Բաքուն պահանջում է ազգային դատարաններում և միջազգային իրավակիրառ մարմիններում պատասխանատվության ենթարկել հայ հրամանատարներին և ազատամարտիկներին
Բաքվի՝ անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ ալիևյան ռեժիմի արտաքին և ներքին քաղաքական օրակարգում կարևոր գործոն է:
Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանում IDMS համակարգ է ներդրվել, ՀՀ ԱԱԾ-ից 168.am-ին վստահեցնում են, որ Հայաստանին առնչվող տվյալներ չեն պահվելու: Իսկ Ադրբեջանը գործարկել է օնլայն հարցումների կենտրոնը (OIC)՝ որպես թվային հարթակ անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրման, մշակման և համակարգման համար, ավելին, Բաքվից ՀՀ քաղաքացիներին համագործակցության առաջարկ էր արվել, ինչն իր ռիսկերն ու հետին նպատակները, բնականաբար, ունի: Սա ավելի ուշ անուղղակի և ուղղակի հաստատել էր հենց ադրբեջանական քարոզչամեքենան, երբ անհայտ կորածների ճակատագրերի պարզման համատեքստում հիշել էր Մանվել Գրիգորյանին, խոսելով Ադրբեջանի քաղաքացիական անձանց և ռազմագերիների զանգվածային գերեզմանների հայտնաբերման մասին, այդ թվում՝ Էդիլլուում (Ուխտաձոր, սրա պաշտպանության հետ է նաև կապվում գեներալ Մանվել Գրիգորյանի անունը:- Մ.Պ.):
Օգոստոսի 30-ն Անհայտ կորածների հիշատակման միջազգային օրն է, և այս ֆոնին Բաքուն ակտիվացրել է անհայտ կորածների հայտնաբերմանն առնչվող հայկական կողմին ուղղված պահանջները, ներքին խնդիրների համատեքստում ապահովելով նաև էմոցիոնալ կողմը՝ անհատական պատմությունների ներկայացման և անհայտ կորածների հարազատների հետ հարցազրույցների միջոցով: Ադրբեջանը պնդում է, որ մինչև այս պահը հայտնաբերվել է «32 զանգվածային 32 գերեզման, այդ թվում՝ 5-ը Քարվաճառում 2-ը՝ Մարտունիում, 4-ը՝ Շուշիում, 2-ը՝ Վարանդայում՝ (Ֆիզուլի), 6-ը՝ Խոջալուում, 2-ը՝ Մարտակերտում, և 1-ը՝ Աղդամում»:
Եվ այստեղ Բաքուն հիշեցնում է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում անհայտ կորած անձանց վերաբերյալ դրույթ կա, և Հայաստանը պետք է տեղեկություններ տրամադրի ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից և անհայտ կորած ադրբեջանցի կամավորների մասին:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի հոդված 9-ը սահմանում է.
«Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով:
Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով»:
Այստեղ առկա որոշ ձևակերպումների ռիսկերի մասին մենք զգուշացրել ենք, ինչի հիմնավորվածության մասին վկայում են հենց Մանվել Գրիգորյանին առնչվող և վերևում հիշատակված ադրբեջանական մեղադրանքները: Բայց Մանվել Գրիգորյանը միակը չէ, որ մեղադրվել է ադրբեջանական գերիներին «սպանելու մեջ»:
Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը հրաժարվել է տեղեկություններ տրամադրել Ղարաբաղի առաջին պատերազմին մասնակիցների հնարավոր գերեզմանների գտնվելու վայրերի, մասնավորապես՝ Ադրբեջանի ազգային հերոս Նատիգ Գասիմովի աճյունի գտնվելու վայրի վերաբերյալ։
Մենք ոչ մեկ անգամ գրել ենք, որ Բաքվում «Խոջալուի դեպքերի» համատեքստում հաճախ են հիշում անհայտ կորած համարվող Ադրբեջանի ազգային հերոս Նատիգ Գասիմովին և պնդում, թե նրան «սպանել է Վիտալի Բալասանյանը»: Իսկ Գասիմովի ընտանիքն Ալիևի մշտական ուշադրության կենտրոնում է, ինչը, իհարկե, արվում է նաև քարոզչական նպատակներով:
Բաքուն ոչ մեկ անգամ հայտարարել է, որ «անհրաժեշտ է իրավական գնահատական տալ ադրբեջանցիների դեմ հայերի «իրականացրած ցեղասպանությանը», և, որ այն առավել ակտուալ է դառնում»:
Իսկ օրերս Միլի Մեջլիսի անդամ Քամրան Բայրամովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում կրկնել է, ըստ էության, այս պահանջը:
«Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանի զանգվածային գերեզմանների հայտնաբերումը բարդ գործընթաց է, որն իրենից ներկայացնում է ոչ միայն մարդասիրական հարց, այլ հարց, որը կարող է իրավական հետևանքներ ունենալ ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի համատեքստում։
«Ադրբեջանի Քրեական օրենսգրքի՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններին, ինչպես նաև՝ պատերազմի օրենքների և կանոնների խախտումներին վերաբերող դրույթները թույլ են տալիս մահվան առանձին փաստերը տարբեր դրվագների ձևով քննության առնել մեկ քրեական գործի շրջանակում։
Գլխավոր դատախազության կողմից իրականացվող քննության շրջանակում հայտնաբերված յուրաքանչյուր նոր գերեզման և մարդկային աճյուն կարող է դիտարկվել ոչ թե՝ որպես առանձին քրեական գործ, այլ՝ որպես առկա քրեական գործի նոր դրվագ կամ իրեղեն ապացույց։
Միասնական քննության շրջանակում հավաքված ապացույցները, այդ թվում՝ համապատասխան զորամասերի գտնվելու վայրի, հրամաններ տված անձանց և տարածքը վերահսկած հրամանատարների վերաբերյալ տեղեկությունները, կարող են իրավական հիմք ստեղծել կոնկրետ անձանց քրեական պատասխանատվության հարցը քննելու համար։
Բավարար իրավական և ապացուցողական բազայի ձևավորման դեպքում այս նյութերն ապագայում կարող են հիմք հանդիսանալ ազգային դատարաններում կամ համապատասխան միջազգային իրավակիրառ մարմիններում պատասխանատվության հարց բարձրացնելու համար։ Այսինքն, նման փաստերը կարող են իրավական գնահատականի արժանանալ ոչ թե որպես առանձին ներպետական հանցագործություններ, այլև՝ որպես զանգվածային և համակարգված բնույթ ունեցող հանցագործությունների մաս»,- շարունակել է ադրբեջանցի պատգամավորը:
Արդյո՞ք սա ևս չի հաստատում այն, ինչի մասին գզգուշացրել ենք, որ Ադրբեջանը Հայաստանից կարող է պահանջել պատասխանատվության ենթարկել ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից հայերին, ազատամարտիկներին, Արցախի և ՀՀ-ի նախկին ռազմաքաղաքական ղեկավար անձանց, որոնք իրենց թիրախում են վաղուց: Չի բացառվում, այդ թվում՝ հիմք համարելով Հայաստան-Ադրբեջան վաշինգտոնյան նախաստորագրված համաձայնագիրը:
Արդյո՞ք ռազմական հանցագործ Ադրբեջանի նկատմամբ նման պահանջներ չպետք է դնի Հայաստանը՝ ունենալով Առաջին պատերազմի ժամանակաշրջանից և 44-օրյա պատերազմում անհայտ կորած անձինք, հատկապես, երբ Ադրբեջանի ռազմական հանցագործ լինելը հաստատել է ՄԻԵԴ-ը, մասնավորապես՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ դաժանաբար սպանված Մատաղիսի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, մայոր Հայկ Թորոյանի գործի շրջանակում:
ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում)։
Նշենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած մայոր Հայկ Թորոյանի մահը վրա է հասել գլխատման հետևանքով:
Հայաստանն այս գործերով ներգրավված էր որպես երրորդ կողմ՝ ըստ դատարանի ընթացակարգերի, և չնայած Ադրբեջանը շարունակաբար հերքում էր իր մեղավորությունը, բայց հայկական կողմի մանրակրկիտ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել ներկայացնել անհերքելի ապացույցներ, այդ թվում՝ ադրբեջանական լրատվական ալիքներից նյութեր:
Եվ հետո ցանկացած համաձայնագիր կամ պայմանագիր պարտականություններ և իրավունքներ է սահմանում բոլոր կողմերի համար, և Հայաստանը ևս չպետք է մոռանա սրա մասին, անկախ նրանից՝ որքանո՞վ են Բաքվի մեղադրանքները հիմնավոր, իսկ եթե հիմնավոր չեն՝ առավելևս: Պետք է հայելային գործողություն Ալիևի ցանկացած նման պնդման, մի բան, որին չի գնում ՀՀ իշխանությունը: Մինչդեռ կամ պետք է ապացուցել Բաքվի ռազմական հանցագործ լինելը քրեական գործերով, կամ՝ կատարել ադրբեջանական նշված պահանջները, ո՞րն է ձեռնտու իշխանություններին, կարծես թե երրորդ ճանապարհ Հայաստանի հետ խաղաղության գնացող Ադրբեջանը չի թողնում, որը հայկական պետությանը հասցեագրում է նաև «ականային ահաբեկչության» մեղադրանք:
Օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի կողմից տրամադրված ականապատ դաշտերի քարտեզների մեծ մասը ոչ ճշգրիտ և թերի է, և, որ «ականներ և ականապատ թակարդներ հայտնաբերվում են ոչ միայն նախկին ռազմական դիրքերում, այլև ճանապարհների երկայնքով, բնակելի տարածքների մոտակայքում, գերեզմանատներում, գյուղատնտեսական նշանակության հողերում, անտառներում, գետերի ափերին և քաղաքացիական կյանքի հետ կապված այլ վայրերում»:
Այս պահի դրությամբ, ըստ Ալիևի, ականազերծվել է ընդամենը 298 հազար հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 260 147 ական և չպայթած զինամթերք:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ օկուպացված Արցախում դրվել է ավելի քան 1 միլիոն ական:

