Իսկ եթե վաղը որևէ մեկը դրա հետևանքով առողջական խնդիր ունենա՞, ո՞վ է պատասխան տալու. Անուշ Պողոսյան

«Հորդորում եմ՝ այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը։

Գանգատների՝ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, այտուցներ, ձեռքերի դող, մաշկի ցանավորում կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի»

Այս կոչն անում է այն նախարարը, որի օրոք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնները «օպտիմալացվեցին»։

Այն կենտրոնները, որոնք պիտի վերահսկեին ու ստուգեին ջրի որակը, ոչ թե սպասեին, որ բնակիչը իր ծորակից մետաղական զանգված գտնի ու ահազանգի։

Այսինքն՝ համակարգը պետք է կանխարգելեր, բայց փաստացի սպասեց, մինչև բնակիչը հայտնաբերեց խնդիրը։

Հիմա էլ բնակչին ասում են՝ ջուրը մի օգտագործեք, իսկ վատ ինքնազգացողության դեպքում դիմեք բժշկի։

Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել։

ՀՎԿԱԿ-ի պրոֆեսիոնալներին ազատեցին աշխատանքից, իսկ տնօրեն նշանակվեց մեկը, որի համար կորտիզոլն ու ադրենալինը նույն հորմոններն էին։

Երբ մասնագետին փոխարինում են ոչ մասնագետով, դրա հետևանքների համար էլ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի։
Պաշտոն ունենալը միայն հրամաններ ստորագրելու իրավունք չէ։ Պաշտոնը նաև պատասխանատվություն է՝ ինչ ես վերահսկել, ինչ չես վերահսկել, ինչ ես կանխել և ինչ ես թույլ տվել, որ տեղի ունենա։

Ջրի մեջ սնդիկի հարց, բնակչի ահազանգ, հետո՝ «շշալցված ջուր օգտագործեք»։

Իսկ եթե վաղը որևէ մեկը դրա հետևանքով առողջական խնդիր ունենա՞։

Ո՞վ է պատասխան տալու։

Թե՞ կրկին պատասխանատուն բնակիչն է լինելու, որ ժամանակին չի իմացել՝ իր ծորակից եկող ջուրը կարելի՞ է օգտագործել, թե՞ ոչ։

Սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը։

Սա՞ է պետական կառավարման պատասխանատվությունը։

Ի՞նչ ասեմ…

Ապագա կա…..»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930