Պուտինի հետ հանդիպումից առաջ ԵԽԽՎ-ից ապտակեցին, ասացին՝ խելո՛ք մնա, մենք ամեն ինչ գիտենք. Արթուր Մարտիրոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Հանրայինով սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի, Արցախի վրա հարձակման օրը, Թաթայի համերգը հեռարձակելը միանշանակ կանխամտածված քայլ էր իշխանությունների կողմից, քանի որ այս իշխանությունը նպատակ ունի առհասարակ մարդկանց հիշողությունից հանել Արցախը, մեր հերոսներին: Թիրախը, իրենց նպատակն այն է, որ դու այդ օրը զվարճանաս ու մոռանաս Արցախը: Սա մանկուրտ դառնալու ամենակարճ ճանապարհն է:

Կարդացեք նաև

• Ես ո՛չ ՀՅԴ-ական եմ, ո՛չ էլ մեկ այլ կուսակցության անդամ, բայց երբ ՔՊ-ն ասում է՝ ՀՅԴ-ն արմատախիլ եմ անելու, ակամայից երկու հոգու ես հիշում, որ նույն կերպ իրենց համար անընդունելի գաղափարախոսությունն էին արմատախիլ անում՝ Հիտլերն ու Ստալինը:

• Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, դրսի պատվեր է: Զիջումների մասով Փաշինյանը չունի կարմիր գիծ, իսկ զիջումները շարունակվում են՝ միայն թե ինքը մնա իշխանության: Քարոզում է՝ լինել մանկուրտ և լավ ապրել. սա է Փաշինյանի հավատամքը: Միայն թե մնա իշխանության:

• Իրենք մի բան են լավ անում՝ հարկերը շատ լավ հավաքում են, ինչպես ուզում՝ ծախսում են մեր գումարները պետբյուջեից, մեր փոխարեն որոշում են՝ ինչ պետք է մենք անենք: Իրենք ասում են՝ մենք մեծամասնություն ենք, ինչ ուզենք՝ կանենք, ինչ անում ենք՝ լավ ենք անում… բայց իրական ժողովրդավար երկրների իշխանությունը պիտի իմանա, որ եթե այսօր մեծամասնություն են, վաղը կարող են փոքրամասնություն լինել:

• Սա ոչ թե Հանրային հեռուսատընկերություն է, այլ մի կուսակցության՝ ՔՊ-ի հեռուստաընկերություն է, որովհետև գիշեր-ցերեկ զբաղված են այդ կուսակցության քարոզով:

• Ինչո՞ւ է Փաշինյանը տեսանյութով ցույց տալիս՝ ինչ կա օդանավի բիզնես կլասում՝ գուլպա, տարբեր իրեր… Սա ի՞նչ բան է: Դա ի՞նչ ցույց տալու բան է առհասարակ… Մարդկանց ուշադրությունն ինչերո՞վ ես զբաղեցննում… Այդպիսով մարդկանց ասում է, որ այսուհետ միայն նման բաների մասին պետք է մտածել, նման էժանագին տեսարաններով զբաղեցնում, շեղում են ուշադրությունը… Ի՜նչ անվտանգություն, ի՜նչ պաշտպանություն, ասում է՝ մեզ բանակ պետք չէ, հո թուրքի ու ադրբեջանցու դեմ չե՞նք կռվելու… Բա Ալիևն էլ է ասում՝ բանակը ձեր ինչի՞ն է պետք: Այս պայմաններում սահմանին դիրքում կանգնած զինվորը ինչպե՞ս պիտի հողը, Հայրենիքը պաշտպանի, եթե գիտի, որ իր զոհվելը մեր հասարակությունը, Թաթայի համերգով տարված, կարող է անգամ չնկատել… Ի՞նչ ուղերձ ես դրանով հղում սահմանին կանգնած զինվորին… որոնց զոհված ընկերների մայրերի դեմ քո հրահանգով բռնություն է կիրառվում Եռաբլուրում և քարշ են տալիս աստիճաններով…

• Թուրքերի ու ադրբեջանցիների նպատակը Հայաստանը կառլիկ, ամբողջովին իրենցից կախված պետություն դարձնելն է: Վաղն ասելու են՝ տարածքն ինչների՞դ է պետք, տվեք, թե չէ՝ պատերազմ կլինի: Ու այդ խաղաքարտը թշնամիդ միշտ օգտագործելու է քո դեմ:

• Տեսաք՝ ԵԽԽՎ-ում ինչ արեցին։ Փաշինյանին ԵԽԽՎ զեկույցով ասացին, որ ԱԺ ընտրություններում ձայները գողացել եք. էլ ի՞նչ պետք է ասեն, դրանից հզոր ապտակ հնարավո՞ր է։ Նա, ով մեզ ամեն քայլափոխի ասում է՝ «հավատացեք ժողովրդավարությանը, տեսեք՝ եվրոպացիներն ինչ են ասում, մենք ժողովրդավարության բաստիոնն ենք այս ռեգիոնում», հիմա պարզվում է, որ ձայներ է գողացել, և դա հայտարարվում է ԵԽԽՎ զեկույցով։ Բայց չէ՞ որ 2018 թվականին, նույնիսկ 2021-ին նա գալիս ու երդվում էր, որ ոչ մի ձայն չի կորելու, որ այլևս քաղաքացուց քվե որևէ մեկը չի գողանալու, որ այդպիսի հանցանք երբեք չի հանդուրժելու… Հիմա պարզվեց, որ ձայները հենց ինքն է գողացել։

Այսինքն՝ ԵԽԽՎ այս նստաշրջանի ապտակը Պուտինի հետ հանդիպումից առաջ զգուշացում էր Փաշինյանին։ Ես այդպես եմ դիտարկում, որովհետև եթե իրենք իսկապես լուրջ մտահոգված լինեին և արժեքային դիրք զբաղեցնեին, լրիվ այլ միջոցներ էին կիրառելու այս իշխանությունների նկատմամբ։ Տեսեք՝ ինչո՞ւ Ռուսաստանի դեմ չկիրառեցին։ Ի վերջո, դուրս բերեցին, չէ՞, կազմից, անգամ այնպես արեցին, որ Ռուսաստանն ասաց՝ ավելի լավ է դուրս գանք, քան մնանք։ Նույնիսկ, երբ պետք է լինում, Ալիևի մասին էին ասում, բայց հետո կտրուկ լռում են, երբ շահերն այլ են։ ԵԽԽՎ նիստով Փաշինյանին ասացին՝ մի՛ մոռացիր, որ մենք ամեն ինչ տեսնում ենք և ամեն ինչ հիշում ենք։ Սա է խնդիրը, որ չմոռանան՝ իրենց ձեռքում ևս լծակ կա։ Իրենք լավ գիտեն՝ ինչ է եղել ընտրությունների ժամանակ, ինչպես են ձայնագողություն արել ընդդիմությունից, ինչպես նաև, թե ինչ հարձակում է տեղի ունենում Հայ Առաքելական եկեղեցու վրա…

• Այդ եվրոպական կառույցն ու Եվրոպան հասկանում են, որ Փաշինյանն այժմ պետք է շատ դժվար ընտրություն կատարի՝ հասկանալու համար, թե ուր է գնում։ Եվ քանի որ նրանք տեսնում են, որ նա, հնարավոր է, դարձյալ հայտարարի՝ «դե, տեսնում եք՝ տնտեսությունն ինչ վիճակում է հայտնվելու, ստիպված եմ գնալ ռուսների հետ» (կամ դեռ շարունակելու է ռուսների հետ), որպեսզի դա տեղի չունենա, նրան հիշեցնում են իրականությունը։ Նրան հիշեցնում են ու ասում․ «Այս պահին մենք ամեն ինչ գիտենք․ խելոք մնա՛»։

• ՔՊ-ական պատգամավորը ԵԽԽՎ-ում ասում է՝ Կաթողիկոսի եղբայրը գործակալ է…Դուք լո՞ւրջ եք ասում. անգամ НКВД-ն նման մեղադրանքներ չէր ներկայացնում:

• Այս իշխանությունները որոշել են, որ պետք է տեղավորվեն Մեծ Թուրանի մեջ, բայց դրա համար ժամանակ է պետք, միանգամից չեն կարող ասել՝ 1915թ. Ցեղասպանություն չի եղել, դրա համար նախ դեռ պետք է լվանալ երիտասարդության ուղեղը, ինչը հիմա անում են…

• ԹՐԻՓՓ-ով, թե այլ պայմանագրով 100 տարվա խաղաղություն չի լինելու, ես դա որպես բանակցող եմ ասում, որքան էլ իրենք տեղավորվեն Մեծ Թուրանի մեջ, գովաբանեն Թրամփին: Այդ խոսքերի գինը զրո է, կարևորն այն է՝ ով որտեղ է գտնվում գետնի վրա…

• Կրծքին Հայաստանի քարտեզի կրծքանշանը խփելով՝ թուրքերին հասկացնում է՝ ամեն ինչ կանեմ, միայն թե այսքանը գոնե թողեք մեզ, բայց բոլորը պետք է իմանան՝ չե՛ն թողնելու: Լավագույն դեպքում՝ Ալեքսանդրապոլի պայմանագիր են տալու՝ 5 կարաբինով:

Ալեքսանդրապոլի պայմանագիր . 1920 թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920 թ. հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազըմ Քարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։

Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։

Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացիրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում` ըստ հայկական կառավարության դիմումի։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։ Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկելու Հայաստանի տարածքով անցնող երկաթուղիներն ու հաղորդակցության ճանապարհները, ռազմական միջոցառումներ իրականացնելու երկրի ներսում։ Առկա էին այլ` Հայաստանի համար ոչ բարենպաստ դրույթներ։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ գրեթե միաժամանակ պայմանագրի կնքման հետ, այն չճանաչեց։

Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921 թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։

«4. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով։ Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի… Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել և այնտեղ դնել ծանր հրանոթներ… այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի, պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի և հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում»,- ասվում էր այդ պայմանագրի 4-րդ հոդվածում։

• Ռազմաբազայի մասին զրույց բացելով՝ Պուտինը կանխեց Փաշինյանի հնարավոր «շանտաժը»: Երբ գնում ես բանակցելու, դու պետք է ունենաս այլընտրանք, եթե դա չունես, պետք է համաձայնես նրան, ինչ քեզ կտան: Փաշինյանի «դիվանագիտական» վարքային առանձնահատկությունն այն է, որ նա որևէ այլընտրանք չունենալով՝ ուռճացնում, այլընտրանքի բլեֆ է առաջացնում: Բայց երբ դիմացինդ փորձառու է, հասկանում է, որ դա բլեֆ է, դու այլընտրանք չունես, ու դրա համար էլ շարունակում է քեզ ճնշել:

• Մեր տնտեսության մեջ ՀՆԱ-ն ուժեղանում է դրսից եկած հոսքերի հաշվին: Ասում են՝ մարդ կա, ռուս, որ Երևանի կենտրոնում 50 միլիոն դոլարով շենք է գնել: Հնարավո՞ր է, իհարկե… Իսկ հնարավո՞ր է՝ արտաքինից գնորդը լինի ռուս, բայց տակը լինի, օրինակ, թուրքական փող, իհարկե… Դա էլ է հնարավոր: Այս իշխանության համար էական չէ, կարևորը՝ փողը գա: Ու պետք է հիշել՝ մեծ տնտեսագետներն ասում են՝ ՀՆԱ-ի աճը դեռ տնտեսության լավ վիճակի մասին չի խոսում. այդտեղ բազմաթիվ գործոններ կան:

• Ռուսները հետևյալ կերպ են տեսնում իրավիճակը: Հայաստանը խաղում է իր խաղը, ուզում է նստել 2 աթոռի վրա: Իհարկե, կուզենային նստել մի աթոռի վրա, բայց դեռ լրիվ չեն կարող գնալ այդ ուղությամբ: Իսկ այդ աթոռը, որի վրա հայերն ուզում են նստել, իրենց թշնամուն է պատկանում: Դրա համար հարցը կտրուկ է դրված՝ կողմնորոշվեք…

• Հանրաքվեի հետ կապված մի քանի հարց կա։ Իշխանություններն, իհարկե, ինչ-որ նախապատրաստական քայլեր արել են, որովհետև նրանց նպատակը միայն տվյալ հանրաքվեն չէ (և խոսքը դրա մասին չէ), այլ Ալիևի պահանջած Սահմանադրական փոփոխությունները։ Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը կհաստատի, որ սա խախտում է, քանի որ հանրաքվեի անցկացման կանոնները շատ կարճ ժամկետում փոխելը նշանակում է փորձել ազդել դրա արդյունքների վրա։

Ի՞նչ արեցին նրանք․ հայտարարեցին, որ Հայաստանում մոտավորապես 2 տարուց ավել չբնակվող քաղաքացիները (օրենքում դա կոնկրետ օրերով է ամրագրված) չեն կարող մասնակցել հանրաքվեին։ Սա սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում է։ Անգամ այն պետությունները, որոնք ունեն մոտավորապես նմանատիպ օրենքներ (օրինակ՝ Մեծ Բրիտանիան, որտեղ 15 տարի չապրելու դեպքում կարող են զրկել տեղական կամ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունքից), ոչ ոք չի կարող արգելել մարդուն մասնակցել հանրաքվեին։

Հիմնական խնդիրն այն է, որ այս ուժը, որն իշխանության եկել է իբրև թե ժողովրդավարության ճանապարհով, իշխանության կլինի մինչև մյուս ընտրությունները, բայց դրանից հետո կարող է փոխվել։ Այդուհանդերձ, նրանք ցանկանում են փոխել մի հարց, որի հետ սերունդներն են ապրելու և համակերպվելու։ Դա անելու համար նրանց պետք է, որպեսզի հանրաքվեին մարդկանց մասնակցության շեմը ցածր լինի։ Նրանք այդ քայլերով փորձում են նվազեցնել մասնակցությունը, որպեսզի օրենքով սահմանված Սահմանադրության 25%-ի շեմը հեշտությամբ ապահովվի։ Այդ 25%-ը մոտ 620 հազար մարդ է, ինչը նույնիսկ մի փոքր ավելի քիչ է, քան իրենք հավաքել էին այս ԱԺ ընտրությունների ժամանակ։ Ուրեմն, մասնակցության շեմը նվազեցնելով՝ փորձում են հասնել իրենց նպատակին, ինչը հստակ Սահմանադրության խախտում է։

Քաղաքացին ինչո՞վ է քաղաքացի. նրանով, որ իրավունք ունի ընտրելու և ընտրվելու, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ։ Սահմանադրության մեջ գրված չէ, թե եթե 2 տարի չես ապրում երկրում, չես կարող մասնակցել հանրաքվեի, և այլն. դու կրում ես այդ անձնագիրը, ուրեմն քաղաքացի ես։ Բայց ո՞նց կարելի է քաղաքացուն զրկել այդ իրավունքից։ Խորհրդարանում մեծամասնություն (ոչ սահմանադրական) ձևավորելով՝ ընդունում են ինչ-որ օրենք և ասում՝ մեծամասնություն ենք, կարող ենք ցանկացած օրենք ընդունել։ Բայց այդպես չէ. ժողովրդավարության մեջ գոյություն ունեն տարբեր շեմեր՝ կախված նրանից, թե ինչ օրենք ես ընդունում, և ինչի վրա է այն ազդելու։ Սահմանադրության կամ տարածքի փոփոխությունը պահանջում է բոլորովին այլ մոտեցումներ:

Այստեղ նաև տրամաբանական աբսուրդ կա․ նրանք մի կողմից ասում են, թե Հայաստանում չի եղել ժողովրդի կողմից իրականում ընտրված Սահմանադրություն, որ հանրաքվեներն արդար չեն եղել և այլն, մյուս կողմից՝ պատրաստվում են օգտագործել այդ Սահմանադրությունն իրենց նպատակներով։ Իսկ ինչո՞ւ չօգտագործել այն մոտեցումը, որը կիրառվեց, օրինակ, Չեռնոգորիայում 2006 թվականին, երբ հարցը դրված էր՝ դո՞ւրս գալ Սերբիայի հետ միությունից, թե՞ մնալ։ Ես մանրամասները գիտեմ, որովհետև բանակցային գործընթացին մասնակցում էի, և սլովակ դիվանագետները մշակեցին կոմպրոմիսային մոտեցում։ Մի ճամբարն ասում էր՝ մնում ենք Սերբիայում, մյուսը՝ դուրս ենք գալիս։ Առաջարկվեց, և բոլոր կողմերն ընդունեցին հետևյալ պայմանը. մասնակցությունը չպետք է պակաս լինի 50%-ից, և «այո» ասող կողմը պետք է հավաքի նվազագույնը 55%։ Արդյունքում մասնակցությունը շատ բարձր էր՝ ընտրողների 86%-ը մասնակցեց, և 55%-ի շեմը հաղթահարվեց ընդամենը 2000 ձայնի տարբերությամբ։

Բոլորը նախապես պայմանավորվել էին խաղի կանոնների շուրջ, չնայած հետագա որոշ բողոքներին ու խախտումների մասին խոսքերին, կանոնների հարցում համաձայնություն էր ձեռք բերվել երկար ու դժվար բանակցությունների արդյունքում, և միայն դրանից հետո անցկացվեց հանրաքվեն։ Մինչդեռ մեր իրականության մեջ ասում են՝ Սահմանադրությունը թերի է ու ոչ լեգիտիմ, բայց երբ պետք է լինում, իրենք շատ հանգիստ օգտվում են հենց այդ Սահմանադրությունից։

• Երբ Ուկրաինայում պատերազմը սկսվեց, ես ասում էի, որ այն արագ չի ավարտվելու, և դժվար է պատկերացնել, թե այն կավարտվի Ռուսաստանի պարտությամբ։ Ինձ շատերն ասում էին՝ «դե, դու Ռուսաստանի կողմից ես, դրա համար ես ասում»։ Ո՛չ, ես Ռուսաստանի կողմից չեմ, ես ուղղակի վերլուծում եմ։ Եթե ես որակյալ վերլուծություն չանեի, ինձ չէին հրավիրի «Քենեդի» դպրոց՝ անցկացնելու սցենարային պլանավորում հենց այդ հարցով (դեռ չի հրատարակվել, բայց շուտով լույս կտեսնի,- Ա.Մ.)։

Ես ուզում եմ իրատեսորեն նայել իրավիճակին, ոչ թե առաջնորդվել միայն ցանկություններով, թե՝ «ես ուզում եմ, որ սա այսպես լինի…»։ Բա որ չեղա՞վ։ Բա որ չեղավ, ո՞նց ես դու բոլոր քո քարտերը խաղարկում՝ այն էլ այս վիճակում, երբ դեռ նոր համակարգը չի ձևավորվել, իսկ հինը չի աշխատում։ Սա արկածախնդրություն է, հասկանո՞ւմ եք։ Ո՞նց ես երկիրը տանում ինչ-որ ուղղությամբ՝ առանց հասկանալու, թե այս մեծ խաղն ինչով է ավարտվելու։ Այսինքն՝ չե՞ս հասկանում, որ այդ արկածախնդրությունդ կարող է շատ վտանգավոր լինել քո ազգի համար։

Ո՛չ, իրենք չեն զգում այդ վտանգը, որովհետև իրենց համար ամենօրյա գոյատևումն ու իշխանություն պահելն ավելի կարևոր են, քան ինչ-որ հեռավոր ապագային վերաբերող բաներ։ Ես իմ այս վերլուծությունն արդեն 8 տարուց ավելի է, ինչ ասում եմ՝ հետևելով Փաշինյանին և, թե ինչպես է նա գործում։ Կրկնում եմ՝ այդ մարդն օպորտունիստ է։ Իսկ օպորտունիստը նշանակում է, որ նա ընկած է տակտիկական շահերի հետևից և պատրաստ է միշտ փոխվել, հարմարվել, այստեղ մի բան ասել, այնտեղ՝ մեկ այլ բան, միայն թե առաջ տանի իր գիծը։

Եթե դա իրոք բխեր մեր պետության, ազգային շահերից, հլը մի կերպ կասեի՝ «եղավ, ոչինչ», հանուն ազգային շահի կդիմանանք դժվարություններին, բայց այստեղ իր միակ շահը սեփական իշխանությունը պահելն է։ Այո՛, ամեն ինչ արվում է, որ նա պահի իշխանությունը։ Դրա համար էլ մենք հիմա գտնվում ենք հենց այդ վտանգի առաջ։

• Միամիտ սպասելիքներ կան, որ ռուսը, ամերիկացին ու մյուսները պետք է գան ու քո փոխարեն մի բան անեն, իսկ դու ի՞նչ ես անում, Թաթա ես լսում ու ուրախանո՞ւմ… Ի՞նչ ռեալ այլընտրանքներ ես ստեղծել, 8 տարի է՝ իշխանության ես… Ո՛չ մի:

• Ի՞նչ է ասելու Փաշինյանը Մոսկվայում՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ի՞նչ որոշում է կայացնելու: Ինքն այստեղ լսելու է իր համար վստահելի անձանց, այդ թվում՝ բիզնես ոլորտից, հաշվելու է՝ ինչքանով իր այս կամ այն քայլը կօգնի, որ ինքը մնա իշխանության, որպեսզի ժողովրդական դիմադրություն, ընդվզում չլինի, ժողովրդին խոստումներ է տալու՝ «էշ մի՛ սատկիր, գարուն կգա» սկզբունքով, ու գործի ըստ այդմ: Որովհետև եթե լսի տնտեսագետներին, միանշանակ ասելու են՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելը վատ է ավարտվելու: Բայց քանի որ իր միակ նպատակն իշխանությունը պահելն է, ինքը պիտի գործի իր ընտրազանգվածին գոհացնելու նպատակադրմամբ, որովհետև եթե իր ընտրազանգվածը սոված մնաց, իրեն ոչինչ չի փրկելու, նա կկորցնի նրանց, հետևաբար՝ կկորցնի իր իշխանությունը:

• Այսօր նախկին ԽՍՀՄ տարածքում չկա, Հայաստանից բացի, մեկ այլ երկիր, որի կախվածությունը Ռուսաստանից այդքան մեծ է:

• Նայեք սրանց շիզոֆրենիայի մակարդակը. մի կողմից ասում ես՝ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում մեր դեմ, Կաթողիկոսի եղբայրն էլ միջազգային գործակալ է, մյուս կողմից գալիս-ասում ես՝ Ռուսաստանը մեզ համար բարեկամ պետություն է: Հիմա բարեկա՞մ է, թե՞ հիբրիդային պատերազմ է մղում քո դեմ:

• Եվրոպա, ո՞ւր են ձեր արժեքները: Մի ամբողջ ժողովուրդ էթնիկ զտման ենթարկվեց Արցախում, լռեցիք, ձայն չհանեցիք, որևէ քայլ չարեցիք: Արևմուտք, սեփականության իրավունքի սկզբունքի նկատմամբ ձեր դիրքորոշումն ո՞ւր է, խլում են մարդկանց սեփականությունը, թե՞ էլ ձեզ համար նշանակություն չունի այդ հիմնարար իրավունքը…

• Այն, որ ԵԽԽՎ-ն ասաց՝ Հայաստանում իշխող ուժը ձայներ է գողացել, դրանից մեծ ապտակ չկա… Դու, որ ամենուր թմբակահարում էիր ազատ, ժողովրդավար ընտրությունների մասին, պարզվում է՝ ձայներ ես գողանում: Եվրոպան քեզ հիշեցրեց այդ մասին Պուտինի հետ հանդիպումից առաջ ասելով՝ մի՛ մոռացիր, որ մենք ամեն ինչ տեսնում ու լսում ենք:

• Ես չեմ տեսնում, որ մենք ունենք համախմբված հասարակություն: Փաշինյանին հաջողվել է պառակտել հասարակությանը: Բայց հավատացյալները պետք է համախմբվեն Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի շուրջ: Այն, ինչ Եկեղեցու դեմ անում է Փաշինյանը, աբսուրդ է, զուրկ որևէ իրավական հիմքից: Եվրոպայի ողջ պատմության մի դեպք ունենք, երբ պետությունը՝ ի դեմս Հենրի 8-րդի, հաղթել է եկեղեցուն՝ իրեն հռչակելով եկեղեցու առաջնորդ: Այլ դեպք չկա: Նիկոլայ Երկրորդ ռուս ցարն էլ դուրս եկավ եկեղեցու դեմ, բայց լավ չավարտեց: Պետությունը եկեղեցուց անջատ է: Այդպես է ամենուր: Ասել, որ եպիսկոպոսին կարգալույծ անելու իրավունք չուներ կաթողիկոսը, լրիվ աբսուրդ է: Եկեղեցին ինչ ուզի, ոնց ուզի, կարող է իր որոշումները կայացնել եկեղեցու վերաբերյալ:

• Եթե հավատացյալ ես, դու չես կարող ասել՝ ես դեմ եմ Կաթողիկոսին, բայց միևնույն ժամանակ հայտարարես, որ Հայ Առաքելական եկեղեցու զավակ ես: Չի կարող լինել նման բան: Այն մեռոնը, որով իրենք կնքել են իրենց երեխաներին, օրհնել է ներկայիս Կաթողիկոսը: Սրանք՝ այս իշխանությունները, դա էլ չեն հասկանում, իսկ դա աղանդներին բնորոշ բան է:

• Այս մարդը հայտարարում է, որ ինչ ուզի՝ կանի, կարող է անգամ խմբագիր փոխել: Այս մարդը (Փաշինյանը,- Ա.Մ.) տարրական ժողովրդավարության մասին կրթություն անգամ չունի:

• Էստեղ կարծիք կա, որ եթե մենք լավ լինենք Ամերիկայի քրիստոնյաների հետ, մենք կուժեղացնենք մեր դիրքերն ԱՄՆ-ում: Բայց երբ ասում են՝ Ամերիկայի քրիստոնյաներ, ես միշտ հարցնում եմ՝ ո՞ւմ նկատի ունեք, ո՞ւմ հետ կոնկրետ՝ կաթոլիկների՞, հույն ուղղափառների՞, թե՞ էլ ում հետ: Բայց պետք է իմանալ՝ ԱՄՆ իշխանություններին ավելի հեշտ է աշխատել աթեիստների հետ, քան իրական հավատացյալների: Մենք փոքր ազգ ենք, չենք կարող մեր հավատքի դռները բացել բոլորի առջև, որովհետև երբ դու դրանք բացում ես, նորից սկսում ես ֆրագմենտացնել, պառակտել քո հասարակությանը:

• Արժեքների հեղափոխություն հնարավոր է, բայց դա պահանջում է քաղաքական կամք: Ընդդիմությունը պետք է այլընտրանքներ առաջարկի, չի կարելի միայն ասել, որ այս իշխանությունը պետք է հեռանա, և վերջ. այլընտրանքներ են պետք: Եթե դու դա չես անում, պոպուլիստ իշխանություններն ամեն ինչ անում են, ամեն բացասական բան օգտագործում են, որ մարդուն դարձնեն նյութապաշտ կենդանի, ում պետք է դուրս բերել, արածեցնել, ասել՝ գնա՛, հարկեր վճարի, վարկեր վերցրու, որ ապրես, գնումներդ արա, երեկոյան կգաս, Թաթան քեզ կուրախացնի… Աշխատի՛ր, հարկեր տուր, որ մենք լավ ապրենք: Սա ողբերգություն է. երեկոյան Թաթա կլսես, ցերեկը քեզ Փաշինյանը նասկի ցույց կտա… Իսկ կարևոր խնդիրը մնում է. վտանգված է մեր ինքնությունը: Դժբախտաբար, մենք ո՛չ ուրիշի պատմությունից ենք դասեր քաղում, ո՛չ մեր: Հորինում են քաղաքական առասպելներ՝ իբրև թուրքերը փոխվել են: Միգուցե փոխվել են, իսկ փոխվե՞լ են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական նպատակները մեր նկատմամբ… Իհարկե ո՛չ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930