Հաջիևը հայկական կողմի վրա բարդեց ևս մեկ «ցեղասպանություն». այն «Խոջալուի դեպքերի» հետ համեմատելը ենթագիտակցությունի՞ց էր, թե՞…

Այս օրերին հայ հասարակության գիտակից հատվածը քննարկում է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Գյանջայում ծնված և ընդգծված հայատյաց օգնական Հիքմեթ Հաջիևի՝ օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ հայկական պատմությունն աղավաղելու դրվագները:

Մասնավորապես, հայկական Գանձասար եկեղեցի և Դադիվանք այցի ժամանակ Հաջիևն օտարերկրյա դիվանագետներին փորձել է համոզել, որ դրանք «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:

Այնուհետև Ալիևի օգնականն օկուպացված Արցախ հրավիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցել է Գանձասարի վանական համալիրի թանգարանային հատված և ցույց տալով այդտեղ եղած թանգարանային նմուշների «մուլյաժները»՝ ծաղրել է հնագույն պատմություն ունեցող հայերին՝ «միայն մեկ էջ է, իսկ մնացածը՝ դատարկ»:

Հաջիևը սա համարել է՝ որպես «տարածաշրջանում հայկական ներկայության մասին հնագույն պատմական և մշակութային վկայությունների առկայության արհեստական պատրանք ստեղծելու փորձերի օրինակ»: Մինչդեռ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես, այդ ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն, այսօր ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նախաձեռնել էր թանգարանում եղած ձեռագրերի տեղափոխումը նախ ավելի ապահով վայր, իսկ առաջին հնարավորություն դեպքում դրանք տարհանվել էին Արցախից։

Կարդացեք նաև

44-օրյայի ավարտից հետո արդեն ապահովության համար վերադարձվել էին կրկնօրինակները։ Երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, 168.am-ի հետ զրույցում հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով.

«Որևէ բնօրինակ, որևէ բնագիր, բնօրինակ ձեռագիր մատյան կամ արխիվային փաստաթուղթ Գանձասարում չի մնացել: Եթե այնտեղ ժամանակին եղել են հատուկենտ բնագիր փաստաթղթեր, ապա 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել են մայր կառույց: Եվ այնուհետև այնտեղ ցուցադրվել են կրկնօրինակներ: Այսինքն, դրանք այն կրկնօրինակված ձեռագրերն են, որտեղ Մատենադարանի կրկնօրինակման բաժնի աշխատակիցները 2 էջի վրա բացվածքով նկարել են ձեռագրի այս կամ այն էջի պատկերը, և այսպես ցուցադրվել է՝ որպես բնօրինակ: Բայց դրանք ընդամենը մակետներ են եղել, որոնք պատրաստել են մեր աշխատակիցները: Բայց մենք որևէ բնագիր, ձեռագիր, հնատիպ գիրք և արխիվային փաստաթուղթ Արցախում չենք թողել, ոչինչ չկա այնտեղ մնացած»։

Ինչո՞ւ չէր կարելի Հաջիևի ծաղրական հայտարարություններին ի պատասխան այս մասին հիշեցնել: Ավելին, կարելի է նույնիսկ կազմակերպել ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների այցը Մատենադարան, որտեղ նրանց կներկայացվեին Գանձասարում ժամանակին ցուցադրված արխիվային նյութերի բնօրինակները: Ի դեպ, մենք փորձեցինք Արա Խզմալյանից հետաքրքրվել՝ դիտարկվո՞ւմ է նման տարբերակ, բայց մեր զանգերն ու նամակները մնացին անարձագանք: Ընդ որում, օտարերկրյա դիվանագետների այցի կազմակերպումը կարող է չհանրայնացվել, կարևորը քայլն է և նպատակը:

Նշենք, որ 2015 թվականին հիմնադրված Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում նախքան տարհանումը պահվել է ավելի քան 100 ձեռագիր մատյան, այդ թվում՝ նաև բնօրինակ մատյաններ, 3 տասնյակ հնատիպ գրքեր, շուրջ 3 տասնյակ արխիվային արժեքավոր փաստաթղթեր, շուրջ 700 միավոր հայագիտական գրականություն։

Հայաստանի դեմ Բաքվի պատմաքաղաքական, տեղեկատվական պատերազմի դրսևորումներին հոդվածը գրելու պահին ՀՀ ղեկավարությունից որևէ արձագանք չէր եղել, մասնավորապես, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Փոխարենը կատարվածից մի փոքր «հուզվել» են նախորդ տարի Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից ոգևորված «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամները՝ Արեգ Քոչինյան, Նաիրա Սուլթանյան, Բորիս Նավասարդյան, Նարեկ Մինասյան, Սամվել Մելիքսեթյան:

«Այն պահին, երբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արդեն իսկ արձանագրվել է նշանակալի առաջընթաց, և երկու հասարակություններից ակնկալվում է տասնամյակների հակամարտությունից հետո շարունակել անցումը հարաբերությունների նոր մշակույթի, հանրային խոսքն ու գործողությունները կարևոր նշանակություն ունեն։

Վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը և լրացուցիչ տարածք են ստեղծում նրանց համար, ովքեր պնդում են, թե երկխոսությունն անիմաստ է, իսկ խաղաղության հասնելու փորձերը՝ ապարդյուն։ Խաղաղության կառուցումը պահանջում է բարդ և անկեղծ խոսակցություն, միմյանց մտահոգությունների նկատմամբ ուշադրություն և գիտակցված ջանք՝ խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք կարող են վերաբացել վերքերը կամ ուժեղացնել թշնամական վերաբերմունքը։

Ուստի կոչ ենք անում խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր դերակատարներին գործել այս պահի պատասխանատվությանը համապատասխան և զերծ մնալ այնպիսի խոսքից ու գործողություններից, որոնք կարող են ապակառուցողական ընկալվել»,- հայտարարել են նրանք:

Այսինքն, մի կողմից նրանք խուսափում են բաց խոսել, որ Հաջիևը խեղաթյուրել է փաստերը, մյուս կողմից՝ արձանագրում են այն, ինչի մասին ոչ մեկ անգամ զգուշացվել է:

Ի դեպ, ավելի ուշ տեղեկացանք, որ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Արդյո՞ք այս այցի ընթացքում խոսք գնացել է Գանձասարի, Դադիվանքի մասին, կամ՝ ցուցադրվե՞լ են Գանձասարի վանական համալիրի թանգարանային հատվածում ժամանակին պահված արխիվային նյութերի բնօրինակները, պաշտոնական հաղորդագրությունից այդքան էլ պարզ չէ:

Նշվում է, որ «Մատենադարանում» հյուրը ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին, և, որ ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը:

Իսկ Հաջիևը Հաջիև չէր լինի, եթե սահմանափակվեր նրանով, ինչի մասին վերևում նշեցինք: Օկուպացված Քարվաճառ այցի ժամանակ նա անդրադարձել է նաև ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1993-ի գարնանն իրականացված Քարվաճառի ազատագրման օպերացիային: Իհարկե, նախ նա մեղադրանքներ է հնչեցրել այդ ժամանակ Ադրբեջանում իշխանության ղեկին եղած «որոշ ուժերի», մեղադրելով նրանց ոչ կոմպետենտության մեջ, այնուհետև մեղադրական սլաք է ուղղվել միջազգային հանրությանը:

«Մի կողմից՝ հայկական զորքերը Մարտակերտի կողմից շրջափակման մեջ էին վերցրել շրջանը, մյուս կողմից՝ Լաչինի «օկուպացիայից» հետո Քելբաջարից այդ ուղղությամբ տանող ճանապարհը փակվել էր։ Թունելում տեղի ունեցած ողբերգությունը մենք մինչ օրս հիշում ենք։ Թունելի ելքի մոտ Մերձավոր Արևելքից ժամանած հայ «ահաբեկիչ» Մոնթե Մելքոնյանը դարանակալում էր կազմակերպել։ Այնտեղ տեղի ունեցավ Խոջալուի ողբերգությունից ոչ պակաս դաժան ողբերգություն։ Մենք չպետք է մոռանանք այդ մասին, սա նույնպես մեր պատմության մի մասն է։ Եվ այնտեղ քելբաջարցիների նկատմամբ «դաժան հաշվեհարդար իրականացվեց»» (չակերտները՝ Մ.Պ.-ի):

…Եվ այդ ժամանակ մեր քելբաջարցի քույրերը, պաշտպանելով իրենց պատիվն ու արժանապատվությունը, փրկվելու համար նետվեցին Թարթառ գետը»,- պնդել է Հաջիևը:

Մենք գրել ենք, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ Բաքվի «դատավարության» ժամանակ քննության էր առնվել Քարվաճառի ազատագրման օպերացիան:

Մասնավորապես, արտասահմանյան լրատվամիջոցներում տպագրված ինչ-որ հոդվածների հղում անելով՝ Ադրբեջանի դատարանը պնդել էր, թե հայկական բանակը վերցրել է Քարվաճառը, «ինչի արդյունքում հազարավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք, երեխաներ, ստիպված են եղել փախուստի դիմել», և, որ դրա հետևանքով անգամ «ճգնաժամային իրավիճակ» է ստեղծվել:

Եվ այս առիթն օգտագործելով, մենք ներկայացրել ենք իրական փաստերը: Պաշտոնական, պատմական իրական փաստերի համաձայն՝ «1993 թվականի մարտի 31-ին արցախյան ուժերի վերահսկողության տակ ընկավ նաև Չապլի-Կամըշլը-Ջոմարտ-Ալըմալըկ-Զուլֆուգարլու-Չորանքերախմեդ ռազմաբնակավայրերն իրար կապող ռազմավարական նշանակության ճանապարհը, որի արդյունքում լայն հնարավորություն ստեղծվեց Քարվաճառ շրջկենտրոնի ուղղությամբ գրոհը զարգացնելու համար:

Բայց նախքան քաղաքի ուղղությամբ հարձակման անցնելը, հայկական ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության որոշմամբ, ռազմաճակատի այդ հատվածում մարտական գործողություններն առժամանակ դադարեցվել էին՝ նպատակ ունենալով Քարվաճառի և Լաչինի շրջաններում հավանաբար դեռևս մնացած խաղաղ բնակչությանը հնարավորություն տալ անվտանգ հեռանալ մարտական գործողությունների գոտուց:

Ավելին, կա արխիվային տեսանյութ, որտեղ Մոնթե Մելքոնյանը 1993 թվականի ապրիլի 1-ին Քարվաճառի ճանապարհի վրա կանգնած՝ պատմում է Քարվաճառ-Օմար ռազմագործողության ընթացքի մասին, որը սկսվել է մարտի վերջին, և, մասնավորապես, նշում.

«…Առաջ եկանք մինչև այստեղ, հիմա կանգնած ենք, խաչմերուկ կա այնտեղ՝ Կիրովաբադի խաչմերուկը: Այս մասում կանգնած ենք, որ իրենք իրենց ժողովուրդը հանեն»:

Թաթուլ Հակոբյանն իր «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» գրքում էլ հղում է անում ԼՂ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին:

«Ղարաբաղյան ուժերը հնարավորություն ունեին շրջապատել ողջ շրջանը, կտրել բոլոր ճանապարհները և շրջափակման մեջ թողնել՝ ինչպես Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումները, այնպես էլ՝ քաղաքական բնակչությանը: Սակայն չարեցինք, քանի որ նպատակ չունեինք վնասելու խաղաղ բնակչությանը: Մենք արեցինք ամեն հնարավորը, որպեսզի խաղաղ բնակչությունը նորմալ կերպով տարհանվեր: Մենք նույնիսկ չէինք հրետակոծում այդ շրջանի տարածքում գտնվող ուղղաթիռները, որովհետև գիտեինք, որ դրանք խաղաղ բնակիչներ են փոխադրում: Թույլ տրվեց նաև լեռնանցքով անցնել մոտ 300 կանանց ու երեխաների այն ժամանակ, երբ մեր զինվորներն արդեն փակել էին լեռնանցքը»:

Իսկ Բաքվի դատարանում ադրբեջանական կողմը, հղում անելով արտասահմանյան տարբեր լրատվամիջոցների՝ շեշտել էր նաև, թե հայկական ուժերի կողմից Քարվաճառի ազատագրումը կամ, ռազմական լեզվով ասած՝ գրավումը, հնարավորություն է տվել վերահսկել Արցախը Հայաստանին կապող մեծ տարածք՝ հյուսիսից հարավ:

Այո, Քարվաճառի ազատագրումը ռազմավարական նշանակություն ուներ, ինչը շատ երկրների սրտով չէր: 

Արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական բանակը կարողացավ պահել Քարվաճառը, բայց արի ու տես, որ այն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվեց Ադրբեջանին: Ոչ մեկ անգամ Ալիևը խոստովանել է, որ ուժով Քարվաճառը երբեք չէին կարող վերցնել, շատ բարդ էր:

Իսկ առջևում մեզ սպասում են Հաջիևի մեղադրական հերթական գրառումները «Գյանջայի դեպքերի» հետ կապված և «մեղավորներին» պատժելու պահանջը: Մինչ այդ նա հայկական կողմի վրա դրեց ևս մեկ «ցեղասպանություն»՝ քելբաջարյան:

Ուշագրավ է, որ Հաջիևը Քարվաճառի օպերացիան համեմատել է «Խոջալուի ցեղասպանության» հետ. երկու դեպքում էլ ադրբեջանցիներին հեռանալու հնարավորություն է տրվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930