Մի օր Փաշինյանին ընտրածները կհասկանան, որ Քաջ Նազար են ընտրել, ով պատահաբար ընկել է առյուծի վրա և մինչև հիմա գնում է. Ավետիք Չալաբյան

«Դասեր» հաղորդաշարի հյուրը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Անկախության հռչակագիրն իմ չափահասության տարեկիցն է: Եվ ես միշտ պաշտպանելու եմ ոչ միայն Հռչակագիրը, այլև դրա հիմքերում դրված գաղափարները: Հռչակագրի ընդունումը Գերագույն խորհրդում հայ ժողովրդի միասնական կամքի արտահայտում էր, տարբեր քաղաքական ուժերի ճիգերի մեկտեղման արդյունք:
  • Կիսագրագետ Փաշինյանին, ով ասում է՝ մեր Հռչակագիրը կոնֆրոնտացիոն բնույթ ունի, ուզում եմ ուղարկել Ամերիկայի անկախության հռչակագիրը, որը ծայրից ծայր բողոք էր բրիտանական կայսրի դեմ: Այն ծայրից ծայր կոնֆրոնտացիոն էր: Մեր Հռչակագրի մեջ միգուցե կան կոնֆրոնտացիոն կետեր, բայց մեր հանրապետությունը, սկսած 1918թ.-ից, կոնֆրոնտացիայի արդյունք էր: Կոնֆրոնտացիան է, այո՛, մեր պետականության հիմքը, բայց ո՞ր պետությունն է, որ կոնֆրոնտացիայի արդյունքում չի ձևավորվել:
  • Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հակադրությունը մեր գլխում չի ծնվել, այլ իրենց: Իրենք են մտածում, որ հայերն իրենց խանգարում են, ուստի հայկական պետականություն չպիտի լինի: Եվ մենք այդ իրողության հետ պետք է առերեսվենք:
  • Այսօրվա թուրքական իշխանությունները նույն պանթուրանական քաղաքականության շարունակողներն են: Աթաթուրքն ինչ-որ պահի հասկանում էր, որ պանթուրանականության մեջ ոչ մի հեռանկար չկա, դրա համար իրենց հայացքները հառեցին դեպի Արևմուտք: Էրդողանն առաջին ղեկավարն է, որն իր հայացքը շրջեց դեպի Արևելք, որովհետև Եվրոպան իր դռները փակեց նրա առաջ, ու նորից հառնեց Հայկական հարցը:

Կարդացեք նաև

  • Հիմա աշխարհայացքային ընտրության ֆունդամենտալ խնդիր կա: Ճամփաբաժանը հետևյալն է՝ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ ու դառնալ կամուրջ նրա միավորման համա՞ր, թե՞ հզորանալ ու թույլ չտալ, որ թուրքական աշխարհն իր գերիշխանությունը հաստատի մեր մեծ Հայրենիքից մնացած մի փոքր կտորի վրա: Սա է ընտրությունը՝ ապրե՞լ թուրքական գերիշխանության տակ, թե՞ ոչ: Մենք մի անգամ արդեն ապրել ենք թուրքական գերիշխանության տակ, և դա ավարտվել է հայրենազրկմամբ ու Ցեղասպանությամբ, ու մեր Հայրենիքի 300 000 ք/կմ տարածքի վրա ոչ մի հայ չի ապրում: Մենք պատրա՞ստ ենք հանուն պատրանքային խաղաղության մեզ նորից վտանգի ենթարկել, և սա այն դեպքում, երբ թուրքերը որոշել են, որ այստեղ այլևս հայ չպետք է լինի:
  • Արցախի պես ամբողջովին հայաբնակ տարածքը մի շաբաթում հայաթափվեց, ո՞րն է երաշխիքը, որ նորից նույնը չի կրկնվելու, այս անգամ՝ արդեն այստեղ:
  • Ո՞վ է ասում, որ Արցախի վերադարձը պետք է տեղի ունենա 2 տարում. Ի վերջո, Ադրբեջանին 29 տարի պետք եղավ հաջողության հասնելու համար: Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարվել այդ հարցից: Ադրբեջանի հետ խաղաղության կարելի է հասնել այլ եղանակներով: Արցախյան հարցը կրկին պետք է վերադարձվի բանակցային սեղան: Խաղաղության պետք է հասնել այն պայմաններում, երբ ոչ մի կողմը տուժած չէ, և յուրաքանչյուրը ստացել է իր հասանելիքը: Չի կարող լինել երկարաժամկետ խաղաղություն, եթե կողմերից մեկը համարում է, որ իր հիմնարար իրավունքները խախտված են: Ադրբեջանցիներն էլ են դա հասկանում, գիտեն, որ Արցախն իրենցը չէ, չեն էլ ուզում ապրել այնտեղ:
  • Երբ դու պատրաստ ես մի քանի ադրբեջանական ցիստեռնի դիմաց հրաժարվել քո հայրենիքից, ուրեմն երբեք ոչնչի էլ չես հասնի, և ոչ մեկը քեզ ոչինչ չի վերադարձնելու:
  • Փաշինյանն ըստ էության մի խնդիր է լուծում՝ սեփական քաղաքական կյանքը երկարաձգելու խնդիրը: Նա հասկանում է, որ դրա միակ միջոցը հայ ժողովրդի կամքը կոտրելն ու ադրբեջանական նարատիվները Հայաստանում պարտադրելն է: ՔՊ-ի քաղաքականությունը հայության դիմադրողականությունը թուլացումն է:
  • Հիմա փորձում են հարված հասցնել մեր ազդեցության գլոբալ, կարևորագույն ազդեցության ցանցին, մեր հիմնասյունին՝ Սփյուռքին: ՔՊ-ն հետևողականորեն ընկած է Սփյուռքի հետևից և զգալի թուլացրել է այն:
  • Իրավական հարթության մեջ Հայաստանում անկլավներ գոյություն չունեն: Ադրբեջանի և Հայաստանի միջև չկա որևէ միջպետական փաստաթուղթ, որը կհաստատի, որ մենք Ադրբեջանին հանձնելու բան ունենք: Եթե կա, թող բերեն, ցույց տան: Երբ Փաշինյանը հղում է անում քարտեզներին, դա փաստաթուղթ չէ. քարտեզները ցանկացած ձևով կարելի է նկարել: Փաշինյանի նշած տարածքներն Ադրբեջանինը երբեք չեն եղել, ի տարբերություն Արծվաշենի, որ Հայաստանի տարածք է եղել է, և երբեք անկլավ չի եղել, որովհետև ցամաքային հուսալի կապ է ունեցել Հայաստանի հետ: Հայաստանի իրական տարածքը 31.000 ք/կմ է, ոչ թե 29.743 ք/կմ: Խորհրդային Հայաստանի տարածքը 31.000 ք/կմ է եղել: Եթե Փաշինյանը հանձնի այդ տարածքները, կկատարի պետական դավաճանության ակտ: Տիգրանաշենը բոլոր օրենսդրական հիմքերով Արարատի մարզի տարածք է: Եթե Փաշինյանը բախտը փորձի հանձնել Տիգրանաշենը, Ոսկեպարն ու մյուս տարածքները, նա վաղ թե ուշ կանգնելու է դատարանի առաջ:

  • Եթե Տիգրանաշենը հանձնեն, մեր պաշտպանական համակարգը՝ Զանգակատուն գյուղից սկսած մինչև Երասխավան, փլվելու է, գյուղերը հայտնվելու են ադրբեջանական դիտարկման տակ, որովհետև մեր պաշտպանական գիծն այդ կերպ 20 կմ խորք կտարվի:
  • Տիգրանաշենը միայն տիգրանաշենցունը չէ, բոլորինս է, իսկ մենք ՔՊ-ի օգտին չենք քվեարկել: Փաշինյանին մենք մանդատ չենք տվել տարածք հանձնելու: Փաշինյանը հայտնվել է նալի և զնդանի միջև: Դրա համար է նա խոսում տարածքների փոխանակման մասին: Տիգրանաշենի հանձնումն անդամահատելու է Հայաստանը: Դա բերելու է նրան, որ Սյունիքն ու Վայոց ձորը հայտնվեն շրջապատված Արցախի կարգավիճակում: Տիգրանաշենի հանձնումից հետո այն կմիլիտարիզացվի:
  • Ինձ ահավոր ցավ է պատճառում, որ 700 000 մեր հայրենակիցներ ընտրել են Փաշինյանի կոլաբորացիոն ուժին: Որքան էլ եղել են ճնշումներ ու տարատեսակ ընտրակաշառքներ, մեր քաղաքացիների մի զգալի մասը ՔՊ-ի քաղցր սուտը գերադասել է դառը ճշմարտությունից: Եթե դու 3 միլիոնանոց քրիստոնյա ժողովուրդ ես՝ շրջապատված 100 միլիոն թուրքերով, դու չես կարող առանց պայքարի գոյատևել:
  • Կալանավայրում ստիպված Հանրային հեռուստատեսություն էի նայում: Իրականության մեջ Հանրայինի լուրերի վազող տողը բացառապես պրոիշխանական էր: Իրենց համար ընդդիմադիր պատգամավորներ գոյություն չունեն, նրանք չեն լուսաբանվում: Ցավալի է, բայց Փաշինյանի, ՔՊ-ի ու իրենց գործատուն Ալիևն է, և Հանրայինն ամբողջությամբ ծառայեցվում է Ալիևյան կլանի շահերին:
  • Եվրամիությունն այն աստիճանի է կենտրոնացած Ռուսաստանի հետ հակամարտության վրա, որ մնացած ամեն ինչը ստորադասվել է աշխարհաքաղաքական այդ մեկ շահին: Եվ Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում է որպես այդ հակամարտության մեջ խաղաքար: Իշխանության գալու առաջին իսկ պահից նա փորձել է Ռուսաստանի շուրջ եղած ինտեգրացիոն կառույցները խարխլել: Ինչ-որ պահի Ռուսաստանն ու Եվրոպան կպայմանավորվեն, բայց մենք կտուժենք, որովհետև հայտնվել ենք այդ հակամարտության կիզակետում: Այն հայ ղեկավարը, ով Հայաստանը կներքաշի Եվրոպա-Ռուսաստան խաղի մեջ, հանցանք է գործում հայ ժողովրդի դեմ: Այդ խաղում դու շախմատի զինվոր ես: Փաշինյանը մեզ դարձրել է ամենաէժան ֆիգուրն ու զոհաբերում է:

  • Փաշինյանը մոլի արկածախնդիր է, նա ընդունակ չէ հաշվարկել: Արցախի հանձնումը ևս չհաշվարկած արկածախնդրության արդյունք էր: Հետո սկսեց հիմնավորել, թե թույլ էինք: Ո՛չ, մենք թույլ չէինք, դու էիր արկածախնդիր: Մի օր իրեն ընտրած 700 000 քաղաքացիները կհասկանան, որ իրենք Քաջ Նազար են ընտրել, ով պատահաբար ընկել է առյուծի վրա ու մինչև հիմա գնում է:
  • Մեր կալանավայրերը գերբեռնված են: Կալանքը պատժի խստագույն միջոց է, չի կարելի այն դարձնել գերնպատակ: Այն մարդիկ, ովքեր անհիմն մեղադրանքներ են կարում ու կալանքներ դակում, ծառայում են մի անձի հիվանդ երևակայությանը: Ձեր ձեռքով հրեշ մի՛ ստեղծեք, մի՛ աջակցեք այս ամենին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31