Կաշառում էին ԽՍՀՄ գիտնականներին, և հօգուտ Ադրբեջանի պատմություն էր ստեղծվում․ Ինչպե՞ս գետնի երեսից ջնջվեցին Ջուղայի խաչքարերը

Ջուղան հայկական միջնադարյան քաղաքներից է։ Դեռևս վաղ միջնադարում ավանի հռչակ ձեռք բերած այս բնակատեղին X–XIII դարերում վեր է ածվել քաղաքավանի, իսկ XV-XVII դդ այն Հայաստանի նշանավոր առևտրական կենտրոններից էր։ Ինչպե՞ս այն ավերվեց, ինչո՞ւ լռեց աշխարհը։ Այս մասին 168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանի հետ։

– Ե՞րբ է հիմնադրվել Ջուղան։

– Ջուղան պատմական Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Գտնվում է այժմյան Նախիջևանի Հանրապետության տարածքի, նախկին պատմական Երնջակ գավառի, այժմյան Ջուրֆայի շրջանում՝ անմիջապես Արաքսի ափին։ Քաղաքի որոշ թաղամասեր տարածված են եղել Արաքսի մյուս ափին՝ այժմյան պարսկական հատվածում։

Կարդացեք նաև

Պատմագիտության մեջ Ջուղան հիշատակվում է հին շրջանից, մասնավորապես՝ Մովսես Խորենացու պատմության մեջ։ Պատմահայրը գրում է, որ Տիգրան 2-րդն Աժդահակի հետ ընդհարումից հետո այդտեղ է տեղափոխվում բավականին մեծ թվով բնակչություն։ Ջուղան զարգացում է ապրում, մասնավորապես, միջնադարում։ Օտար և հայ հեղինակների վկայությամբ այնտեղ ապրել է մոտավորապես 3000 տուն հայ բնակչություն։ Դա կազմում է 15․000-20․000 մարդ։

Ջուղան ավերվում է 1604-1605թթ․ Շահ Աբասի կողմից, բայց մինչ այդ՝ 1602-1603թթ․, Շահ Աբասն այցելում է Ջուղա, և Առաքել Դավրիժեցին նկարագրում է այդ այցը. Արաքսի ափից մինչև Ջուղայի քաղաքապետի՝ խոջա Խաչիկի ապարանքը լրիվ գորգեր են փռած լինում, և ընդունելության ժամանակ սեղանին մրգեր են դրված լինում, որոնք ոսկուց են եղել, սակայն բնական տեսք են ունեցել։ Շահ Աբասի վեզիրներից մեկը նրան զգուշացնում է, որ հանկարծ այդ մրգերին ձեռք չտա, որովհետև ոսկուց են պատրաստված։ Շահ Աբասը զարմանում ու մտածում է՝ ինչպե՞ս անի, որ կարողանա Պարսկաստանում էլ այդ մշակույթը զարգացնի։ Եվ 1604-1605թթ․ բռնագաղթի է ենթարկում Ջուղայի ողջ բնակչությանը, շինություններն ավերում են։

– Ի՞նչ կառույցներ են եղել Ջուղայում։

– Ուներ 7 եկեղեցի։ Բոլորը չեն ավերվել, 3-ը հասել էին մինչև մեր օրեր.Ամենափրկիչ վանքը, Հովվի եկեղեցին, Պոմպոլոզի ժամը։ Բռնագաղթից խուսափած մի քանի ընտանիք, ինչպես նաև մի քանիսը Պարսկաստանից տեղափոխվում են Ջուղա։ Եղել է քարավանատուն, որտեղ բնակվում են, հետո որոշ շենքեր են նորոգում և այնտեղ բնակվում։

– Կա տեղեկություն, որ Անիի կործանումից հետո անեցիներն են այնտեղ տեղափոխվել և ապրել։

– Այդ տեղեկությունը գալիս է Ղազար Ջահկեցի կաթողիկոսից, որն իրականությանը չի համապատասխանում։ Անեցիները Ջուղա չեն տեղափոխվել։ Փաստորեն, ջուղայեցիները՝ որպես առևտրականներ, այնքան զարգացում ապրեցին, ինչպես Անին էր։ Բնակիչները հիմնականում առևտրականներ են եղել։ Հասել են մինչև Մանիլա կղզի։ Այսօր էլ մեծ համայնք ունեն ջուղայեցիները Վենետիկում, անգամ կա Ջուղայեցիների փողոց։ Ջուղայում զարգացած է եղել նաև գրչությունը։ Անգամ առաջին հայ կին մանրանկարիչը ջուղայեցի է՝ Մարիամ գրչուհին։

Շահ Աբասը բռնագաղթից հետո Սպահանի մոտ հողատարածք է հատկացնում, և ջուղայեցիներն անմիջապես կարողանում են վերակենդանացնել ջուղայական արվեստը։ Առաջ եկավ Նոր Ջուղան։ Ու նույնիսկ 1655թ․ ռուս Ալեքսանդր ցարին ջուղայեցիները նվիրում են գահ, որը հիմա Մոսկվայում է, Զինապալատի ցուցադրության մեջ, և ամբողջովին զարդարված էր 4 կգ-ից ավելի ոսկով և մարգարիտներով։

– Շահ Աբասը երբ կազմակերպում է այդ բռնագաղթը՝ գերեզմանոցին և խաչքարերին ձեռք չի տալիս։

– Այո։ Ջուղայի գերեզմանոցը քաղաքից քիչ հեռավորության վրա գտնվող թեք լանջերի 3 բլուրների վրա է։ Սկզբնական մասում 9-10-րդ դարերի խաչքարերն էին։ Ջուղայի խաչքարական արվեստը եզակի է։ Պատմական Հայաստանի ոչ մի տարածքում այդքան խաչքարեր մենք չենք ունեցել։ Եղել է շուրջ 10․000 խաչքար։ Ցավոք, Ջուղան մի քանի անգամ եղեռնագործության է ենթարկվել։ Առաջինը Շահ Աբասի կողմից կատարված մարդկային բռնագաղթն էր, երկրորդը մշակութային արժեքների եղեռնագործությունն էր, որն իրականացվեց 1903-1905թթ․, երբ Երևանից գնացող երկաթգիծը՝ դեպի Մեղրի և հետագայում Ադրբեջան, անցավ Ջուղայի տարածքով։ Եվ այդ ժամանակ խաչքարային արվեստի հին շրջանի խաչքարերը, որոնք փոքր էին 1-1,5 մետրի սահմաններում, տեղափոխելը հեշտ էր, բայց տանում-լցնում են փոսորակները։ Մոտավորապես 5000-ի չափ խաչքարեր լցվել են այդ երկաթգծի տակ, և եթե պեղումներ անեն հիմա՝ կարելի է հանել այդ խաչքարերը։

Եվ երրորդը մեր աչքի առջև 1998-2006թթ․ հիմնահատակ ավերվեց և գետնի երեսից ոչնչացվեց Ադրբեջանի կողմից։

Այդ տարիներին Ադրբեջանի պետական վանդալիզմի կիրառմամբ Նախիջևանի տարածքում հիմնահատակ գետնի երեսից ավերվեց ամբողջ հայկական ժառնագությունը։ 100-ից ավելի վանական համալիրներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, խաչքարեր․․․։ 27․000-ի հասնող հայկական հետք ոչնչացրեցին մեր աչքի առջև։ Հայաստանը ոչ պետականորեն, ոչ գիտականորեն հետևողական չեղավ։ Հայաստանն առ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ին չի դիմել, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն և համաձայն իրենց կանոնադրության՝ հեռացնեն։ Եվ այն ժամանակ, եթե Նախիջևանի հուշարձաններն ավերում էին գաղտնի, այդ իրավունքը մենք ենք տվել Ադրբեջանին՝ մեր անգործության հետևանքով։ Այսօր էլ Արցախի 8 եկեղեցի, գերեզմանատներն ավերում են։

– Ադրբեջանն իր «պատմաբանների» միջոցով կեղծ հոդվածներ է գրում ու առաջ տանում։ Հիմա էլ Արցախի հայկական ժառանգությունը ներկայացնում են՝ որպես աղվանական։

– Այդ կեղծարարությունն Ադրբեջանը նոր չի սկսել։ 1940-50-ական թվականներից է սկսվել։ Կաշառում էին ԽՍՀՄ գիտնականներին և հօգուտ Ադրբեջանի պատմություն էր ստեղծվում։ 1950-ականներին Մոսկվայի գիտնականներից մեկին՝ Իգոր Դյակոնովին, կաշառեցին՝ Մարաստանի պատմությունը գրելիս։ Այդտեղ կարծիք էր հայտնում, որ իբր այսօրվա ադրբեջանցիները մարերի ժառանգորդներն են։

Փաստորեն առ այսօր Ադրբեջանը չի կողմնորոշվում՝ մարերի, թուրքերի թե աղվանների հետնորդներ են, թե ինչ։ Աշխարհի օտար հայագետների մի մասին կաշառում են, որոնք կարծիքներ են հայտնում, հոդվածներ գրում հօգուտ Ադրբեջանի։

Իսկ մեր ԳԱԱ-ն քնած վիճակում է։ Մինչև վերջին շրջանը ՀՀ-ում ոչ մի աշխատություն, գիրք չի հրապարակվել Նախիջևանի պատմության, մշակույթի վերաբերյալ՝ բացառությամբ 1-2 հոդվածի։ Միայն 1937թ․ հրատարակվել է հնագետ Սմբատ Տեր-Ավետիսյանի «Ջուղա» գիրքը։ Ոչ մի թեկնածուական, դոկտորական չի պաշտպանվել։ Ուզում եմ ասել՝ եթե մենք չենք անում, նրանք են անում։ Ժողովրդական խոսք կա՝ «Չուտողի ապրանքն ուտողին հալալ է»։

– Այսինքն, երիտասարդներին չի՞ հետաքրքրում, ինչո՞ւ չեն անդրադառնում։

– Մեր անմիաբանությունն ու անհետևողականությունն է պատճառը։ Ոչ մի պետական, գիտական ծրագիր գոյություն չունի հայկական մշակույթը պահելու համար։ Ադրբեջանը Հեյդար Ալիևի հիմնադրամի միջոցով այս վերջին 15-20 տարվա ընթացքում հակագիտական, հակահայկական գիրք ու գրականություն է հրատարակում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն և այլ լեզուներով՝ սփռելով ամբողջ աշխարհում։

– Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Վազգեն Ա կաթողիկոսը Ջուղայի մի քանի խաչքար փրկել է ՝ կաշառելով ադրբեջանցիներին։

– Երեք խաչքար բերվել է 1949թ․ մի քանի հոգու կողմից։ Երկուսը մեր Պատմության թանգարանում է, մեկն Էրմիտաժ են ուղարկել։ Դրանից հետո Վազգեն Ա-ի հանձնարարությամբ տղաները կարողացան բերել մի քանիսը։

– Դուք այն անձն եք, որը կարողացել է նկարել Նախիջևանում, Ջուղայում հայկական մշակութային ժառանգությունը։ Խաչքարերը 1970-ական թվականների՞ն եք նկարել։

– Այո, մինչև 1990-ականները։ Մեկ անգամ Մոսկվայից սահմանապահ զորամասերի հրամանատարությունը, Գրիգոր Խանջյանը, ևս մի քանիսը եղել են Ջուղայում, խնդրել են, որպեսզի տեղափոխեն որոշ խաչքարեր։ Նշաններ էին արել, թե որոնք կարող են տեղափոխել։ Փոխանակ նույն կամ հաջորդ օրը կազմակերպեին 15-20 խաչքարի տեղափոխման հարցը, որը թույլատրել էր Մոսկվան, թողնում են հետագային։ Խորհրդային Միության պաշտպանության նախարարը թույլտվություն տվել էր։ Դանից հետո փաստորեն Ադրբեջանն արգելեց, ու ոչ մի խաչքար չկարողացան տեղաշարժել։ Մոտավորապես 25 խաչքար ամեն դեպքում փրկվել է։

– Երբ լուսանկարում էիք խաչքարերը՝ ի՞նչ էին պատմում դրանք հայ մարդու մասին։

– Լուսանկարահանման աշխատանքները գաղտնի են արվել։ Դժվարություններ կային՝ հայ մարդու Նախիջևան գնալու, էլ չեմ ասում՝ լուսանկարելու հետ կապված։ Ինքս էլ եմ հիմա զարմանում, թե ինչպե՞ս դա հաջողվեց։ Բազմիցս ձերբակալել են, նկարածն առգրավվել, եղել է ծեծ ու ջարդ։ 10-յակ հազարավոր կադրեր արվել են գաղտնի և դժվարությամբ։ 75 մեծ ու փոքր հատոր եմ հրատարակել, որոնցից 63-ը միայն Նախիջևանին է վերաբերում։ 6 հատորով հրատարակել եմ նաև Նախիջևանի ողջ վիմագրական ժառանգությունը։ Լեզու էի գտել ռուս հրամանատարի հետ, ու ամեն իմ գաղտնի այցելության ժամանակ 2 ժամ էին տրամադրում։ Մոտավորապես 15-17 անգամ Ջուղայում տարբեր տարիներին եղել եմ։

Ջուղայի խաչքարերը եզակի են հայկական խաչքարական արվեստի մեջ։ Քարը վարդագույն է, 9-15-րդ դարերի խաչքարերն ավանդական հայկական խաչքարային արվեստին շատ բնորոշ են, իսկ դրանց հետո հզորագույն զարգացում է ունեցել՝ 2 մետրից ավելի բարձրությամբ։ Քիվերը քանդակազարդ են,  կան պատկերաքանդակներ, արձանագրություններ՝ ներքևի մասում։ Վիմագրության մեջ նորույթ է եղել․ տեղ խնայելու համար, օրինակ՝ Ա տառի դեպքում մեկ գծիկ են օգտագործել։ Քանդակվել է նաև մահացածի պատկերը։

– Նախիջևանի մշակութային ժառանգությունը, որը վերացվեց Ադրբեջանի կողմից, ցավոք, այսօր այդ ամենի մասին տեղեկանում ենք լուսանկարների, տեսանյութերի միջոցով։ Ի՞նչ պատգամ ունեք երիտասարդներին։

– Երիտասարդների մոտ նվազագույն աստիճանի են հասցված հայրենասիրական նման թեմաները։ Ջուղայի վերաբերյալ լուսանկարներ, տեսանյութեր են հրապարակվել, բուհերը, դասախոսները, ուսանողները ցույցեր չկազմակերպեցին, չդիմեցին ՀՀ պետական իշխանություններին, որ աչալուրջ և հետևողական լինեին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031