնական դասընթացներին, կուրսանտների մարզումներին:
Այնուհետ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը լրագրողներին ներկայացրեց կրթական հաստատության ընդունելության կարգը: Առաջիկա շաբաթների ընթացքում դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու ընդունելության քննություններին:
Համավարակի առկայությունը հաշվի առնելով՝ ռազմական հաստատություն ընդունվելու համար անհրաժեշտ կլինի հանձնել ընդամենը մեկ քննություն՝ մաթեմատիկա առարկայից:
«Կուրսանտները բակալավրիատում սովորելով 4 տարի, ձեռք են բերում մոտոհրաձգային, հրետանային, հետախուզական, ինժեներասակրավորային, տանկային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությունները, որից հետո պաշտպանության նախարարի հրամանով նրանց շնորհվում է սպայական լեյտենանտ զինվորական կոչում, և նրանք իրենց ծառայությունը շարունակում են ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում: Ինչ վերաբերում է համավարակով պայմանավորված այս տարվա ընդունելության կարգին, մեր դիմորդները հնարավորություն ունեն մեկ քննություն հանձնել՝ մաթեմատիկա առարկայից, իսկ հայոց լեզվի դեպքում հաշվի է առնվելու ատեստատի գնահատականը: Այստեղ մեզ մոտ միայն բժշկական զննումն ենք անցկացնելու, և ֆիզպատրաստությունից քննություն են հանձնելու»,- նշեց համալսարանի պետը:
Գնդապետը նշեց, որ կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով համալսարանում իրականացվում են վաշտի, մարտկոցի, հրամանատարների 16-շաբաթյա, և գումարտակի, դիվիզիոնի հրամանատարների 25-շաբաթյա դասընթացներ: Մագիստրոսական կրթության մակարդակում ռազմական համալսարանի ունկնդիրները սովորում են մեկ տարի, որից հետո կարող են զբաղեցնել բարձր սպայական պաշտոններ:
Բացի այս, ԶՈւ զորատեսակների համար նախատեսված են կարճաժամկետ դասընթացներ, այստեղ են սովորում նաև «Պատիվ ունեմ» ծրագրով քաղաքացիական բուհերի ուսանողները: Վերջերս ՊՆ հրամանով համալսարանում բացվել է լեզվի կենտրոն, որը պիտի հոգա ԶՈւ կարիքները:
Անդրադառնալով ռազմական համալսարանում կարգապահական մթնոլորտին կամ կուրսանտների միջանձնային հարաբերություններին, գնդապետ Խաչատրյանը վստահեցրեց, որ առաջնորդվում են հետևյալ կարգախոսներով. «Հրաման տալու իրավունքը չի նշանակում՝ ենթականերին ղեկավարելու ունակություն», այսինքն՝ մենք իրենց սովորեցնում ենք, թե ինչպես ղեկավարել, ինչպես օգտագործել ռազմական գիտությունը հետագա ծառայության համար, երկրորդ կարգախոսը՝ «Ազատություն այնքան, ինչքան հնարավոր է, կարգապահություն՝ ինչքան անհրաժեշտ է»:
Այցելության ընթացքում լրագրողներին ներկայացվեցին հայրենական արտադրության վարժասարքեր, որոնց օգնությամբ ապագա սպաները ստանում են ստորաբաժանումների ղեկավարման, թիրախների հայտնաբերման և խոցման հմտություններ, որից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները հետևեցին հրետանավորների դաշտային պարապմունքներին, ռազմերթին:
Կուրսանտ Քրիստինե Մաթևոսյանը սովորում է 3-րդ կուրսում, ընտրել է հրետանավորի մասնագիտությունը, որ շարունակի պապի և հոր ընտրած զինվորական ուղին:
«Ես Արցախի Հանրապետությունից եմ՝ Մարտակերտի շրջանից, և միշտ երազանք եմ ունեցել դառնալ հրետանավոր՝ տեսնելով իմ ծնողի, բարեկամների ծառայությունը, հայրենասիրությունից դրդված եմ եկել այստեղ: Իմ որոշմանը դեմ է եղել մայրս, բայց հետո դժվարությամբ համոզեցի նրան: Հրետանավորի մասնագիտությունն ընտրել եմ, որովհետև հայրիկս հրետանավոր է, պապիկս էլ է եղել հրետանավոր, հայրս հիմա էլ ծառայում է: Հրետանավորները շատ հաշվարկներ են կատարում, այս մասնագիտությունը հաշվարկների հետ է կապված: Բացարձակ չեմ նեղվում, որովհետև ես եմ ընտրել այս մասնագիտությունը, շատ եմ սիրում: Իսկ համալսարանից հետո ծառայությունս պատկերացնում եմ միայն հայրենի հողում՝ Ղարաբաղում»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Քրիստինեն:
Երրորդ կուրսում սովորող կուրսանտ Կարինե Սարգսյանը ևս ընտրել է հրետանավորի մասնագիտությունը, նա ՀՀ-ից է՝ Արմավիր քաղաքից: Կարինեի մայրը ևս դեմ է եղել աղջկա ընտրությանը, բայց հետո համակերպվել է:
«Իսկ հայրս զինվորական է, և նա գտավ, որ ես կարող եմ ինձ ճիշտ դրսևորել այս մասնագիտության մեջ: Ինձ թվում է, որ հրետանավորի մասնագիտությունը, չեմ կարող ասել, որ շատ է համապատասխանում կնոջ կերպարին, բայց հաշվի առնելով, որ կանայք ևս շատ խելացի են, իսկ հրետանավորի համար պետք է, որ նա ճիշտ հաշվարկներ կատարի և ճիշտ որոշումներ կայացնի, ուստի կանայք կարող են ընտրել այս մասնագիտությունը և դառնալ շատ խելացի հրամանատար: Եթե խոսենք խնդիրներից, ապա հիմնական խնդիրը դա ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է, բայց մենք աշխատելով մեզ վրա՝ փորձում ենք այդ խնդիրը ևս լուծել, ջանք չենք խնայում, որ հասնենք տղաների մակարդակին: Ճիշտ է՝ հնարավոր է, որ չստացվի դա մեզ մոտ, բայց մենք աշխատում ենք կատարել առավելագույնը»,- նշեց ապագա հրամանատարը՝ հավելելով, որ բանակն աղջիկներին ևս կոփում է, իսկ նրանց ֆիզիկական կոփվածությունը ևս անհրաժեշտ է:
Հրետանավորի մանագիտությունն ընտրած կուրսանտ Արամ Ղուկասյանը դեմ չէ, որ աղջիկներն ընտրեն հրետանավորի մասնագիտությունը, ասում է՝ մրցակցություն չկա:
«Բոլորը հավասար նույն գործողությունն են կատարում. ինչ մենք ենք կատարում, նույնն էլ՝ աղջիկները: Երևի միայն ուժով կարող են աղջիկները զիջել մի քիչ, բայց նրանք էլ են ամեն կերպ փորձում լավ մասնագետ դառնալ: Լավ հրետանավոր կին կարող է լինել»,- ասաց նա:
Հարցին՝ իսկ կարո՞ղ է այս մասնագիտության մեջ կինը գերազանցել տղամարդուն, Արամն արձագանքեց. «Կինը գերազանցի տղամարդո՞ւն, նման բան չի կարող լինել, մյուս կողմից չեմ կարող ասել՝ գուցե լինի նման կին, որ կարողանա գերազանցել տղամարդուն: Ես դեռ չեմ հանդիպել»:
Լրագրողների այցելությունն ամփոփվեց ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի հրամանատարական կետում, իսկ ֆակուլտետում՝ գնդի հրամանատարների և ավելի բարձր պաշտոնների զինվորականների հետ՝ մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների:
Ֆակուլտետի պետի տեղակալ, գնդապետ Արմեն Ղալեչյանը տեղեկացրեց, որ այս հրամանատարական կետում կարևոր որոշումներ են կայացվում՝ հիմնվելով համապատասխան քարտեզների և փաստաթղթերի վրա:
Իսկ թե ինչպես են այդ որոշումները երևում մարտի դաշտում, գնդապետն արձագանքեց.
«Հրամանատարի որոշումը հիմնավորում են հաշվարկներով, ուժերի, միջոցների ճիշտ բաշխմամբ: Ճիշտ որոշումը միշտ արդյունք է տալիս, բայց մեզ մոտ ամեն ինչ մաթեմատիկական հաշվարկներով չի, տարբեր ֆակտորներ կան հրամանատարի ճիշտ որոշման հիմքում՝ անձնակազմի պատրաստվածություն, սպառազինության պատրաստվածություն, ճիշտ կառավարում, բաշխում, շատ նրբություններ կան, որ հասնենք հաջողության: Այսինքն՝ միայն որոշումով համարել, որ այն ճիշտ է… շատ պատերազմների փորձեր կան, երբ ճիշտ և գրագետ քարտեզի վրա պատրաստված են եղել, բայց այդ մարտական գործողությունները հաջողության չեն հասել»: