«Ասացին՝ մեր Սլավիկն է տեսել. Ա՛յ շան տղաներ, գիշերվա ժամին ի՞նչ գործ ունեք սարի գլխին». Վարդանիձորի նախկին ղեկավար

Չնայած այն հանգամանքին, որ ԱԱԾ-ն՝ Ազգային անվտանգության ծառայությունը, հերքում է, որ Սյունիքի մարզի Մեղրիի շրջանի Կուրիս գյուղում բնակիչներից մեկը 3 ադրբեջանցիների է տեսել, այնուամենայնիվ, շատերի մոտ կասկածը մնում է, որ իսկապես ադրբեջանցիները կարող են հայտնվել այդ գյուղում։

Մեղրիի շրջանի Վարդանիձոր գյուղի նախկին վարչական ղեկավար Վլադիկ Գևորգյանը լսել է, որ հարևան գյուղում նման բան է տեղի ունեցել, ասում է՝ըստ իրեն հասած լուրերի՝ բնակիչներից մեկն է տեսել 3 հոգու, հարցեր է տվել, սակայն վերջիներս տարօրինակորեն խուսափել ու անհետացել են։

«Ես այնքան խոսեցի մեր երկրի սահմանների պաշտպանությունից, ինձ հեռացրեցին աշխատանքից, առաջիկայում ես կրկին մասնակցելու եմ ընտրություններին և հույս ունեմ, որ կընտրվեմ և այդ հարցերը կբարձրացնեմ։ Առաջին հերթին պետք է կարևոր լինի իմ ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը, հետո՝ Կառավարության որոշումները, ինձ բացարձակապես իրենց որոշումները չեն հետաքրքրում։

Այնպես չէ, որ այս ամենը մեզ համար նորություն է։ Ամիսներ առաջ Սյունիքում մի 8 հոգու հանդիպեցի, կասկածեցի, ԱԱԾ-ն եկավ ստուգեց ու գնաց, պարզվեց՝ այլ երկրի քաղաքացիներ էին։ Կասկածում եմ, որ այդ մարդիկ վարձկաններ են, Ադրբեջանի կողմից վարձատրվում են, գալիս են Սյունիք, նկարահանումներ են անում ու վաճառում Ադրբեջանին, նույնիսկ ռուսներ ու քրդեր են եղել։

Կարդացեք նաև

Դրանց հարցնում եմ՝ ովքե՞ր եք, մեկն ասում է՝ ալպինիստ եմ, մեկն ասում է՝ դուրս եմ եկել լվացվելու, բա ա՛յ շան տղաներ, գիշերվա ժամին ի՞նչ գործ ունեք սարի գլխին։ Կապիկություններ են անում, էլի, բա սա իմ երկիրն է, թույլ չեմ տա, որ ազատ ինչ-որ մեկը գա ու պտտվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վլադիկ Գևորգյանը։

Ըստ մեր զրուցակցի, Կուրիսում այդ ենթադրյալ ադրբեջանցիներին տեսել է բնակիչներից Սլավիկը։

«Ասացին՝ մեր Սլավիկն է տեսել, լուրեր հասան, որ իրավապահները այնտեղ են»,- ընդգծեց Վլադիկ Գևորգյանը։

Կուրիսի հարևան գյուղի՝ Նռնաձորի վարչական ղեկավար Արա Ազինյանն էլ 168.am-ին փոխանցեց, որ լրահոսից է դեպքի մասին իմացել։

«Իմ իմանալով՝ Կուրիսում մի քանի բնակիչ է ապրում, այնտեղ ծանոթ-բարեկամ չունեմ։ Մանկապարտեզի հարցերով եմ զբաղված, վարչական ղեկավարի հետ չեմ էլ խոսել»,- շեշտեց Նռնաձորի վարչական ղեկավարը։

Կուրիսի նախկին ղեկավարն էլ ասաց, որ առհասարակ տեղյակ չէ, թե ինչ է կատարվել գյուղում։

«Ինչ է  տեղի ունեցել, տեղյակ չեմ։ Ես այս պահին Մեղրիում չեմ, ժողովների եմ մասնակցում Մեղրիից դուրս»,- 168.am-ին ասաց Արմեն Անտոնյանը։

Նշենք, որ ժամեր առաջ 168.am-ի հետ զրույցում ԱԱԾ լրատվականից պաշտոնապես հերքել էին, որ Կուրիս ադրբեջանցիներ են մտել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031