Բաքուն սեղմում է օղակը Փաշինյանի շուրջ. Նոր պահանջներ, այդ թվում՝ գեներալներին առնչվող
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի մասին, մասնավորապես նշել է.
«Արդեն երկուսուկես տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, և սա, կարծում եմ, այն մեծագույն արժեքն է, որը ստեղծվել է վերջին տարիների համագործակցությամբ։
Անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չենք ունեցել, չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»:
Դիտավորությո՞ւն է, թե՞ չիմացություն, որ ՀՀ ղեկավարը, ըստ էության, «ադրբեջանցի» էթնոնիմին դարերի պատմություն է վերագրում, երբ, ըստ մասնագետների, «ադրբեջանցի» էթնոնիմի պաշտոնական պատմությունը սկսվում է 1930-ականներին: Այսինքն, ժամանակակից ադրբեջանական ազգը՝ որպես ձևավորված ազգային ինքնություն, չունի դարերի անընդհատ պատմություն՝ հակառակ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ներկայացրածի:
Բացի այս, եթե մի պահ վերանանք պատմական էթնիկ փաստերից, ապա ճշմարտության հետ աղերս չունի նաև «դարերի խաղաղ գոյակցություն» ասվածը:
Փաշինյանը երևի տեղյակ չէ 1918թ․ Բաքվի հայության սահմռկեցուցիչ ջարդերից, 1920թ․ Շուշիի կոտորածից և ոչ միայն, մոռացել է 1988-1991թթ․ Ադրբեջանական ԽՍՀ-ում և 1992թ. Ադրբեջանի Հանրապետությունում պետության կողմից խրախուսված ցեղասպանական գործողությունների մասին (Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդեր, Հյուսիսային Ղարաբաղի հայերի բռնի, ջարդերով ուղեկցվող տեղահանում):
Ի դեպ, տարբեր առիթներով ներկայացրել ենք, օրինակ, թե ինչ թիվ են կազմել հայերը Շուշիում տարբեր ժամանակներում և ինչի արդյունքում են ադրբեջանցիների թվերն աստիճանաբար ավելացել, այս փաստն անտեսել չի կարելի:
Օրինակ, տարբեր տեղեկություններով, 1886-ին Շուշի քաղաքի բնակչության 56.7 տոկոսը կազմել են հայերը, 43.3 տոկոսը՝ թաթարները: Արդեն 1926-ին հայերի թիվը Շուշի քաղաքում կազմում է 1.8 տոկոս, թյուրքերինը՝ 96 տոկոս:
Ինչպես նշեցինք, 1920 թ. մարտի 23-26-ն Ադրբեջանի զինված ստորաբաժանումները Շուշիի թաթարական հրոսակախմբերի հետ կազմակերպեցին և իրականացրին տեղի հայկական բնակչության ջարդ։ Տարբեր աղբյուրներում նշվում է մինչև 8-10 հազար սպանվածի մասին: Բնականաբար, սա հանգեցրել է հայաթափման:
Իսկ ժամանակին հայերի ջարդերի մասին տարբեր առիթներով հիշեցնում էր Փաշինյանի թիմակից, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, որի «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն Ալիևի պահանջով և խաղաղության օրակարգի համատեքստում դեռ չէր դադարեցրել իր առաքելությունը:
Եվ ոչինչ, որ ալիևյան պաշտոնյաները և քաղհասարակությունն ամեն օր էլ ավելի է սաստկացնում Հայաստանի դեմ իրավաքաղաքական, պատմաքաղաքական, քաղաքական պատերազմը, առաջ քաշում նոր պահանջներ: Վերջին շրջանում նոր թափ է ստացել Ալիևի կողմից հովանավորվող «արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքը: Վերջին հայտարարությունը նրանց կողմից արվել է այսօր:
«Հայաստանի այն քաղաքականությունը, որ մեղադրում է Ադրբեջանին և ժխտում իր պետական պատասխանատվությունը կատարված հանցագործությունների համար, դատապարտված է ձախողման։
Մենք՝ արևմտյան ադրբեջանցիներս, երբեք չենք մոռանա մեր պատմամշակութային ժառանգությունը, որը ոչնչացվել կամ «կեղծվել» է Հայաստանի կողմից, այդ թվում՝ Կապույտ մզկիթը, Սարդարի պալատը, աշուղ Ալեսկերի գերեզմանը, ինչպես նաև՝ «ալբանա-քրիստոնեական» ժառանգությունը։
«Արևմտյան Ադրբեջանի» համայնքը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հասարակությանը պատրաստել խաղաղության, թույլ չտալ հարաբերությունների կարգավորմանը հակասող հայտարարություններ և գործողություններ։ Մենք կոչ ենք անում հայ հասարակությանը հրաժարվել պատրանքներից և ռևանշիզմից»,- հայտարարել են «արևմտյան ադրբեջանցիները»»:
168.am-ը գրել է, որ մոտ 2 տարի առաջ Ալիևը խոստացել է «արևմտյան ադրբեջանցիներին» Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղ վերադարձնել՝ «մենք կվերականգնենք հայերի կողմից ավերված աշուղ Ալեսկերի հուշարձանը և նմանատիպ արարողություն կանցկացնենք Աղքիլսա (ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում.- Մ.Պ.) գյուղում»:
Իսկ այս օրերին «Խաղաղության կամրջի» ադրբեջանական պատվիրակության անդամ, Ադրբեջանի նախագահին մերձակա քաղաքագետ Ֆարհադ Մամեդովն իրենք իրավունք է վերապահել սահմանել՝ ում պետք է Հայաստանում ռևանշիստ համարել, ում՝ ոչ:
«Ո՞ւմ համարել Հայաստանում ռևանշիստ, իսկ ո՞ւմ՝ ոչ ռևանշիստ։
«Խաղաղության կամուրջ» ադրբեջանական խմբի հայտարարության մեջ ընդգծվում էր, որ հայ հասարակության մեջ սրվել է ռևանշիստական միտումներով դիսկուրսը։
Ի պատասխան՝ «Խաղաղության կամուրջ» հայկական խմբի ներկայացուցիչները հերքում են ընդունված հայտարարության մեջ առկա ռևանշիստական բովանդակությունը՝ պնդելով, որ Հայաստանը փաստաթղթերով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ամեն հարմար առիթով հիշեցնում այդ մասին…
Նշենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Հայաստանի կառավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը 2022 թվականի սեպտեմբերից հետո հարկադրված քայլ էր։ Մինչև 2023 թվականի վերջը Հայաստանը, արտաքին դերակատարների ներգրավմամբ, փորձեր էր ձեռնարկում կասկածի տակ դնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Չստացվեց… Հետևաբար, տարածքային ամբողջականության ճանաչումը տեղի ունեցավ այլ տարբերակների բացակայության պատճառով… Դա ռևանշիզմի բացակայության նշան չէ։
Ռևանշիզմը կամ ոչ ռևանշիզմը տարբերակելու համար դիմենք այն կոնտենտին և չափանիշներին, որոնք պետք է սահմանագիծ դառնան այս երկու բնորոշումների միջև։
Փորձենք պատասխանել վերնագրում դրված հարցին։
Ռևանշիստներն Ադրբեջանի տարածքների շուրջ քառորդդարյա օկուպացիան ճանաչում են՝ որպես «հայ ժողովրդի պատմական նվաճում», իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտությունը գնահատում են՝ որպես «տարածքների կորուստ»։
Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես ոչ ռևանշիստներ, ասում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետևաբար՝ ըստ լռելյայն տրամաբանության, պետք է ճանաչեն նաև այդ տարածքների 25 տարի շարունակ օկուպացված լինելու փաստը, և այդ մասին խոսեն հայ հասարակության հետ։ Չէ՞ որ հենց սա է Հայաստանի վարչապետի այն հայտարարությունների էությունը, թե «Ղարաբաղյան շարժումը փակված է», քանի որ այն Հայաստանին հասցրեց աղետի։ Երբ ասում եք «Ա», պետք է ասեք նաև «Բ»։
Ռևանշիստները փառաբանում են Ղարաբաղյան պատերազմի հերոսներին, որոնք «իրականացրել են էթնիկ զտումներ Ստեփանակերտում և Շուշիի բանտում ստեղծել համակենտրոնացման ճամբարներ, ադրբեջանցիներին պահել շղթաների վրա» (չակերտը.- Մ.Պ.):
Այդ «հանցագործությունների» հետևանքով շուրջ 4 հազար ադրբեջանցիների ճակատագրի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ։ Իսկ Հայաստանում ազատ ապրում են Հայաստանի ԶՈւ գեներալներ, որոնք տեղեկություններ ունեն ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների մասին՝ Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Գուրգեն Մելքոնյանը, Արշավիր Ղարամյանը, Կամո Վարդանյանը, Կարեն Գրիգորյանը, Արթուր Աղաբեկյանը, Վիտալի Բալասանյանը, Վարդան Բալայանը և այլք…
Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես ոչ ռևանշիստներ, հայ հասարակության մեջ որևէ գործողություն չեն ձեռնարկում անհետ կորածների թեման արդիականացնելու և հակամարտության հումանիտար հետևանքների հարցում ներդրում ունենալու ուղղությամբ։ Նույնիսկ ակնարկ չկա «արցախյան գեներալներին» զանգվածային գերեզմանների մասին տեղեկություններ տրամադրելու գործընթացում ներգրավելու մասին։
Ռևանշիստները հավանում են Ադրբեջանում ականային միջադեպերի զոհերի մասին տեղեկատվությունը։
Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես ոչ ռևանշիստներ, ոչինչ չեն անում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման թեման արդիականացնելու ուղղությամբ և որևէ կարեկցանք չեն ցուցաբերում հակամարտության այն զոհերի նկատմամբ, որոնք տեղի են ունենում այստեղ և հիմա։
Ռևանշիստներն արդարացնում են ուրբիցիդը Ղարաբաղում, ադրբեջանական քաղաքների և գյուղերի ավերումը։
Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես ոչ ռևանշիստներ, չեն հիշատակում Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած զանգվածային ավերածությունները։ Չէ՞ որ Հայաստանի տարածքում ոչինչ չի ավերվել։ Օկուպացիան, ավերածությունները, թալանը տեղի են ունեցել Ադրբեջանի տարածքում։
Տորթի վրայի բալը…
Ռևանշիստներն ամենուր և ամեն առիթով բարձրացնում են ռևանշիստների խմբի թեման, որոնք ստացել են արդարացի դատավճիռներ և պատիժ են կրում Ադրբեջանում։ Ընդ որում՝ 19-ից ոչ ոք չի ընդունել իր մեղքը, չի զղջացել և ընտանիքի հետ կապի միջոցով շարունակում է ռևանշիզմի կոչեր տարածել։
Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես ոչ ռևանշիստներ, մշտապես բարձրացնում են ամենամոլի ռևանշիստների ազատ արձակման հարցը։
Ահա այսպիսի կոգնիտիվ դիսոնանս…
Այս համատեքստում հատկանշական է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի լուսանկարը՝ կրծքին «ԼՂՀ»-ի մեդալով, բայց մեդալների շղթայից «տետրիսը» հեռացված։ Ինչ-որ կիսատ-պռատ է ստացվում ռևանշիզմից հրաժարումը։
Այսպիսով, ինչպե՞ս հասկանալ՝ Հայաստանում ով է ռևանշիստ, իսկ ով՝ ոչ ռևանշիստ։
Ո՞ւմ հետ գործ ունենալ խաղաղության օրակարգի շրջանակներում։ Ամեն օր հայկական «Խաղաղության կամուրջ» հայկական խմբի ներկայացուցիչները «նյուզմեյքերությամբ» են զբաղվում՝ ավելի սրելով առանց այդ էլ բարձր լարվածությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալիևին մոտ կանգնած ադրբեջանցի քաղաքագետը, ով Արցախի դեմ 2023 թվականի հարձակումից առաջ առաջին ձեռքից տեղեկություններ է տարածել, որոնք իրականություն դառան:
Հիշեցնենք, որ 168.am-ը «Հայերի «պահած» Շուշիի բանտից՝ մինչև Բաքվի բանտ. Ալիևի «ինքնախոստովանական արդարացումը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել ենք Շուշիի բանտի հետ կապված ադրբեջանական մեղադրանքներին: Մենք գրել ենք նաև, որ Բաքուն ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած անձանց համատեքստում պահանջել է ազգային դատարաններում և միջազգային իրավակիրառ մարմիններում պատասխանատվության ենթարկել հայ հրամանատարներին և ազատամարտիկներին, որ հասկացրել է, որ Բաքվում պահվող Արցախի նախկին պաշտոնյաների և ոչ միայն «պատերազմական հանցագործությունների» թեման խաղաղության օրակարգից դուրս է, եթե խոսքը նրանց ազատմանն է վերաբերում:
Եվ, որ ամենակարևորն է՝ Ալիևը դեռ տարիներ առաջ պահանջել էր հետաքննել 44-օրյային առնչվող «Գյանջայի դեպքերը» և պատժել մեղավորներին, իսկ Բաքվի «դատավարության» ժամանակ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունից ցուցմունքներ կորզելու միջոցով նույնիսկ կոնկրետ անուններ են տրվել՝ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյան, ՀՀ ԶՈւ կոնկրետ ստորաբաժանումների սպաներ։
Ավելին, դեռ պատերազմի օրերին և դրանից առաջ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը պահանջել էր «Գյանջայի դեպքերի» համար դատել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին:


