Ալիևը պահանջել է պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին՝ ադրբեջանցի պատանդներին խոշտանգելով սպանելու համար․ Փաշինյանը առևանգման «ռիսկ է ստեղծել» հայ զինվորների համար
Բաքվի՝ անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ այն ալիևյան ռեժիմի արտաքին և ներքին քաղաքական օրակարգում կարևոր գործոն է: Բազմիցս գրել ենք, որ այս համատեքստում Բաքուն ուզում է հասնել Հայաստանի նկատմամբ «արդարադատության»։
Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանը պահանջում է, ազգային դատարաններում և միջազգային իրավակիրառ մարմիններում պատասխանատվության ենթարկել հայ հրամանատարներին և ազատամարտիկներին:
Ավելի ուշ նաև այս համատեքստում հայտնել ենք, որ Բաքուն Հայաստանից կոնկրետ գեներալների է պահանջում:
Եվ եթե հիշատակված բոլոր դեպքերում Ալիևի պահանջն անուղղակի էր, ապա այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ադրբեջանի նախագահն Անհայտ կորածների հարցերով 4-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին իր ուղերձում անձամբ է նման պահանջ դրել, շեշտելով, որ չնայած հակամարտության ավարտին՝ անհայտ կորած համարվող Ադրբեջանի քաղաքացիների ճակատագրի պարզման հարցը շարունակում է մնալ երկրի պետական կարևորության հարցերից մեկը: Բնականաբար, խոսքը վերաբերում է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակաշրջանից անհայտ կորածներին, որոնց թիվն, ըստ Բաքվի ռեժիմի, 4010 է:
«Տևական խաղաղություն հաստատելու համար, բացի քաղաքական համաձայնություններից, անհրաժեշտ է հակամարտության հումանիտար հետևանքների լուծում։ Անհետ կորածների ճակատագրի պարզումն այս գործընթացի անբաժանելի մասն է և նրանց ընտանիքների առջև մեր բարոյական պատասխանատվությունը։ Այս պահի դրությամբ հայտնաբերվել է 32 զանգվածային գերեզման։ Մարդկային մնացորդների փորձաքննությունը ցույց է տվել, որ սպանված ադրբեջանցիները ենթարկվել են խոշտանգումների։ Կալանավորվածներին և պատանդներին միջազգային կազմակերպություններից թաքցնելը, նրանց խոշտանգումների իրականացմամբ սպանելը և հանցագործությունների հետքերը թաքցնելը միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են։ Այս գործողությունները պետք է ենթարկվեն իրավական գնահատականի»,- հայտարարել է Ալիևը:
Նրա այս պնդումներն արտացոլվել են նաև Շուշիի բանտի մասին վավերագրական ֆիլմում, որի հեղինակը լիտվացի լրագրող Ռիչարդաս Լապայտիսն է, ով վաղուց վայելում է Ալիևի հովանավորությունն ու ֆինանսավորումը, անգամ Ալիևի կողմից պարգևատրվել է:
Շուշիի բանտին առնչվող հայկական կողմին վերագրվող մեղադրանքների ամբողջ շրջանակին և իրականում ադրբեջանական կողմի իրականացրած հանցագործություններին անդրադարձել ենք «Հայերի «պահած» Շուշիի բանտից՝ մինչև Բաքվի բանտ. Ալիևի «ինքնախոստովանական արդարացումը» վերտառությամբ հոդվածում:
Իսկ Ալիևը շարունակել է, թե անհայտ կորածների որոնման արդյունավետությունն ուղղակիորեն կախված է ճշգրիտ տեղեկատվություն ստանալուց, և Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, պայմաններ ստեղծի համապատասխան արխիվների բացման և վկայությունների հավաքագրման համար։
«Դա կդառնա իրավական պարտավորություն և հումանիտար պատասխանատվություն, ինչպես նաև՝ խաղաղության հանձնառության գործնական արտահայտություն: Մարդկային ճակատագրերին վերաբերող տեղեկատվությունը չպետք է պայմանավորվի քաղաքական հանգամանքներով»,- շարունակել է Ադրբեջանի ղեկավարը:
Այսինքն, մի կողմից՝ Բաքուն անհայտ կորած Ադրբեջանի քաղաքացիների ճակատագրի պարզման հարցը դիտարկում է որպես խաղաղության հաստատման գործընթացի մաս՝ հղում տալով վաշինգտոնյան փաստաթղթերին, ինչի ռիսկերի մասին ահազանգել ենք, մյուս կողմից՝ Ալիևը Հայաստանին սպառնում է իրավական պատասխանատվությամբ, միաժամանակ հայտարարելով, թե չպետք է այս հարցը քաղաքական հանգամանքներով պայմանավորել:
Բայց այստեղ Բաքուն մոռանում է, որ հայկական կողմը ևս ղարաբաղյան առաջին պատերազմի և 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների ժամանակաշրջաններից անհայտ կորած անձինք ունի: Իհարկե, Ալիևը կարող է դրոշակ դարձնել այն հանգամանքը, որ հայկական կողմին 2000 զինծառայողի մասունք են հանձնել, որոնք, ըստ էության, առնչություն ունեն 2020 թվականի հետ:
Ադրբեջանը նաև կարող է ասել, որ 2026 թվականի հունվարին Հայաստանի փոխանցած՝ հայկական ծագում ունեցող 50 անձանց ԴՆԹ պրոֆիլների փորձաքննությունների ընթացքում հայտնաբերված աճյունների հետ համընկնումներ չեն եղել: Բայց իրականությունում նաև այլ փաստեր և ապացույցներ կան, այդ թվում՝ հայ գերիների խոշտանգումների և սպանությունների հետ կապված:
Ի դեպ, Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս անհայտ կորած անձանց ճակատագրերի հարցը կապել է խաղաղության գործընթացի հետ: Այս դեպքում պարտավորություն ունի նաև Բաքուն, և պայմաններ դնելու իրավունքներ ունի նաև Երևանը, այլ հարց է՝ որքանով ենք մենք օգտվում մեր այս իրավունքից:
Փոխարենը՝ Infocom-ի Ctrl Z հաղորդման ժամանակ անդրադառնալով Շաքիի միջադեպին, Նիկոլ Փաշինյանը հայ զինծառայողների՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքերը համեմատել է ադրբեջանցի զինվորների՝ ՀՀ-ում հանցագործ ելքով դեպքերի հետ: Նա, մասնավորապես, ասել է.
«Ադրբեջանի կողմից էլ են անցել, մեր կողմից էլ։ Եվ մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնելու դեպքերն անջատ ենք նայելու բոլոր դեպքերից (նկատի ունի Բաքվում պահվող հայերի հետ փոխանակելը.- Մ.Պ.): Ենթադրենք՝ գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տանք։
Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք մենք տալու։
Եղել է, որ զինվորն անցել է, ոչինչ չի արել, հանցագործություն չի արել, մենք զինվորին վերադարձնում ենք։ Եթե մենք անցած, մոլորված զինվորին նախապայմանով տանք, որ գերի վերադարձնեն, ծառայություն է, մեր մոտից էլ կարող է զինվոր անցնել, բա մե՞նք ում ենք տալու, որ զինվորին հետ բերենք»:
Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞, որ և՛ նախկին, և՛ հենց իր իշխանության օրոք ՀՀ ԶՈւ զինվորները հիմնականում մոլորվել են կամ առևանգվել, ընդ որում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում: Միայն 2021 թվականի մայիսյան առաջխաղացումների ժամանակ ՀՀ ինքնիշխան տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարվել էր 6 զինծառայող:
Նույն պատկերը 2021 թվականի նոյեմբերին ՀՀ տարածք ներխուժման և 2022 թ. սեպտեմբերյան մարտերի դեպքում էր: Բացի այս, 2023 թվականի մայիսին ՀՀ տարածքից գերեվարվել կամ առևանգվել էին Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ՝ Կարեն Աշոտի Ղազարյանը (ժամկետային զինծառայող) և Հարություն Յուրիկի Հովակիմյանը (պայմանագրային զինծառայող): Նրանք սնունդ և ջուր են տանելիս եղել ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքեր, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են՝ ՀՀ Ճակատեն և Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից։
Հիշեցնենք, որ 2023 թ. օգոստոսին պահեստազորային Գագիկ Ոսկանյանն ինքնակամ թողել էր մարտական դիրքը և մոլորվել, ավելի ճիշտ՝ ադրբեջանցիներն այդ պահին մոտեցել էին նրան և տարել: Ընդ որում՝ սնունդ տեղափոխած զինծառայողներին և պահեստազորային Գագիկ Ոսկանյանին, որոնք Ադրբեջանի ոչ մի քաղաքացու տուն չէին մտել, ոչ ոքի չէին սպանել, դիվերսանտ էին ներկայացրել, կամ՝ ահաբեկչություն փորձ կատարած, ազատազրկման դատապարտել: Եթե ավելի հետ գնանք, Ադրբեջանը դիվերսանտ է ներկայացրել անգամ ՀՀ տարածքից առևանգված կամ մոլորված ՀՀ քաղաքացիական անձանց, որոնք հետո բանտում սպանվել են և նրանց դիակներն են Հայաստան վերադարձվել:
Բավական է հիշել 2010 թվականի սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքը, որը գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից, ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու զինդատախազությունը համատեղ հաղորդագրություն էին տարածել, թե Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել, թեև դրանից առաջ նրան ցույց էին տվել Բաքվի հեռուստատեսությամբ, և նաև հասցրել պնդել, որ «հայ հովիվը հետախույզ է, որը գերեվարվել է դիվերսիոն գործողության ընթացքում»: Հայ հովիվը ենթարկվել էր խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, մարմնի վրա ֆիզիկական բռնության և խոշտանգումների բազմաթիվ հետքեր կային:
Ի դեպ, ընդդիմադիր Փաշինյանն այդ օրերին հայտարարում էր.
«Չեմ հավատում, որ քսանամյա Մանվել Սարիբեկյանը մոլորվել է, և ադրբեջանցիները ձերբակալել են հայ սահմանախախտին: Վստահ եմ, որ անհրաժեշտ է եղել «դիվերսանտ» հայտնաբերել, իրենք են խախտել մեր սահմանը և առևանգել հայ երիտասարդին` հակահայկական անհեթեթ առասպել հյուսելու համար: Ուրեմն` Մանվելի ողբերգական մահվան մեղքը ՀՀ իշխանությունների ուսերին է:
Հասկանում եմ, որ այս հայտարարությամբ հարվածում եմ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հեղինակությանը` կասկած հարուցելով մեր սահմանների հուսալիության նկատմամբ, բայց հո զոռով չի` չեմ հավատում: Գուցեև սխալվում եմ»:
2014-ին ևս մեկ նման սարսափելի դեպք էր արձանագրվել: Այս անգամ գերեվարվել էր Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, ով ևս դիվերսանտ էր ներկայացվել, այնուհետև սպանվել ադրբեջանական բանտում:
Եվ հիմա, երբ Փաշինյանն ակնարկում է, որ Շաքիում հանցագործություն կատարած Նասիմ Մուսաևն ինչ-որ պահի կարող է հանձնվել, բացառելով փոխանակումը՝ նշելով, որ «մեր մոտից էլ կարող է զինվոր անցնել, բա մե՞նք ում ենք տալու, որ զինվորին հետ բերենք», ըստ էության, առնվազն այս ընթացքում հայ զինվորներին առևանգելու «հիմք» է ստեղծում: Իհարկե, Բաքվում պահվող հայերի դեպքը չի կարելի նույնականացնել Շաքիում տեղի ունեցածի հետ, բայց այստեղ խոսքն այլ բանի մասին է:
Ի դեպ, Փաշինյանը, ով վերևում հիշատակված դեպքում կասկածի տակ էր դրել սահմանների հուսալիությունը, երբ խոսքը քաղաքացիական անձի մասին էր, Infocom-ին տված հարցազրույցում վտանգավոր խոստովանություն է արել, թե խաղաղության պայմաններում հայ զինվորների զգոնությունն այդ առումով թուլացել է, և ոչինչ, որ ադրբեջանական դիրքերն այսօր շատ մոտ են՝ քթի տակ:
Մի կողմից սա «նշմար» է Բաքվին, մյուս կողմից՝ Փաշինյանը վտանգում է բանակի հեղինակությունը և չեզոքացնում իր կուսակից նախարարի՝ պաշտպանողականության ամրապնդման մասին պնդումները: Եվ էական չէ, որ ադրբեջանցի զինվորի սահմանը հատելու և ՀՀ տարածքում օրեր շարունակ պտտվելու դեպքով դեռ ուղիղ և կոշտ բանակի ղեկավարությունը չի մեղադրվում:
Մյուս կողմից՝ ՔՊ-ական պատգամավորներն այս օրերին մեղադրական սլաքն ուղղել են ԱԱԾ-ին, ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը պայմանավորել սրանով, թերևս, մոռանալով, որ ԱԱԾ-ն ուղիղ ենթարկվում է Փաշինյանին:
Իսկ ընդդիմությունը նույն ժամանակ թիրախավորել էր Պաշտպանության նախարարին, թեպետ դեռ հայտնի չէ՝ ով է հայտնաբերել ադրբեջանցի զինծառայողին՝ բանակի՞ց, թե՞ ԱԱԾ-ից…





