Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ազերի ոճրագործի փոխանցումը և ազատ արձակումը անթույլատրելի երևույթ է որակել
Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի (Ֆինլանդիայի խորհրդարանի) նախագահ Էէրո Հեյնյալուոմայի, Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին, միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց Սաֆարովի գործին:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է սկանդինավյան տարածաշրջանի և, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաբնույթ և փոխշահավետ համագործակցության հաստատումը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը լավ մակարդակի վրա է, և Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի` որպես բարեկամ երկրի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակումը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարի խոսքով` միջխորհրդարանական կապերը աշխուժացնելու չօգտագործված ներուժ կա և իր ցանկությունն է ակտիվացնել շփումներն ու փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը Էդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմային պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:
Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները և անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` Էէրո Հեյնյալուոման Սաֆարովի փոխանցումը և ազատ արձակումը գնահատել է որպես անթույլատրելի և աննախադեպ երևույթ:
Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ այդ փաստը վտանգավոր նախադեպ է ստեղծում Եվրոպայում և Հունգարիայի իշխանությունների այդ քայլը` որպես ԵՄ անդամ երկրի անընդունելի է ու անհասկանալի, իսկ ԵԽ անդամ Ադրբեջանի արարքը միջազգային նորմերի և եվրոպական իրավունքի խախտում էր` ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ու լարվածության մեծացմանը: