Չիլիի Պատագոնիայում հալվող սառցադաշտի մոտ հազվագյուտ միջատ են հայտնաբերել
Չիլիի Պատագոնիայի Նավարինո կղզում՝ սառցադաշտի մնացորդների հարևանությամբ, միջազգային գիտական խումբը հազվագյուտ միջատ է հայտնաբերել, որը հնարավոր է՝ գիտության համար նոր տեսակ է։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են 2026 թվականի նոյեմբերին Ecology գիտական ամսագրում։ Հայտնաբերված միջատը պատկանում է քարաճանճերի (Plecoptera) կարգին և Gripopterygidae ընտանիքին։ Այս միջատները սերտորեն կապված են քաղցրահամ ջրային էկոհամակարգերի հետ։
Գիտնականները դեռ չեն կարողացել միջատը նույնականացնել որևէ հայտնի տեսակի հետ, սակայն դրա՝ գիտության համար նոր տեսակ լինելու վարկածը հաստատելու համար լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ։
Հայտնագործությունն առանձնահատուկ նշանակություն ունի նաև տարածաշրջանում սառցադաշտերի արագ հալման համատեքստում։ Սառցադաշտերի հալոցքային ջրերը սնուցում են հարակից էկոհամակարգերը, և դրանց անհետացումը փոխում է բազմաթիվ օրգանիզմների կենսապայմանները։
Առայժմ պարզ չէ՝ միջատն ապրում է բացառապես Նավարինո կղզո՞ւմ, թե՞ տարածված է նաև Պատագոնիայի այլ հատվածներում։ Նրա պահպանության վիճակը նույնպես դեռ գնահատված չէ։
Հետազոտությանը մասնակցել են Մագալյանեսի համալսարանի, Բարսելոնայի համալսարանի և British Antarctic Survey-ի գիտնականները։

