Մի՛ շտապեք խմել հակասնկային դեղեր. Ի՞նչ է թաքնված եղունգների գույնի փոփոխության հետևում. Պարզաբանում է մասնագետը
Ի՞նչ է եղունգների սնկախտը, որո՞նք են պատճառներն ու ախտանշանները։ Այս մասին 168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի ժամանակ խոսել ենք մաշկաբան, պոդոլոգ Մուշեղ Մանուկյանի հետ։

– Ի՞նչ է եղունգի սնկային հիվանդությունը, ինչի՞ հետևանքով է զարգանում։
– Եղունգների սնկային հիվանդությունները բազմապատճառային, տարածվող ինֆեկցիոն հիվանդություններ են։ Հասարակության շրջանում շատ է հանդիպում, չի հարցնում ո՛չ տարիք, ո՛չ սեռ։ Հիմնականում տեղի է ունենում եղունգների գույնի փոփոխություն, հաստացում։ Սակայն կա ոսկե կանոն՝ եղունգի սնկային հիվանդությունը հաստատվում է միայն լաբորատոր հետազոտության հիման վրա։ Մինչև լաբորատորիա դիմելը 24 ժամ պետք է ոտքերը չլվանան, որպեսզի լաբորատոր պատասխանն ավելի հստակ լինի։ Եվ եթե հաստատվում է սնկային հիվանդություն՝ պետք է հասկանալ՝ դա առաջնայի՞ն, թե՞ երկրորդային պատճառ է։
– Սովորաբար, երբ եղունգի գույնը փոխվում է, մարդիկ կարծում են, որ առկա է սնկախտ, արդյո՞ք այդպես է։
– Այո, հասարակության մոտ կա այդ կարծիքը, որ եթե գույնը փոխված է, դեղնականաչավուն, դեղնաշագանակագույն է, մտածում են, որ սնկային հիվանդություն է։ Մեծամասնությունը սրանից ելնելով՝ որոշում է, որ սնկային հիվանդություն է, ու գալիս, բժշկից բուժման եղանակներ են պահանջում։ Սակայն եղունգի գույնի փոփոխությունը տարբեր հիվանդությունների հետևանքով կարող է լինել, օրինակ, փսորիազ, քրոնիկական մաշկային հիվանդություններ, կարմիր տափակ որքին և այլն։
– Առաջնային նշաններից համարվո՞ւմ է եղունգի հաստացումը։
– Ընդհանրապես, եթե կա եղունգի գույնի փոփոխություն, հաստացում, ապա սկզբում կարող ենք մտածել, որ սնկային հիվանդություն է։ Սակայն ոսկե կանոնը լաբորատոր հետազոտությունն է, որովհետև եթե առանց հետազոտության հակասնկային դեղորայք տանք, դա լուրջ է։ Դրանք ոչ թե 2 շաբաթ կամ 1 ամիս, այլ երբեմն մինչև 6 ամիս օգտագործում են։ Ու եթե պարզվի, որ այդտեղ սնկային հիվանդություն չկա, ապա դա կարող է վնասել այլ օրգան-համակարգերը։
– Հիմա ազատ վաճառում են հակասնկային լուծույթներ, յուղային կաթիլներ, դրանք կօգնե՞ն, թե՞ կվնասեն։
– Եթե խոսքը տեղային օգտագործման լուծույթների մասին է, ապա պետք է առաջինը նայել ազդող նյութին։ Արտաքին օգտագործման համար հակասնկային ազդող տարբեր նյութեր կան։ Իսկ առաջարկվող դեղորայքի դեպքում ասում են՝ օգտագործեք երկու շաբաթ, և ձեր վիճակը կլինի իդեալական։ Կա դեղորայք, որ ունի ազդեցություն, որոշների դեպքում էլ զուտ մարքետինգ է։
– Եղե՞լ են դեպքեր, որ մարդիկ զոհ են գնացել մարքետինգային հնարքներին։
– Շատ են եղել նման դեպքեր։ Տեղային քսուքների՝ լուծույթների, յուղային կաթիլների տեսքով օգտագործել են, որոնք եղել են անարդյունավետ, ավելին՝ եղունգի վիճակն ավելի են բարդացրել, ու այս դեպքում սնկային հիվանդությունը դիտարկվում է որպես երրորդային պատճառ։ Նման լաքեր, դեղորայք՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու, օգտագործում և բարդացնում են եղունգների վիճակը։ Արդյունքում, սնկային հիվանդությունից բացի, եղունգի անատոմիական դիրքը կարգավորելու, միկրոֆլորան, սնուցումը լավացնելու խնդիր է լինում։
– Դիմում են նաև ժողովրդական միջոցների, օրինակ, քացախաջրի, սոդայաջրի մեջ են դնում ոտքերը, օգտագործում են թեյի ծառի յուղ։ Սա օգնո՞ւմ է, թե՞ ոչ։
– Ինքս բուժառուներին խորհուրդ տալիս եմ սոդայաջուրը, թեյի ծառի յուղը։ Դրանք պրոֆիլակտիկ կիրառելի միջոցներ են։ Իհարկե, եթե խոսքը մակերեսային սնկային ախտահարման մասին է։ Բայց, եթե ախտահարվել է եղունգի միջին, ներքին շերտը, դա բավարար չէ։ Եթե եղունգի գույնի թեթև փոփոխություն կամ հաստացում կա, ապա կարող են տան պայմաններում օգտագործել սոդայաջուրը։ Ուղղակի կա հստակ չափաբաժին, որպեսզի վնաս չտան։
Մոտ 2 լիտր գոլ ջրի դեպքում 1 ճաշի գդալ կերակրի սոդա է անհրաժեշտ։ Ու պետք է պահել 10-15 րոպե, ոչ ավելի, որովհետև լինում են բուժառուներ, որոնք ունեն անոթային, դիաբետիկ խնդիրներ, և կարող է բերել կողմնակի ազդեցությունների։
Օրինակ, եթե եղավ թրոմբագոյացման վտանգ, ու ոտնաթաթը 15 րոպեից ավելի եղավ գոլ ջրի մեջ, ապա հավանականությունը մեծ է, որ կարող է թրմոբը վնասվել՝ պոկվել։ Իսկ թեյի ծառի յուղն, ընդունված է, որ ունի հակաբորբոքային, հակասնկային թույլ ազդեցություն։ Շաբաթը 2-3 անգամ կարող են օգտագործել։ Ուղղակի պետք է իմանալ, որ այն ունի նաև չորացնող հատկություն։ Կա թեյի ծառի յուղի երկու տեսակ՝ եթերային և ոչ եթերային։ Կան դեպքեր, երբ մաշկը եթերային յուղերից ալերգիա ունի։ Այդ իսկ պատճառով, բացի սնկային ախտահարումից՝ կարող է առաջանալ ալերգիկ դերմատիտ՝ հարեղունգային կամ մատների հատվածներում։

– Ներաճած եղունգները կարո՞ղ են սնկախտի պատճառ դառնալ։
– Այո։ Փորձը ցույց է տալիս, որ լինում է, քանի որ եղունգը կորցնում է իր ամբողջականությունը՝ բերելով ներաճի։ Տեղաշարժման դաշտը փակվում է, և եղունգը սկսում է նաև հաստանալ, գույնը փոխել, ինչն էլ հանգեցնում է սնկային հիվանդության առաջացմանը։
– Ո՞ր դեպքում է լինում եղունգի ներաճ։
– Պատճառները շատ են՝ սկսած տան պայմաններում եղունգները կտրելուց, կոշիկների ընտրությունից, ինչպես նաև ոտնաթաթի անատոմիական դիրքից։ Կոշիկները պետք է լինեն լայն և հարմարավետ, սակայն, եթե մարդն ունի դրես կոդ, պետք է իմանա, որ իր եղունգներն արդեն թիրախավորված են, հետևաբար՝ հատուկ խնամք է պետք, որ եղունգները երկար ծառայեն։ Հարթաթաթությունը նույնպես թիրախավորում է եղունգները։ Ոտնաթաթը լիարժեք չի օգտագործվում, մարմնի ամբողջ ծանրությունն ընկնում է ոտնաթաթի եղունգների վրա, և հերիք է՝ մի փոքր սխալ կտրեն եղունգը կամ սխալ կոշիկ կրեն՝ եղունգները դառնում են թիրախավորված։
– Հիմա ամբողջ շուկան լի է չինական կոշիկներով, մարդիկ ինչպե՞ս հասկանան՝ ո՞րն է նորմալ, ո՞րը՝ ոչ։
– Այո, շուկայում կա նման խնդիր, նույնիսկ կոշիկի չափսերը տարբեր են։ Վրան գրված է լինում՝ 41, բայց մենք չափում ենք, մարդը 42 համարն է հագնում։ Միջազգային ստանդարտներ կան, որոնք ներկա պահին չեն պահպանվում։ Մարդը չգիտի՝ ո՞ր համարն է հագնում։ Սա մանր հարց է, բայց եղունգների խնդրի է հանգեցնում։ Խորհուրդ կտամ՝ կոշիկ ընտրելիս տեղում հագնել, և, եթե ոտնաթաթի մատներն ազատ վիճակում են գտնվում, իսկ կրնկային հատվածը լավ «նստած» է, պետք է նման կոշիկները կրեն։ Նեղ կոշիկների դեպքում պետք է վարժություններ կատարեն, որպեսզի ոտնաթաթի մկանները չթուլանան, մատների ուղղությունը չփոխվի, չբախվեն ներաճի խնդրին։ Դասական կոշիկների դեպքում ոտնաթաթն ու եղունգները ռիսկի տակ են։
– Հաճախ խորհուրդ են տալիս կոշիկն ախտահանել՝ խուսափելու համար եղունգի սնկախտից։
– Այո, կարելի է ասել՝ դա խնամք է, հատկապես այն մարդու դեպքում, ով ունեցել է սնկախտ և բուժվել է, որպեսզի խուսափի ինքնավարակումից։ Ախտահանման տարբեր միջոցներ կան՝ սփրեյների, փոշիների, լուծույթների տեսքով։ Վաճառվում են բոլոր դեղատներում։ Կան նաև հատուկ սարքեր, երբ կոշիկը դնում են դրանց մեջ ու ախտահանում։

– Ձեր խոսքում նշեցիք, որ ախտորոշումից հետո են որոշում՝ առկա՞ է եղունգի սնկախտ, թե՞ ոչ։ Այդ ախտորոշումն ինչպե՞ս է կատարվում։
– Եղունգի կողքից քերուկ են վերցնում, տեսնում են՝ կա՞ն սնկային հարուցիչներ, թե՞ ոչ։
Նշեմ, որ բուժման ժամանակ եղունգը չի հեռացվում։ Եթե միայն դեղորայքային բուժում է նշանակվում, ապա այն տևում է 1-2 տարի։ Բայց բուժման կուրսը կրճատելու այլ լուծումներ կան հիմա, օրինակ, լազերոթերապիան։

