Պուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ուկրաինայի գնդակոծության գիշերը ռուսական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտման միջադեպը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Լեհաստանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր և «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել»։
Նոյեմբերի 20-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, Լեհաստանի սահմանամերձ երկու վոյևոդություններում՝ Լյուբլինի և Ենթակարպատյան, օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ հարձակման ֆոնին։ Ավելի ուշ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ երկրի տարածքում ռուսական երեք օբյեկտ է ընկել՝ երկու հրթիռ և ռեակտիվ անօդաչու թռչող սարք։ Նա նշել է, որ «օրը պատահական չի ընտրվել», քանի որ նույն օրը տեղի են ունենում «ցանկացողների կոալիցիայի» զորավարժությունները։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի օդային տարածքի խախտման կապակցությամբ խորհրդակցություն է հրավիրել՝ նախարարների, Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչների և հատուկ ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։
Տուսկը հայտարարել է, որ «դա պատահականություն չի թվում»։ Նա ենթադրել է, որ Լեհաստանի օդային տարածք ներթափանցումը միտումնավոր սադրանք է եղել, և դա նույնպես կապել է մերձակայքում լեհ զինվորների աջակցությամբ անցկացվող՝ «ցանկացողների կոալիցիայի» զորքերի զորավարժությունների հետ։
«Մենք հստակ գիտենք, որ այն, ինչ ընկել է լեհական հողի վրա, եկել է Ռուսաստանից»,- նշել է Տուսկը՝ հավելելով, որ դա ոչ միայն իր գնահատականն է, այլև օտարերկրյա գործընկերների, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքը։

