Սամվել Կարապետյանի հաշվին բարեգործություն են անում ՔՊ-ի համար
Չնայած իշխանություններն անցած տարվա հուլիսից խլել են ՀԷՑ-ի կառավարումը, զրկել են լիցենզիայից և հայտարարել, որ պատրաստվում են այն պետականացնել, ՀԷՑ-ն առայժմ ամբողջությամբ մնում է գործարար Սամվել Կարապետյանի սեփականությունը։ Այդպիսին կլինի այնքան ժամանակ, քանի դեռ վաճառքի գործարք չի կայացել կամ գերակա շահ չի ճանաչվել։
Ստացվել է այնպես, որ ՀԷՑ-ն իրավաբանորեն պատկանում է ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարին, բայց փաստացի տնօրինում է իշխանությունը։ ՔՊ-ական կառավարիչն էլ այն անկաշկանդ ծառայեցնում է ընտրություններում սեփական կուսակցության շահերի համար։
Ընտրությունների նախօրյակին, ՀԷՑ-ի ՔՊ-ական կառավարիչը, հավանաբար՝ առանց հետին մտքի, անշահախնդիր պարգևավճարներ է բաժանում աշխատակիցներին։
«ՀԷՑ-ի շուրջ 3.700 աշխատակից այսօր վարձատրվել է լրացուցիչ համահարթեցված պարգևավճարով՝ մարտ ամսվա համար, յուրաքանչյուրը՝ 30 հազար դրամի չափով (հարկերը՝ ներառյալ)։
Սկսած մարտ ամսից մեր աշխատակիցների վարձատրության շեմի փաստացի բարձրացումը վերաբերելի կլինի ՀԷՑ-ի մինչև 250 հազար դրամ (հարկերը ներառյալ) համախառն վարձատրության շեմ ունեցող բացառապես բոլոր աշխատակիցներին՝ անկախ մասնագիտական և ծառայողական կարգավիճակից ու ցուցաբերած արդյունքային ցուցանիշներից, իսկ լրացուցիչ պարգևատրման սահմանաչափը սահմանվել է 30 հազար դրամ (հարկերը՝ ներառյալ)։
ՀԷՑ-ի աշխատակիցների գրեթե 50 տոկոսին առնչվող այս բարեփոխման արդյունքում վերջիններիս աշխատավարձերը փաստացի աճել են 12-25 տոկոսի չափով, իսկ նման որոշման իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն աշխատավարձային ֆոնդում գեներացվել են թե՛ ի հաշիվ ՀԷՑ-ի գլխավոր տնօրինության ու մասնաճյուղերի տնօրինների՝ ի սկզբանե իրենց պարգևավճարներից հրաժարման արդյունքում, և թե՛ այլ ուղղություններով ուռճացված ծախսերի կանխարգելման ու բացառման շնորհիվ»,- այս մասին օրերս իր ֆեյսբուքյան էջում ազդարարել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը։
Մի կողմ թողնենք այն, որ պարգևավճարների անվան տակ բաժանվող այդ գումարները սակագներում ներառված չեն ու վճարվում են Սամվել Կարապետյանի սեփականության հաշվին։ Բայց մի՞թե սա ընտրությունների նախաշեմին ՔՊ-ական կառավարչի կողմից բաժանվող ընտրակաշառք չէ, որը տրվում է ՀԷՑ-ի 3.7 հազար աշխատակիցներին սիրաշահելու և ընտրություններում նրանց ձայները ստանալու ակնկալիքով։
Իրավապահ մարմինները, որոնք ամեն չեղած բանի համար գործեր են կարում իշխանության քաղաքական հակառակորդների նկատմամբ, անգամ նախընտրական շտաբներում կամ կուսակցական գրասենյակներում աշխատանքի ընդունելն ու աշխատավարձ վճարելն են դարձնում կալանավորման հիմք, այսպիսի երևույթներն անտեսում են, չնայած բոլորն են հասկանում դրա նպատակը, եթե նույնիսկ բարձրաձայն չեն ասում։ Արդեն տևական ժամանակ է՝ տեսնում ենք, թե ինչպես են իշխանական լծակներն օգտագործում ոչ միայն ընդդիմադիրներին լռեցնելու ու ասպարեզից հեռացնելու, այլև տարբեր միջոցներով թաքնված ընտրակաշառք բաժանելու ու ընտրողներին սիրաշահելու համար։
Այդպիսի օրինակներից մեկն էլ, որին բոլորովին վերջերս ականատես եղանք, էլի կապված էր Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի հետ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց նվազեցնել ցանցին նոր բաժանորդների միացման վճարները։ Այդ վճարները կտրուկ բարձրացրել էին ոչ թե նախկին «թալանչիները», այլ այսօրվա իշխանությունները, որոնք կանգնում-նստում՝ ժողովրդի հոգսերից են խոսում։ Բարձրացրել էին մի քանի անգամ, նույն այն հանձնաժողովի միջոցով, որն ընտրությունների նախօրյակին որոշեց իր նախորդ որոշումից մի փոքր հետքայլ անել։
Ժամանակին բարձրացրել էին, ասենք՝ 4 անգամ, հիմա դարձրեցին 3 անգամ ու դա ընտրություններից առաջ փորձում են որպես մեծագույն ձեռքբերում մատուցել սպառողներին։ Ոչինչ, որ անգամ այդ նվազեցումից հետո, նոր սպառողը մի քանի անգամ ավելի շատ է վճարելու ցանցին միացման համար, քան վճարում էր մինչև այդ բարձրացումը։
Նշենք, որ այդ բարձրացումը ՀԷՑ-ի ու ՀԷՑ-ի սեփականատիրոջ հետ կապ չուներ, ինչքան էլ փորձում են այդպես ներկայացնել ու այդպիսի տպավորություն ստեղծել։ ՀԷՑ-ը սեփական ցանկությամբ չի կարող սակագներ փոխել։ Սակագնային փոփոխությունները գտնվում են հանձնաժողովի տիրույթում և հանձնաժողովն է հաշվում, հիմնավորում ու որոշում, թե այն ինչպիսին պիտի լինի։
Ժամանակին աներկբա հիմնավորում էին միացման վճարներն անգամներով բարձրացնելու անհրաժեշտությունը։ Քանի որ դեմն ընտրություններն էին ու դժգոհությունները դրանից շատ էին, սկսեցին հակառակը հիմնավորել։ Այդ հիմնավորումներով էլ նվազեցրեցին միացման վճարները։ Նվազեցնելու մասին, տևական ժամանակ է, խոսում էին, բայց որոշեցին անել ընտրություններից 1.5-2 ամիս առաջ, որպեսզի ցույց տային, թե իբր մտածում են սպառողների մասին։ Կարծես ժամանակին իրենք չէին բարձրացել, այն էլ՝ անգամներով։ Այն ժամանակ մտահոգություն չունեին, որ դրանով ֆինանսական լուրջ բեռ են դնում սպառողների վրա։ Հիմա, երբ ընտրությունները մոտեցան, հիշեցին սպառողներին։
Որքան էլ փորձեն սրան այլ անուն կպցնել կամ այլ կերպ մեկնաբանել, այն ընտրողներին խրախուսելու թաքնված փորձ է։ Այդպիսի փորձեր վերջին ամիսներին իշխանությունները ոչ առաջին ու ոչ էլ վերջին անգամ են անում. թոշակ են բարձրացնում, ապահովագրություն են ներդնում, անտոկոս վարկեր են տրամադրում գյուղացիներին, պարարտանյութերի, կաթի մթերման գներն են սուբսիդավորում, նախկին զինվորական սպայակազմին բնակարաններով ապահովելու խոստումներ են տալիս, ընտրություններից 2-3 ամիս առաջ տարբեր հիմնարկներում աշխատավարձեր են բարձրացնում, պարգևավճարներ-հավելավճարներ են տալիս, ու այդպես շարունակ։
Այնքան շատ են պետության ու պետական միջոցների հաշվին իշխանությունների կողմից ՔՊ օգտին արվող այսպիսի նախընտրական «բարեգործությունները», որ դժվար է բոլորը մեկ առ մեկ հիշել։ Չնայած դրան, պետականով արդեն չեն բավարարվում, հիմա էլ անցել են ՀԷՑ-ի սեփականատիրոջ ու ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարի հաշվին ՔՊ օգտին «բարեգործություն» անելուն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



