Բաժիններ՝

Երեխաները բակում առանց պաշտպանիչ միջոցների, իրար շատ մոտ խաղում են, այսպես ո՞նց կլինի․Մանկաբույժը՝ կորոնավիրուսի վտանգների մասին

Օր օրի նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքերը Հայաստանում շատանում են, բայց շատերին կարծես թե սա շատ չի մտահոգում։ Հավաքվում, գնում են ծնունդ, խմբով զբոսնում են։ Շատ դեպքերում անուշադրության են մատնվում անգամ երեխաները, այնինչ ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսից նաև երեխաների մահվան դեպքեր են գրանցվել։ Օրինակ, մայիսի 16-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսի հետևանքով 3 տարեկան երեխա է մահացել։

Մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է այս վիրուսը վտանգավոր երեխաների համար, ինչպե՞ս պետք է խուսափել վարակվելուց։

«Նոր կորոնավիրուսն ազդում է արյան էրիթրոցիտների՝ հեմոգլոբինի վրա, քայքայելով այն։ Ոչ բժշկական լեզվով ասեմ՝ կա մանկական հեմոգլոբին, որի հանդեպ վիրուսն այնքան էլ «ախորժակ չունի», և հակում ունի հասուն, ձևավորված հեմոգլոբինի նկատմամբ, դրա համար մեծերի մոտ ավելի հաճախ է հանդիպում այս վիրուսը։ Բայց սա չի նշանակում, որ երեխաների նկատմամբ չպետք է ուշադիր լինել։ Նայում եմ՝  բակում առանց պաշտպանիչ միջոցների, իրար շատ մոտ խաղում են, այսպես ո՞նց կլինի։ Երեխաներին պետք է հանել խաղալու կամ մաքուր օդի այն ժամին, երբ դրսում քիչ մարդ կա։ Պետք է երեխաներն իրարից հեռու խաղան։ Բակում ֆուտբոլ են խաղում, ծնողները տեղյակ են, չէ՞, վիրուսից, ուրեմն՝ կա՛մ լուրջ չեն ընդունում, կա՛մ չեն հասկանում, կա՛մ էլ առողջապահության վերաբերյալ ինֆորմացիա պետք է հերթական անգամ հաղորդել նրանց։ Պետք է հասկանան, որ վիրուսը մինչև 1 մետր հեռավորություն կարող է ընդգրկել, երեխաներն էլ հանգիստ չեն խոսում, գոռգոռում են, իրար շատ մոտ են»,- նշեց մանկաբույժը։

Նրա դիտարկմամբ, եթե այս անպատասխանատու վերաբերմունքը շարունակվի՝ Հայաստանը շատ կտուժի։

«Վրաստանն արդեն հաղթահարում է, 1 ամսից Իրանում էլ վիճակը կհաղթահարեն, զբոսաշրջիկներն էլ կասեն՝ Հայաստան իմաստ չունի գնալ։ Հայ ժողովրդի ինքնագիտակցությունը ցածր է։ Խանութ են գնում՝ իրար քիթ մտած։ Սուպերմարկետներում նշանով ցույց է տրված, թե որտեղ կանգնեն, բայց մեծ մասը հեռավորություն չի պահում։ Երբ նկատողություն ես անում՝ ասում են, թե՝ մարդ չկար, ասեցի՝ կանգնեմ։

«Ամենասկզբից պետք է շատ խիստ սահմանափակումներ լինեին։ Արդեն կանխարգելումը բաց ենք թողել, ձնագնդին եկել, դիպչել է մի տեղ ու ցրվում, տարածվում է։ Նայում ես՝ ծերերը բակում խաղում են, ձեռքը թքոտելով խաղաքարտերին են ձեռք տալիս, գոռգոռալով նարդի են խաղում։ Տպավորություն է, թե կորոնավիրուսն իրենց կողքով է անցնում։ Բժիշկները երկու ամիս է ՝ լարված են, որ հանկարծ մարդկանց վնաս չլինի, բայց իրենց պետքն էլ չէ»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։

Խոսելով բժշկական դիմակների կարևորության մասին՝ նա նկատեց․

«200-250 դրամի սահմաններում վաճառվող բժշկական դիմակը, որը օգտագործում են մարդիկ, 80 տոկոսով վարակվելու ռիսկը նվազեցնում է։ Օրինակ, ես, որ խանութ եմ գնում, գումարը տալուց հետո ալկոգելով մաքրում եմ ձեռքերս, նույնը խորհուրդ եմ տալիս բոլորին։ Մեքենայի բանալիներին, ստեղնաշարին, դռների բռնակներին դիպչելուց, թղթադրամը վերցնելուց-տալուց հետո պետք է ախտահանել ձեռքերը։ Վիրուսը շատ զգայուն է  ախտահանիչ միջոցների, սպիրտի հանդեպ, միանգամից վերանում է»։

Նրա փոխանցմամբ՝ հիվանդությունը սուր շնչառական վարակի կլինիկական նշաններով է ընթանում։ Վիրուսով վարակվելու դեպքում հիմնական նշաններն են՝ դողը, ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը:

«Հիմա ամառ է, արևի ճառագայթների բակտերիասպան ազդեցությունն ավելի է մեծանում, իսկ վիրուսը բաց տարածքում, որտեղ արևը ընկած է, միանգամից մի 15 րոպեում վերանում է։ Հանրային վայրերի ախտահանումը, կարելի է ասել, արդեն արևն է անում»,- հավելեց Արթուր Մարտիրոսյանը։

Անդրադառնալով մայիսի 20-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների բացելուն ու վտանգներին՝ մանկաբույժը նկատեց․

«Այս հարցն արդեն խոսում է, որ կա՛մ կարանտինն արդեն հետևում է, կա՛մ էլ ամեն ինչ նորմալ ապահովված է ու վտանգ չկա և պետք է բացել նախադպրոցական հիմնարկները: Ինքս անգամ դժվարանում եմ պատկերացնել, թե արդյոք հնարավո՞ր է բոլոր երեխաներին հասկացնել, որ պահպանեն սոցիալական հեռավորություն կամ իրար «քիթ չմտնեն»: Հույս ունենանք, որ պատկան մարմինները պատշաճ կերպ ամեն բան կկազմակերպեն մեր փոքրիկ քաղաքացիների առողջության պահպանման համար»:

Հավելենք, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մայիսի 18-ին մամուլի ասուլիսում մանրամասնեց այդ կանոնակարգը՝ հայտնելով, որ առաջնահերթություն են տալիս այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը։ Երեխաներին դիմավորում են մանկապարտեզի աշխատակիցները, հեռավար ջերմաչափում են անում, և համոզվելով, որ երեխան չունի ջերմություն, ընդունում են մանկապարտեզ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս