IDMS համակարգի ներդրմամբ Ադրբեջանում Հայաստանին առնչվող տվյալներ չեն պահվելու. ՀՀ ԱԱԾ
Հուլիսի 1-ին՝ «ՀՀ ԱԱԾ-ին ի՞նչ տեղ է հատկացրել Բաքուն անհայտ կորածներին առնչվող IDMS համակարգ ունենալու գործում, արդյո՞ք ռիսկեր կան ՀՀ քաղաքացիներին ուղղված առաջարկում» վերտառությամբ հոդվածում ահազանգել ենք կոնկրետ ռիսկերի մասին:
Նույն օրը գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ մասնավորապես պարզելու, թե արդյո՞ք ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պայմանավորվածությունները տեղափոխվել են գործնական փուլ, կամ՝ արդյո՞ք ՀՀ ազգային անվտանգությանն առաջարկվել է համատեղ միասնական բազա ստեղծել անհայտ կորած անձանց վերաբերյալ, եթե՝ այո, ինչո՞ւ է այս դեպքում դուրս մնացել գործընթացից, և արդյո՞ք ՀՀ քաղաքացիներն ԱԱԾ միջոցով են Բաքվին համապատասխան կոնֆիդենցիալ տեղեկություններ փոխանցելու, ինչպե՞ս է վերահսկվելու այս ռիսկային գործընթացը, և այլն:
Եվ մինչև Նիկոլ Փաշինյանին ուղիղ ենթակա Ազգային անվտանգության ծառայությունը կպատասխաներ մեր հարցադրումներին, Ադրբեջանը գործարկում է օնլայն հարցումների կենտրոնը (OIC)՝ որպես թվային հարթակ անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրման, մշակման և համակարգման համար:
Ավելին, անհայտ կորած անձանց հաշվառման գործընթացի համատեքստում Բաքուն մի քանի վտանգավոր հարց է առաջ բերում, որին հուլիսի 4-ին անդրադարձել ենք մեկ այլ՝ «Ալիևի առաջարկը ՀՀ քաղաքացիներին և պատասխանը Փաշինյանին՝ «ադրբեջանցիների դեմ «իրականացված ցեղասպանությանն» իրավական գնահատական տալու հարցն առավել քան ակտուալ է» հոդվածում:
Իսկ հուլիսի 6-ին հրապարակել ենք «Ալիևը «մաքրում» է իրեն. ինչո՞ւ է Բաքուն հիշել Մանվել Գրիգորյանին, ով է լինելու հաջորդը» վերնագրով հոդվածը, քանի որ Բաքվի քարոզչամեքենան հիշել է Մանվել Գրիգորյանին, նշելով, որ թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն ավարտված է, առաջ է մղվում խաղաղության գործընթացը, նախաստորագրված և ստորագրված վաշինգտոնյան փաստաթղթեր կան, սակայն Առաջին պատերազմն և դրա հետևանքները հանգիստ չեն տալիս, հատկապես, երբ, ըստ Բաքվի, 4000 անհայտ կորած ունեն:
Սրանից հետո ստացել ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատասխան-գրությունը, որտեղ նշվում է.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված Ձեր՝ 01.07.2026թ. հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) համագործակցում է անհայտ կորած անձանց հարցերով ներգրավված բոլոր իրավասու մարմինների և միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի (ICMP) հետ:
Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի (ICMP) կողմից մշակված IDMS (Integrated Data Management System) համակարգը նախատեսված է յուրաքանչյուր երկրի կողմից ազգային մակարդակով անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների կառավարման համար: IDMS համակարգը Ադրբեջանում ներդրվում է Ադրբեջանում գոյություն ունեցող տարբեր տվյալների բազաները մեկ հարթակում միավորելու համար:
Այն չի վերաբերում Հայաստանի և Ադրբեջանի համատեղ տվյալների բազայի ստեղծմանը կամ Հայաստանի տվյալների՝ Ադրբեջանում պահելուն: Յուրաքանչյուր կողմ վարում է իր ազգային տվյալների բազան, իսկ համագործակցությունը իրականացվում է բացառապես մարդասիրական ձևաչափով:
Հայաստանի Հանրապետությունում ևս աշխատանքներ են տարվում անհայտ կորած անձանց միասնական էլեկտրոնային ռեեստրի ստեղծման ուղղությամբ, որի նպատակն է լինելու ապահովել անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող բոլոր ներգրավված կառույցների միջև տեղեկատվության առավել արդյունավետ կառավարումը, փոխգործակցությունը և աշխատանքների համակարգումը:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ աշխատանքներին, ապա դրանք իրականացվում են երկու կողմերի համապատասխան հանձնաժողովների միջև հաստատված աշխատանքային ձևաչափով՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ 2020թ. 44-օրյա պատերազմի, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդած ժամանակահատվածում անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը հանրայնացման ենթակա բոլոր տեղեկությունները հրապարակում է»:
Արձանագրենք, որ ԱԱԾ-ն հստակ և կոնկրետ չի անդրադարձել հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պայմանավորվածությունները տեղափոխվել են գործնական փուլ, որը վերաբերում էր համատեղ որոնողական աշխատանքների իրականացմանը, հատկապես, երբ դրանից հետո ադրբեջանական կողմը պարբերաբար առաջին պատերազմում իր անհայտ կորած անձանցից մասունքներ է գտնում օկուպացված Արցախի տարբեր տարածքներում:
Ի վերջո, տեղեկություններ փոխանցվում էին նախքան Արմեն Աբազյանի նշված կոնկրետ պայմանավորվածությունը:
Նիկոլ Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ն շրջանցել է ևս մեկ շատ կարևոր հարց՝ արդյո՞ք ՀՀ քաղաքացիներն ԱԱԾ-ի միջոցով են Բաքվին համապատասխան կոնֆիդենցիալ տեղեկություններ փոխանցելու, ինչպե՞ս է վերահսկվելու այս ռիսկային գործընթացը, օրինակ, եթե ՀՀ քաղաքացին որոշի Ադրբեջանի գործարկած օնլայն հարցումների կենտրոնի հարցերին պատասխանի: Հուսանք, վերահսկվում է, և որևէ քաղաքացի չի փորձի գործիք դառնալ Ադրբեջանի ձեռքում՝ ընդդեմ առաջին պատերազմով անցած որևէ հայի, ազատամարտիկի, զինվորականի, հրամանատարի:

