Ո՞նց քեզ լուրջ վերաբերվեն. չի կարող Էրդողանի պես գիշատիչը հարգել սեփական ազգի խորհրդանիշ Արարատն ուրացողին… Աթաթուրքը ձեզ պատասխանել է. Ռուբեն Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այս իշխանության դիվանագետներն առիթը բաց չեն թողնում պատեհ-անպատեհ առիթներով անընդհատ Թուրքիա գնալ, հանդիպել Էրդողանին: Անթալիայում այնպես չէր, որ բոլոր երկրներն առաջին դեմքերի մակարդակով էին ներկայացված: Նախկինում Հայաստանի ղեկավարի՝ Թուրքիա այցը դառնում էր միջազգային, մեդիա, տարածաշրջանային և քաղաքագիտական իրադարձություն: Հայաստանի ղեկավարները Թուրքիայում հատուկ ուշադրության էին արժանանում: Հայաստանի նախորդ երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի այցերը Թուրքիայի համար էին խնդրահարույց, որովհետև նրանք Թուրքիա էին այցելում՝ որպես հաղթող նախագահներ, և դա Թուրքիայում առաջացնում էր ընդդիմություն-իշխանություն լարում: Հիմա Հայաստանի ղեկավարի այցը Թուրքիա շարքային, որևէ նշանակություն չունեցող այց է, և դա դրսևորվում է նաև մամուլում: Եթե նախկինում Թուրքիայում միջազգային հանդիպում չէր, այլ Թուրքիայի հետ կապված որևէ միջոցառում, չէին մասնակցում: Հայաստանի նախագահները 2 անգամ են եղել Թուրքիայում՝ Թուրգութ Օզալի թաղմանը գնացել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում, այն էլ՝ Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի այցից հետո: Հիմա այնքան է արժեզրկվել Հայաստանի ղեկավարի՝ Թուրքիա այցը, բովանդակությունից այնքան զուրկ էր, որ թուրքական մամուլը Փաշինյանի այցից հետո գրում էր միայն թեյի բաժակի, կոստյումի ծոցագրպանում դրած բանանի ու սրտիկի մասին: 

Հիշեցնենք. Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան տեղի է ունեցել 2008թ. սեպտեմբերի 6-ին։ Այցելելու հրավերը Գյուլին էր ուղղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը դիտելու համար (այսպես կոչված՝ «ֆուտբոլային դիվանագիտություն»): ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան աշխատանքային այցը Թուրքիայի Բուրսա քաղաք տեղի է ունեցել 2009թ. հոկտեմբերի 14-ին։ Այցն իրականացվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով՝ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան պատասխան խաղը դիտելու նպատակով։

Կարդացեք նաև

  • Դու հայտնվել ես մի երկրում, որը քո երկրի հետ քո կառավարման օրոք տեղի ունեցած ողբերգության համակազմակերպիչն է: Թուրքիան 44-օրյա պատերազմի համակազմակերպիչն է: Դու գնացել ես էդ մարդու մոտ, հետը ծիծաղում ես, նրան ժպտում ես… Արևելյան ընկալում կա. չեն կարող երկու հակամարտող արևելյան պետությունների ղեկավարներ հանդիպել անգամ չեզոք երկրում ու իրենց այնպես պահեն, իբր ոչինչ չի եղել: Նման բան հնարավոր չէ՛: Ես երբեք՝ որպես Հայաստանի քաղաքացի, ամոթի զգացում չեմ ունեցել, երբ դիտել եմ մեր նախկին 3 նախագահների այցերը Թուրքիա, իսկ հիմա ես ամաչում եմ: 
  • Փաշինյանը Թուրքիա գնալուց առաջ ասում է՝ Հայոց ցեղասպանության հարցը մեր քաղաքական օրակարգում ընդհանրապես չկա, ու դրանից հետո սփյուռքյան հայկական կուսակցությունները, օրինակ՝ Հնչակյանները, հանդիպում են նրա հետ… Մենք նախկինում էլ Թուրքիայի նկատմամբ որևէ հողային պահանջ չենք ունեցել, բայց նախկին ոչ մի նախագահ մեզ նվաստացած վիճակում չի դրել: Հիշեք՝ 2008թ. Սերժ Սարգսյանը համասփյուռքյան տուրնեի դուրս եկավ, որպեսզի մարդկանց բացատրի՝ հայ-թուրքական արձանագրությունների շրջանակում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից չենք հրաժարվում, բայց Սփյուռքում որոշ խմբեր նրա դեմ միտինգներ էին կազմակերպում, ծաղկեպսակ էին պռճոկում… Բա հիմա ո՞ւր են էդ մարդիկ: 
  • Քանդվում է մեր պետական սիմվոլիկան, օրինակ՝ Արարատ սարի սիմվոլիկան, ոչնչանում է մեր անվտանգային համակարգը, մեր պետական իմիջն աշխարհում, բայց էս մասին չեն խոսում, խոսում են նոր դպրոցի, ասֆալտի մասին: Նայե՛ք՝ ինչը ինչի հետ են համեմատում, ու մարդկանց սովորեցնում են, որ դա է նորմալ: Լավ է, որ դպրոց, մանկապարտեզ եք վերանորոգում, ասֆալտ անում, բայց ի՞նչը՝ ինչի՞ հետ եք համեմատում, անվտանգությունը՝ ասֆալտի՞… 
  • Պատկերացրե՛ք՝ իսրայելցի պաշտոնյան գնա Գերմանիա, երկիր, որը Հոլոքոստի մեղավորն ու պատասխանատուն է, ու ցույց տա գերմանական թեյի բաժակ… Ի՞նչ կանեն նրան:
  • Հայաստանը նախկինում տարածաշրջանային գործոն երկրից վերածվել է կոսմետիկ պետության: Ասֆալտն ու երկրի անվտանգությունը, նոր դպրոցն ու երկրի իմիջն իրար հետ համեմատելի բաներ չեն: Դու կարող ես համեմատել, սիրելի՛ հանրություն, Հայաստանի նախկին 3 նախագահների Թուրքիա կատարած արժանապատիվ այցերը Փաշինյանի՝ Թուրքիա այցի հետ: Միգուցե հոգեբաններն էլ խոսեն: Body language-ն հետաքրքիր բան է. ինչպես է Նիկոլ Փաշինյանը սիրալիր ու ժպիտով նայում Էրդողանին, Ալիևին ու ինչպիսի ատելությամբ է վերաբերվում Ամենայն Հայոց կաթողիկոսին, գեներալներին, նախկին նախագահներին…

  • Հայաստանում անցկացվող COP-ին ո՛չ Ալիևը եկավ, ո՛չ Էրդողանը: Երևան եկավ միայն Թուրքիայի գյուղնախարարը, իսկ Թուրքիայում անցկացվող այդ միջոցառմանը Հայաստանը ներկայացել էր վարչապետի ու արտգործնախարարի մակարդակով: Փաշինյանին, ի տարբերություն մյուսների, օդանավակայանում դիմավորեց ցածրաստիճանի պաշտոնյա՝ Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալը: Եվ սա ցուցիչ է: Դրան հաջորդեց իրական թուրքական մեսիջ-նախապայմանը, այն է՝ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն միայն այն ժամանակ, երբ կկարգավորվեն Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները:
  • Երբևէ այս իշխանության «դուխով» որևէ դեմք որևէ բան Թուրքիայի ու Ադրբեջանի հասցեին չի ասում. քաղաքական վախկոտներ են: Իրենց դեմարշը միայն Ռուսաստանի, երբեմն՝ Բելառուսի դեմ է, իսկ երբ ասում ես՝ Թուրքիան ու Ադրբեջանն այս բանն են ասել, ինչո՞ւ չեք արձագանքում, ասում են՝ պատերազմ կլինի:
  • Նախկինում Հայաստանի Խորհրդարանի ամբիոնը նաև քաղաքական պատասխանի ամբիոն էր արտաքին թշնամիներին, և հատկապես Էդուարդ Շարմազանովը հաճախ էր արձագանքում Ադրբեջանից հնչող արտահայտություններին: Հիմա ԱԺ ամբիոնը զուտ ներքին ատելություն տարածելու ամբիոն է:
  • ՀԱՊԿ գագաթնաժողով էր. կրկին դեմարշ արեցին նույն պետությանը՝ Ռուսաստանին, չգնացին, բայց գնացին Թուրքիա… «Շատ թափանցիկ» արևմտյան աղբյուրներից սնվողների ինքնիշխանությունը միայն Ռուսաստանին է վերաբերում: Արմեն Աշոտյանը շատ լավ էր գրել՝ համեմատելով Փաշինյանի այցերն իռլանդական վիսկիի հետ: Ես կիսում եմ Արմեն Աշոտյանի մոտեցումները և սերն իռլանդական վիսկիի հանդեպ:

«Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է.

Կասկած չկա, որ իշխանական քարոզչամեքենան փորձելու է որպես դիվանագիտական մեծ հաջողություն ներկայացնել այսօր Դուբլինում Եվրոպական Քաղաքական համայնքի շրջանակներում անցկացված Հայաստանին նվիրված սեմինարը և այդ արդյունքում ընդունված հայտարարությունը։ Բայց եթե մի կողմ դնենք կեղծ պաթոսն ու ուշադիր կարդանք տողատակերը, պարզ կդառնա, որ սա ընդամենը հերթական դատարկ խոսքերի և Փաշինյանի վտանգավոր արկածախնդրության նոր ապացույցն է»,- գրել էր Արմեն Աշոտյանը։

  • Պատկերացրե՛ք՝ ինչպես էր Դեմիրելը բանակցում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, և ինչպես պետք է Էրդողանի պես քաղաքական գիշատիչը բանակցի տիկտոկերի պահվածք ունեցող Փաշինյանի հետ, որը պատրաստ է զիջել ամեն ինչ՝ սկսած Ցեղասպանության հարցից մինչև Արարատ սար, և ինչպես է նույն հազար տարվա փորձ ունեցող Էրդողանը բանակցել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:

  • 1992թ.-ից Թուրքիան պահանջ է դրել՝ հարաբերություններ հաստատելու համար առաջին հերթին կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ, բայց դրան Հայաստանում նախկինում կարևորություն չեն տվել: Դա որպես նախապայման էր ներկայացվում:
  • Պատկերացնո՞ւմ եք՝ Անվտանգության խորհրդի ներկա քարտուղար Ալեն Սիմոնյանն ասում է, որ բակերում կռվելիս միմյանց ասում ենք՝ թուրք, դրա համար են այդպես տրամադրվում մեր նկատմամբ… Կամ, որ ազգային-հայրենասիրական երգեր ենք երգում, դրա համար են Սևանին Գյոյչյա ասում… Մենք թուրք ենք ասում, թուրքերը՝ հայ գյավուր: Ալեն Սիմոնյանը չգիտի՞: Կամ եթե մենք ընդդեմ թուրքերի 5 երգ ունենք, իրենք 500 երգ ունեն հայերի դեմ:
  • Ժիրայր Լիպարիտյան, տարիքիցդ ու փորձիցդ ամաչիր. ինչո՞ւ ես ստում: Ասում է՝ թուրքերը ե՞րբ են հարձակվել մեզ վրա… Այսինքն՝ պիտի թուրքերը Գյումրիով հարձակվեն, որ համարվի՝ հարձակվե՞լ են մեզ վրա: Ժիրայր Լիպարիտյանը չգիտի՞, որ թուրքերն Արցախով են հարձակվել: 44-օրյա պատերազմում ովքե՞ր էին Ադրբեջանի հետ, Թուրքիան չէ՞ր, թուրքական սպեցնազը չէ՞ր… Բա ո՞վ էր… Ինչքա՞ն կարելի է խաբել մարդկանց… Ժիրայր Լիպարիտյանը որոշ շրջանակների համար կրոնական աղանդի առաջնորդ է դարձել: Եթե նկատել եք՝ մեր պետության տարբեր փուլերում մեկ էլ հանկարծ Ժիրայր Լիպարիտյանը պարաշյուտով հայտնվում է… Հիմա նաև հետևորդների խումբ ունի:

Ի դեպ, Ժիրայր Լիպարիտյանը ստում է՝ ներկայացնելով, թե 1992 թվականին Թուրքիան մեզ օգնել է՝ իբր ցորեն է տվել, և հայ ժողովուրդը սովի չի մատնվել: «Պրեսսինգ» հաղորդաշարում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բացահայտել էր Լիպարիտյանի հերթական սուտը և պատմել իրականությունը. 

«Հայ-թուրքական սահմանը փակ է եղել ի սկզբանե, իրենց իսկ՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Երբ վարչապետ էի, բլոկադայի տարիներին այլ երկրներից մեզ որպես օգնություն տրվող ցորեն էինք բերում, Թուրքիային խնդրեցինք՝ սահմանը բացել, որպեսզի ներկրենք Հայաստան: Իրենց էլ այդ ցորենից թողեցինք, որպեսզի սահմանը բացեն, մեր ցորենը գա։ Թուրքիան ցորեն չունի, դրա համար իրենց էլ տվեցինք: Այնպես որ, Թուրքիան իր ծառայությունների, սահմանը բացելու դիմաց վճարվել է ցորենով։ Քելբաջարի գրավումը դրա հետ որևէ կապ չունի, Ժիրայր Լիպարիտյանը սխալ է ներկայացնում»,- ասել է Հրանտ Բագրատյանը: 

  • Աշխարհում կան անվտանգային համակարգեր, որոնց շուրջ միախմբված են տարբեր երկրներ՝ ՆԱՏՕ, ՀԱՊԿ, Մեքքայի համաձայնագիր… Բոլոր կառույցներում էլ խնդիրներ կան, ՆԱՏՕ-ի անդամ տարբեր երկրներ խնդիրներ ունեն իրենց անդամակցած այդ կառույցի հետ: Հատկապես կոնֆլիկտային տարածաշրջաններում առանց նման անվտանգային հովանոցների հնարավոր չէ, և եթե մի հովանոց լավ չի աշխատում, պետք է փնտրել ուրիշը, բայց Հարավային Կովկասում դու չես կարող առանց հովանոցի քայլել, որովհետև այստեղ մշտապես քաղաքական, ռազմական տեղատարափ անձրևներ են տեղում:

  • ՀԱՊԿ-ից մեր դժգոհությունն ի հայտ եկավ 44-օրյա պատերազմից հետո, և անմիջապես գնաց ՀԱՊԿ-ը որպես ոչ էֆեկտիվ կառույց ներկայացնելու պետական քարոզը, այդ թվում՝ նրանց սատարող կազմակերպությունների և անհատների կատարմամբ… Հիմա արդեն դե յուրե մեր ձայնի իրավունքը ՀԱՊԿ-ում սառեցված է, ինչը նշանակում է, որ մենք չենք կարող ազդեցություն ունենալ որոշումների վրա, և այլ, և այլն: Բայց նախկինում մենք ունեինք ՀԱՊԿ-ում ձայնի իրավունք և Յուրի Խաչատուրովին՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Այս իշխանությունը քանդում է այն անվտանգային համակարգը, որը կա: Բայց մենք այլընտրանքներ չունենք, նրանք քանդում են և փոխարենը ոչինչ չեն առաջարկում՝ եթե ՀԱՊԿ-ը վատն է, ապա ինչո՞վ եք այն փոխարինելու: Ասե՛ք:
  • Ալե՛ն Սիմոնյան, պատմությունն է ասել, որ եթե ռուսները գնան, թուրքերը գան, կլինի կոտորած: 1920թ. ռուսներն այստեղ չէին, թուրքերը մտան ու այստեղ՝ Գյումրիում, կոտորած արեց թուրքական բանակը: Ջաջուռ գյուղում էլ եղբայրական գերեզման կա:
  • ՀԱՊԿ-ի՝ այստեղ գոյությունն անհանգստացնում է Թուրքիային, ՔՊ-ին ու արևմտամետ վերլուծաբաններին: Բայց ես չեմ ասում՝ ՀԱՊԿ-ը էֆեկտիվ է գործում: Ես ասում եմ՝ անվտանգային համակարգին որպես այլընտրանք՝ հեծանիվ կամ հեծանվային զբոսանք չի կարելի առաջարկել: Փոխարենը պետք է այլ բան առաջարկել: Բայց մեզ ի պատասխան՝ ասում են՝ մեր անվտանգության համակարգը խաղաղությունն է, այսինքն՝ թղթե շերեփը: Հիմա սահմանին չեն կրակում, բայց դու Ջերմուկն ազատագրե՞լ ես: Չես ազատագրել, չէ՞:
  • Ասում է՝ Ռուսաստա՛ն, ես ՀԱՊԿ-ում խնդիր ունեմ, բայց թող ապրանքներս արտահանեմ, էլի, թող մնամ՝ ԵԱՏՄ-ից օգտվեմ: Պուտինն էլ ասում է՝ չեղավ, գնա՛, հանրաքվե արա, որոշե՛ք՝ ԵԱՏՄ-ից դուրս գալի՞ս ես, թե՞ չէ: 20 օր առաջ Պուտինին ասում էիր՝ ԵՄ չեմ գնում, հետո գնում ես Բրյուսել, ասում ես՝ 2027-2028-ին կարող է գնամ, ԵՄ մտնելու հայտ կներկայացնեմ, ՀԱՊԿ-ին չես մասնակցում, արանքում Թուրքիայում՝ մի հատ չայի բաժակ, մի հատ բանան, հեծանիվ, սրտիկ… Հիմա էդ պետությունների ղեկավարները քեզ հետ ինչպե՞ս վարվեն, ո՞նց վստահեն: Ո՞նց քեզ լուրջ վերաբերվեն:
  • Եթե, այսպես կոչված, «արևմտամետները» որոշ մարդկանց անվանում են Կրեմլի ստրուկ, իրենք էլ Սպիտակ տան ճորտեր են ու Բուքինգհեմյան պալատի ստրուկներ: Իրենք ինքնիշխաններ չեն: 
  • 102-րդ ռազմաբազայի այստեղից դուրս գալն ո՞ւմ է ձեռնտու՝ Թո՛ւրքիային: Ինչո՞ւ պիտի ուզենան իրենց սահմանին մի հատ ՀԱՊԿ ունենան, մի հատ էլ ռազմաբազա: Ցեղասպանության հարցն օրակարգից հանելը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, Սահմանադրության մեջ Անկախության հռչակագիրը հանելը, ատոմակայանի թեման, Արարատ սարը մեր սիմվոլիկայից հանելն ո՞ւմ շահն է… Թո՛ւրքիայի: Ինչո՞ւ ձեր ատելության հռետորիկայի մեջ հիշում եք «Իվան» անունը, բայց չեք հիշում «Ջոն, Ջեկ, Էմմանուել» անունները:
  • Հասկանո՞ւմ եք՝ խելագարության կանխավարկածն ուր կարող է հասնել, որ ասեն՝ TRIPP-ը Հայաստանի զարգացման գրավականն է: Հա, երևի Ալիևն ու Էրդողանն էլ գիշեր-ցերեկ նստել-մտածել են՝ ի՞նչ անեն, որ Հայաստանը զարգանա…
  • Պետությունների միջև միշտ էլ լարվածություն լինում է: Էրդողանը Մակրոնին ուղիղ հայհոյել է, դրանից Թուրքիայի ու Ֆրանսիայի դաշնակցային հարաբերությունները վատացա՞ն: Սիրելի ժողովուրդ, Ֆրանսիան մեր դաշնակիցը չէ, Ֆրանսիան Թուրքիայի ՆԱՏՕ-ական դաշնակիցն է: Ի՞նչ է, Հայաստանի 3-րդ նախագահի օրոք Ռուսաստանի հետ խնդիրներ չե՞ն եղել, բա ո՞նց, ի վերջո, «Իսկանդերի» պես հզոր զենք ունեցանք: Էդ «Իսկանդերը» 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ո՞ւմ դեմ էր ձեռք բերել: Ալիևն իրեն պատռում էր, ամեն ինչ անում էր, որ խոչընդոտի, որ մենք չկարողանանք բերել «Իսկանդերը»: Ի վերջո բերեց ՀՀ երրորդ նախագահը: Կամ՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գազի գնի շուրջ անհամաձայնություն չի՞ ունեցել Ռուսաստանի հետ, երբ ճաշից է անգամ հրաժարվել, բայց, ի վերջո, գազի գինը նվազեցրել են Հայաստանի համար:

Հիշեցնենք. 44-օրյա պատերազմից հետո «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառման շուրջ ծագած սկանդալը դարձավ հետպատերազմյան ներքաղաքական և հայ-ռուսական հարաբերությունների ամենասուր թեմաներից մեկը:  2021թ. փետրվարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցում քննադատեց գործող իշխանություններին՝ նշելով, որ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրը չի կիրառվել իր նախագահության օրոք ձեռք բերված ամենահզոր զինատեսակը՝ «Իսկանդերը»: Ըստ Սարգսյանի՝ դրա կիրառումը կարող էր փոխել պատերազմի ընթացքը:

Փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում հակադարձեց Սարգսյանին՝ հարցնելով, թե ինչու «կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Այս ձևակերպումը մեծ աղմուկ բարձրացրեց թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում՝ ընկալվելով որպես ռուսական ռազմական տեխնիկայի վարկաբեկում: ՌԴ ՊՆ-ն հերքեց Փաշինյանի խոսքերը: Ռուսական գերատեսչությունը պնդեց, որ օբյեկտիվ վերահսկողության համակարգերի տվյալներով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր» համալիրներից ոչ մի արձակում չի իրականացվել: Դրանից հետո Փաշինյանի աշխատակազմից հայտնեցին, որ Փաշինյանը նման տեղեկություն ստացել էր ոչ ճիշտ զեկուցման հետևանքով: Դրանից որոշ ժամանակ անց հակառուսական և ՔՊ-ամերձ շրջանակները հաջորդ կեղծիքը տարածեցին, թե համալիրները հնարավոր չի եղել լիարժեք կիրառել տեխնիկական սահմանափակումների կամ կոդավորման պատճառով: 168.am-ի հրապարակումներում ռազմական փորձագետներն ու զինվորականները (այդ թվում՝ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը) ընդգծել են, որ մարտագլխիկը տեխնիկապես չի կարող պայթել «10 տոկոսով». այն կա՛մ պայթում է, կա՛մ ոչ։ Այս հայտարարությունը բնորոշվել է՝ որպես ոչ կոմպետենտ և զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող։

  • Չի կարող Էրդողանի տիպի կերպարը հարգել իր իսկ սիմվոլ Արարատ լեռն ուրացողին: Թուրքիայում այդ լեռան պաշտոնական անունը Աղրը-Դաղը է: Հիմա որ հրաժարվում են Արարատից, կարո՞ղ է գալ մի պահ, որ ՔՊ-ական պաշտոնյաներն Արարատ լեռն անվանեն Աղրը-Դաղը: Ես դրան 90%-ով հավատում եմ, սրանք ինչ ասես՝ կանեն…
  • Տարիների հեռվից Աթաթուրքը պատասխանել է Ալեն Սիմոնյանին, որն ասում է՝ «ինչո՞ւ ենք երգում «Ախպերս ու ես» երգը, իսկ Աթաթուրքը, լսելով Անդրանիկի մասին «Ինչպես արծիվ սավառնում ես…» հայտնի երգը, ասել է՝ Անդրանիկը մեր թշնամին էր, բայց նա հերոս է, ի՜նչ լավ են արել հայերը, որ երգ են գրել նրա մասին:

Ի դեպ, այս հայտնի պատմությունը կապված է թուրքական լեզվաբանության հիմնադիրներից մեկի՝ ազգությամբ հայ լեզվաբան Հակոբ Մարթայանի (Ագոփ Դիլաչարի) և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հանդիպման հետ։ Այն լայնորեն տարածված է հայկական հուշագրություններում (մասնավորապես՝ պատմաբան Ծատուր Աղայանի գրառումներում)։ Ըստ տարածված վարկածի՝ դեպքը տեղի է ունեցել 1934թ. Ստամբուլում (կամ Անկարայում) կազմակերպված բարձրաստիճան ճաշկերույթի ժամանակ, որին մասնակցել են նաև թուրքական պետական գործիչներ (այդ թվում՝ Իսմեթ Ինոնյուն)։ Աթաթուրքը, գնահատելով Հակոբ Մարթայանի ներդրումը թուրքերենի բարեփոխման գործում (հենց Աթաթուրքն է նրան տվել «Դիլաչար»՝ «լեզու բացող» ազգանունը), առաջարկում է նրան երգել որևէ հայկական երգ։ Մարթայանը համարձակություն է դրսևորում և կատարում է Գուսան Շերամի հեղինակած «Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ» հայտնի երգը՝ նվիրված զորավար Անդրանիկին։ Ներկաները, հասկանալով, որ երգը նվիրված է իրենց ոխերիմ հակառակորդ Անդրանիկին, խիստ զայրանում են։ Սակայն Աթաթուրքը հանդարտեցնում է նրանց, թարգմանել է տալիս երգի բառերը և արտասանում է հայտնի միտքը՝ ընդգծելով, որ թեև Անդրանիկն իրենց թշնամին էր, բայց նա իր ժողովրդի հերոսն է, և հայերը ճիշտ են արել, որ երգ են հյուսել նրա մասին:

  • Իրանը ոչ միաշերտ երկիր է, պետք է գիտակցել տարբեր շերտերի համադրումը: Իրանի պետական համակարգի ճկունությունն է պատճառը, որ իր պետականությունը հազարամյակներ չի կորցրել: Իրանի նախկին արտգործնախարար, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին բավականին առաջացած տարիքում է, բայց ունի ահռելի փորձ ու դեր Իրանի պետական համակարգում, և նա ոչ թե զոհված հոգևոր առաջնորդի խորհրդականն է, այլ առհասարակ Իրանի հոգևոր առաջնորդի: Հիմա նա խորհուրդներ է տալիս Մոջթաբա Խամենեիին: Հայաստանի իշխանական որոշ շրջանակներ տարբեր եթերներում ասում են՝ դե, մեծ մարդ է, Վելայաթին տարիքով մարդ է, մի բան է, գրել է, ուշադրություն մի դարձրեք… Սա անլրջության գագաթնակետն է: Նախ, կարևոր է արձանագրել, որ իր այդ հոդվածում Վելայաթին Հայաստանում 2018թ. տեղի ունեցածը համարում է գունավոր հեղափոխություն: Նաև ասում է՝ օք, Հայաստանի իշխանություննե՛ր, մենք ձեզ զգուշացրել ենք, ասել ենք մեր կարծիքը, ձեզ հավատում ենք, երբ դուք ասում եք՝ TRIPP-ը Միջանցք չէ, բայց եթե մի բան եղավ, պատասխանատուն դուք եք, դուք, որ 2018-ին եկել եք իշխանության գունավոր հեղափոխությամբ՝ դրսի ուժերով… Արաղչին դիվանագետ է, ավելի փափուկ խոսքի դավանող, բայց չի կարելի հակադրել միմյանց Վելայաթիի և, օրինակ, արգործնախարար Արաղչիի խոսքերը, որովհետև երկուսն էլ ասում են՝ մեր կարմիր գիծը սա է:

  • Ջայլամների գլխավոր առանձնահատկությունը բացարձակ հիշողություն չունենալն է: Հիմա մեր իշխանությունը, ջայլամային քաղաքականություն վարելով, տանում է հիշողության զրոյացման քաղաքականություն:
  • Վելայաթիի հոդվածում Թուրքմենչայի պայմանագրի հիշատակմամբ ակնարկ կար նաև Ռուսաստանին. Այս TRIPP-ը նաև քեզ է վնաս, Ռուսաստան: Ուզում ես՝ միացիր մեզ, եթե չէ, մենք մերը պահելու ենք: 
  • Պետք է հասկանալ՝ Սյունիքը մեր պետականության շարժիչ ուժն է, և այն պետք է ո՛չ ամերիկյան լինի, ո՛չ ռուսական, ո՛չ թուրքական, և ո՛չ էլ իրանական: Այն հայկական պիտի լինի: Մեծ հաշվով Վելայաթիի խոսքն ուղղված էր հայ ժողովրդին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30