«Եթե նախագահը ստորագրի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը, ԱԺ ընդդիմությունը կարող է դիմել ՍԴ». Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը 2019 թվականի ներքին զարգացումները դիտարկում է՝ որպես իրարամերժ զարգացումներ: Նրա համար ներքաղաքական զարգացումների ամենամեծ մտահոգությունը դատական համակարգի դեմ արշավն է:

«Դատական իշխանության խնդիրը հանրության սպասելիքները բավարարելը չէ: Դատական իշխանության լեգիտիմությունը բացառապես կապ չունի հանրության սպասելիքների բավարարման հետ: Դատական իշխանության լեգիտիմությունը Սահմանադրությանն ու օրենքներին նվիրված լինելն է»,- նկատեց ՀՀ նախկին վարչապետը:

Խոսրով Հարությունյանը համեմատեց Նոր Հայաստանն ու  Հին Աթենքը: Մեր թվարկությունից առաջ Աթենքում հավաքվում էին աթենացիները և քաղաքականություն  էին որոշում: Դրան զուգահեռ՝ գործում էր գերագույն դատարանը: Այդ դատարանում նստում էին աքսակալները՝ օրենքի և փիլիսոփայության իմաստունները: Բայց աթենացիները հանկարծ սկսեցին մտածել, որ ճիշտ չէ այն, որ իրենք որոշում ու իրականացնում են ամեն բան, բայց դատում են աքսակալները: Ու որոշեցին իրենց ներկայացուցիչներով իրականացնել նաև դատական իշխանության գործառույթը: Մեծ պայքարից հետո աթենացիները հասան իրենց նպատակին, ձևավորեցին  իրենց նախընտրած կազմով դատարանը, որը հետևում էր հանրության պահանջին: Ու հենց այդ դատարանը Սոկրատեսին մահապատժի ենթարկեց, որովհետև հանրությունը դա էր պահանջում:

«Դատական իշխանության նկատմամբ վերաբերմունքը հակաժողովրդական է: «Այն ո՞ր դատավորն է, որ ինձ կասի՝ ո՛չ»,- այս թեզը դատական համակարգը ոչնչացնում է»,- հավելեց Հարությունյանը:

Հանրության սպասելիքները բավարարելը  Սահմանադրական դատարանի խնդիրը չէ: Բարձրագույն դատարանը կարող է միայն սահմանադրականության ապահովման տեսանկյունից սպասելիքներ բավարարել:

Նախկին պատգամավորը համոզված է՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Ճգնաժամ կլիներ, եթե այդ պետական ինստիտուտը չկարողանար կատարել իրեն վերապահված լիազորությունները: Այսօր ՍԴ-ն ունակ է այդ լիազորությունները կատարել և կատարում է:

«Այն, որ երկու հոգի կարծում են, որ Սահմանադրական դատարանի մյուս դատավորներն արժանի չեն դատավոր կոչվելու, դա որևէ պարագայում ճգնաժամ չի կարող առաջացնել: Ճգնաժամ չէ նաև այն, որ մի ամբողջ քաղաքական մեծամասնություն է այդպես մտածում»,- ասաց Խ. Հարությունյանը:

«Հանրային կաշառքը», որը, ըստ Հարությունյանի՝ իշխանություններն առաջարկում են Սահմանադրական դատարանի 7 դատավորին՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով, Հարությունյանի համար վտանգավոր է իրավական, ժողովրդավարական պետություն ձևավորելու գործընթացում: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի 7 դատավորի քաղաքացիական կամքով է պայմանավորված՝ արդյո՞ք մեր երկիրը ժողովրդավարական պետության զարգացման ճանապարհով կգնա, թե՞ ոչ:

«Եթե նախագահն անգամ ստորագրի ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքը, ապա խորհրդարանական ընդդիմությունն իր քաղաքական դիրքորոշումն ամրապնդելու համար՝ կարող է ինքը դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականության հարցը պարզելու համար»,- ասաց Հարությունյանը:

168.am-ը զրուցեց նաև սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ: Սահմանադրագետը պարզաբանեց՝ Հարությունյանն անդրադարձել է Սահմանադրության տված հնարավորությանը:

«Ուժի մեջ մտած ցանկացած օրենքի սահմանադրականությունը վիճարկելու դիմումով  ԱԺ պատգամավորների 1/5-ը կարող է դիմել Սահմանադրական դատարան: Դա սահմանադրությամբ նախատեսված իրավունք է, որից ԱԺ պատգամավորների 1/5-ը կարող է օգտվել: Իսկ խորհրդարանական ընդդիմությունը ոչ թե 1/5, այլ 1/3  է: հետևաբար՝ դա բավական իրատեսական է»,- 168.am-ին ասաց Վարդան Այվազյանը:

Բայց օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՍԴ կարող է դիմել նաև հանրապետության նախագահը: ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը պարտավոր է 21-օրյա ժամկետում կա՛մ ստորագրել և հրապարակել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքը, կա՛մ նույն ժամկետում դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Մայր օրենքի համաձայն՝ եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը պարտավոր է 5 օրում ստորագրել և հրապարակել օրենքը: Իսկ, եթե Հանրապետության նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա այդ դեպքում Ազգային ժողովի նախագահն ինքն է  հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում  օրենքը:

Տեսանյութեր

Լրահոս