ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման հիմնական պայմանների շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները։
Նա նշել է, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ մեկնում է Բեռլին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Եվրոպայի ղեկավարների հետ բանակցություններ վարելու «Կամեցողների կոալիցիայի» երկրների հանդիպման շրջանակում։
«Այս ուղևորության ընթացքում մեր առաջնահերթություններն են ավելի սերտորեն համակարգել գործողություններն Ուկրաինայի և Եվրոպայի հետ, աշխատել տևական խաղաղության առանցքային տարրերի շուրջ միասնական դիրքորոշման մշակման վրա և համատեղ պատրաստել օրակարգն ու առաջարկել բազմակողմ բանակցությունների հաջորդ փուլի ձևաչափը», – գրել է Քուշները X հարթակում։
Նա հավելել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև, թե ինչպես կարող է «Կամեցողների կոալիցիան» նպաստել պատերազմից հետո անվտանգության մեխանիզմների ձևավորմանը, այդ թվում՝ «Ուկրաինայի անվտանգության հուսալի երաշխիքների ապահովմանը և ավելի լայն շրջանակի ստեղծմանը, որը կամրապնդի Եվրոպայի կայունությունը և կնվազեցնի ապագա հակամարտությունների վտանգը»։
Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին կայացել են եռակողմ բանակցություններ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի թիմերի միջև։ Նոյեմբերի 12-ին Ուիթքոֆն ու Քուշները մեկնել են ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Այնուհետև նույն օրը նրանք Դուբլինում հանդիպել են Վոլոդիմիր Զելենսկու հետ և խորհրդակցություններ անցկացրել Ուկրաինայի, Եվրամիության, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Լեհաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։

