Հայերի «պահած» Շուշիի բանտից՝ մինչև Բաքվի բանտ. Ալիևի «ինքնախոստովանական արդարացումը
Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն իրենց ուղերձներում նշում են, որ չեն զգում Հայաստանի Հանրապետության և նրա իշխանությունների ուշադրությունը:
Վերջերս նման պնդում արել էր ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը՝ հայտարարելով. «Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը»:
Նա նաև Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր պարզաբանել՝ Բաքվում գտնվողների կարգավիճակն՝ ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։
Այս ընթացքում իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն ահազանգում է, որ Ադրբեջանում (Բաքվում) պահվող հայ գերիներն ու պատանդներն իրենց ընտանիքների հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում բարձրաձայնել են առողջական խնդիրների և ստացված վնասվածքների մասին։
Panorama.am-ի հետ զրույցում նա, մասնավորապես, ասել է.
«Եվ այդ տեղեկություններն ընտանիքի անդամները մեզ են փոխանցել, ու դրա հիման վրա մենք ահազանգել ենք, իհարկե, նաև խնդիրը ներկայացրել ենք միջազգային կառույցներին։
Այստեղ այս իրավիճակն արդյունք է մեկուսացվածության. Կարմիր խաչի գործունեությունը դադարեցված է, նոր այցելություններ պայմանավորվածությունների արդյունքում ձեռք չեն բերվում։ Անկախ բժշկական հետազոտություններ չկան, անկախ փաստաբանական գործունեություն չկա, ինչը կարող է ֆիքսել և կանխել նման դեպքերը։ Եվ հասկանալի է, որ այս իրավիճակը հանգեցնելու է խոցելիության, հոգեբանական, ֆիզիկական այլ նոր, ծանր հետևանքների։
Կարծում եմ՝ առաջնահերթ է որևէ մարդասիրական առաքելություն իրականացնող կառույցի գործունեության վերականգնումը։ Կամ անկախ բժիշկների այցելության կազմակերպումը, կամ 3-րդ երկրի միջոցով հյուպատոսական այցելությունների կազմակերպումը»:
Միաժամանակ անհատական ահազանգ եղավ նաև Բաքվի բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակի մասին:
Ե՛վ նկարագրվածի, ինչպես նաև՝ շինծու մեղադրանքներով իբր բաց անցկացված «դատավարության» ֆոնին, և՛ նրա, որ ադրբեջանական բանտում պահվող հայերին հասանելիությունը հայկական համապատասխան գերատեսչություններին (եթե, իհարկե, ցանկություն եղել է) և միջազգային կառույցներին արգելված է, Ալիևը փորձում է «հայելային պատկեր» ստեղծել՝ սարսափազդու դրվագներով:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Շուշիի բանտի մասին վավերագրական ֆիլմ է տարածել, որի հեղինակը լիտվացի լրագրող Ռիչարդաս Լապայտիսն է, ով վաղուց վայելում է Ալիևի հովանավորությունն ու ֆինանսավորումը, անգամ՝ Ալիևի կողմից պարգևատրում ունի, ուստի ոչինչ չի խանգարում, որ տարիներ շարունակ միջազգային հարթակում և եվրոպացի գործընկերների շրջանում «ականատեսի աչքերով» տարածի «Խոջալուի ցեղասպանության» մասին Բաքվի թեզերը:

Եվ ոչինչ, որ Խոջալու (Իվանյան) գյուղի մոտ գտնվող Ստեփանակերտի օդանավակայանն ապաշրջափակելու և գյուղում տեղակայված ադրբեջանական կրակակետերը վնասազերծելու նպատակով իրականացվելիք ռազմական գործողությունից առաջ տեղի բնակչությանն անվտանգ հեռացնելու նպատակով հայերը բարձրախոսներով տեղեկացրել են ոչ միայն սպասվող գործողությունների, այլ նաև խաղաղ բնակչությունը տեղյակ է պահվել այն միջանցքի մասին, որտեղով Կարկառ գետի հովտով կարող էր և պետք է դուրս գար դեպի Աղդամ, որը վերահսկվում էր ադրբեջանցիների կողմից: Այսինքն, այդ հատվածում ադրբեջանցիների սպանությունների պատասխանատուն ադրբեջանական կողմն է, ինչը ժամանակին խոստովանել էր հենց Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, ով հետո ստիպված էր հրաժական տալ:
Դեռ չենք հիշատակում ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի (մահացել է 1992-ին)՝ Խոջալուի դեպքերի մասին հետաքննությունը:
Բայց Ալիևին պետք է և դեռ երկար է պետք լինելու Ռիչարդաս Լապայտիսի նմանների ծառայությունը, Հայաստանի հետ խաղաղության օրակարգը չի զսպելու կամ կանգնեցնելու նրան:
Եվ հիմա ալիևյան ռեժիմին ծառայող լիտվացի լրագրողը, ինչպես նշեցինք, որոշել է Շուշիի բանտի մասին ֆիլմ նկարահանել և պատմել, թե մարդկային ուղեղի մեջ չտեղավորվող «ինչպիսի սարսափելի պայմաններում են պահվել ադրբեջանցի ռազմագերիները, ինչ կտտանքների և նվաստացման են ենթարկվել հայերի կողմից»:
Եվ որպեսզի աշխարհին ավելի ընկալելի լինի՝ նա Շուշիի բանտը համարել է «Կովկասի Օսվենցիմ»: Ամեն ինչ այդքան զավեշտալի չէր լինի, եթե նախքան առաջին պատերազմի ժամանակ Շուշիի ազատագրումը, Բաքուն ինքն այնտեղ հայերի պահած չլիներ և իրապես կտտանքների ենթարկած չլիներ: Այս մասին կան և՛ հայերի վկայությունները, և՛ այդ ժամանակ օտարերկրյա անհատների և կազմակերպությունների արձանագրումները:
Օրինակ, «Առավոտ»-ի փոխանցմամբ, Իգնատ Մամյանի «Վիրավոր լեռան ճիչը» փաստագրական վեպում նկարագրվում է հետևյալի մասին.
«90-ականներին նրանք ոչինչ չեն խնայել թուրքի ճիրաններում հայտնված անմեղ զոհերին բանտերից հանելու, տուն վերադարձնելու համար: Իգնատ Մամյանի «Վիրավոր լեռան ճիչը» փաստագրական վեպը 1991թ. Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մոտ տեղի ունեցած մայիսյան ողբերգության անհայտ մանրամասների և գործողության մութ էջերի հետաքննությունն է: Անդրանիկ Քոչարյանի հեռախոսազանգի պատմությունից դարանակալ դեսանտային զորախմբի հրամանատարի խոսակցությունը Ոսկեպար եկող հայ ոստիկանների խմբից լեյտենանտ Հրանտ Հարությունյանի հետ, Ալիկ Պետրոսյանի հանկարծակի Երևան կանչվելու… Գրքի զգալի մասը նվիրված է այն ոստիկաններին, ովքեր վիրավոր ու ողջ գերեվարվելով տեղափոխվեցին Ադրբեջանի Հանրապետության բանտերը: Գրքում ներկայացված են հարազատները, ընկերները, պաշտոնատար անձինք, ովքեր ոչինչ չեն խնայել թուրքի ճիրաններում հայտնված անմեղ զոհերին բանտերից հանելու, տուն վերադարձնելու համար: Օգտագործված է նաև ռուս զինվոր Դիմա Ռյազանովի նամակը, հարցազրույցը ռուսական Պետական Դումայի պատգամավորի հետ:
«1991թ. գարնանը չծավալված պատերազմի նախաբեմերում մենք արդեն ունեինք կռիվ ու արյուն տեսած հարյուրավոր տղերք, որ արիության դասեր էին անցել Արցախի լեռներում, Հայաստանի հարավային սահմանների պահպանության մարտերում: Հայտարարված, թե չհայտարարված՝ պատերազմն այլևս անխուսափելի իրողություն էր, և ընտրյալներն արդեն ընդունել էին խաչերը, դարձել երկրապաշտ զինվորներ: Հանրապետությունը դեռևս չուներ պաշտպանության նախարարություն, չկար կազմավորված բանակ: Նրանք հիմնականում ընդգրկված էին նոր ձևավորված երկրապահ կամավորական ջոկատներում ու ՆԳ համակարգի կառույցներում, ջոկատներով սփռված սահմանամերձ տարածքներում՝ ի դեմս թշնամական արյունարբու ուժերի:
Այդ օրերին թունդ բախումներ էին լինում հատկապես Գորիս-Կապան սահմանագծին: Այստեղ մարտերից մեկի ժամանակ ՄՀՆՋ-ի տղաների մի խումբ՝ 16 հոգի, ուժերի խիստ անհավասարության պատճառով շրջապատման մեջ ընկավ ու գերվեց:
Օրեր անց հետախուզությունը պարզեց, որ նրանց տարել են Շուշիի բանտ և այնտեղ պահում են դաժան, անմարդկային պայմաններում՝ ենթարկելով սարսափելի խոշտանգումների: Հայ-ադրբեջանական տարածքներում կործանվող կայսրության վերջին ջղաձգումները կատարող խորհրդային բանակի միջնորդական առաքելությանն ապավինելը նույնն էր, թե հույս դնեիր ադրբեջանցիների խղճմտանքին ու բարոյականությանը:
Շատ տարիներ հետո Ալեքսանդր Մկրտչյանը պիտի ասեր՝ «Մեր ընկերներին մենք էինք ազատելու ազերիների սոսկալի բանտից, բայց ինչպես՝ չէինք կարողանում կողմնորոշվել»:
Իսկ միջոցը միայն մեկն էր՝ փոխանակություն: Ադրեջանցի գերիներ էին հարկավոր, որպեսզի փոխանակեն Շուշիում խոշտանգվող տղաների հետ»:
Հիշեցնենք,առաջին պատերազմից շատ տարիներ հետո ադրբեջանական բանտերում կտտանքների ենթարկված և մահացած ՀՀ քաղաքացիների դեպքերը՝ Մանվել Սարիբեկյան, Կարեն Պետրոսյան և այլն: Մինչդեռ Արցախում դատապարտված և Շուշիի բանտում պատիժը կրած ադրբեջանցի դիվերսանտ-մարդասպաններ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը ողջ և առողջ վերադարձվեցին Ադրբեջան, որոնք, ըստ էության, պահման պայմանների հետ կապված ոչ մի բողոք չեն ունեցել:
Այսինքն, Ալիևի «մաքրման» փորձերը գուցե միջազգային որոշ շրջանակների մոտ հաջողություն գրանցեն, բայց դրանք անհիմն են, կամ՝ առնվազն չեն արդարացնում Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը պահելը:
Ի դեպ, կոնկրետ Շուշիի բանտի մասին ֆիլմի դեպքում, անուղղակի ինքնախոստովանություն կա:


