Քոլեջների ուսանողները PISA-ին չեն մասնակցում․ Ավագ դպոցներն ու քոլեջները պետք է դնել հավասար մրցակցային պայմաններում. Սերոբ Խաչատրյան
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրել է․
«Մի կարևոր բան ասեմ, որն օգնելու է PISA-ին նայել մեկ այլ տեսանկյունից։ Այն, որ Հայաստանի հանրակրթությունը ծանր վիճակում է, հասկանալի է։ Բայց ինձ համար շատ անսպասելի էին Հայաստանի դպրոցականների նման ցածր արդյունքները։ Ամեն դեպքում Հայաստանի հանրակրթությունն այս աստիճանի վատը չէ։ Այսօր մի կարևոր վարկած գտա, որը նման ցածր ցուցանիշի գլխավոր պատճառներից մեկը կարող է լինել։ Հայաստանի հանրակրթությունում ոչ նորմալ միտում կա։ 9-րդ դասարանը բարձր առաջադիմությամբ ավարտած աշակերտների զգալի մասն ուսումը շարունակում է քոլեջներում։ Քոլեջներում կրթաթոշակ են ստանում, որակավորում և բուհ ընդունվելու որոշ արտոնություններ։ Դրա համար հազարավոր գերազանցիկներ գնում են քոլեջներ։ Իսկ քոլեջների ուսանողները PISA-ին չեն մասնակցում։ Ստացվում է, որ Հայաստանը PISA-ին մասնակցել է սովորողների ավելի «թույլ կազմով»։ Ավագ դպոցներն ու քոլեջները պետք է դնել հավասար մրցակցային պայմաններում։
Մյուս գործոնն էլ այն է, որ աշխարհի շատ երկրներում պարտադիր է 9ամյա կրթությունը, ինչը նշանակում է, որ ցածր առաջադիմությամբ սովորողների զգալի մասը դուրս է գալիս դպրոցից և PISAին չի մասնակցում։ Հայաստանում պարտադիր է 12ամյա կրթությունը, ինչը նշանակում է, որ ցածր առաջադիմությամբ աշակերտները մնում են դպրոցում և մասնակցում PISAին»։

