Գները եվրոպական են, եկամուտները՝ հայկական

Վերջին տարիներին, չնայած պաշտոնապես արձանագրվող ոչ այնքան բարձր գնաճին, Հայաստանում բազմաթիվ ապրանքների և ծառայությունների գներ ընդհուպ մոտեցել են այն մակարդակին, որը քաղաքացիները սովոր են տեսնել եվրոպական երկրներում։ Բայց կա մի էական տարբերություն. Հայաստանում քաղաքացիների ճնշող մեծամասնության եկամուտներն անհամեմատ ավելի ցածր են, քան Եվրոպայում։

Արդյունքում՝ նույն ապրանքը կամ ծառայությունը, եթե նույնիսկ Երևանում և եվրոպական քաղաքներում մոտավորապես նույն գինն ունեն, դրանց հասանելիությունը մեծապես տարբեր է։ Այդ գները Հայաստանի քաղաքացու ընտանեկան բյուջեի վրա մի քանի անգամ ավելի ծանր են նստում։ Դա էլ քիչ է, քաղաքացին ամեն օր խանութում, շուկայում, դեղատանը, բենզալցակայանում, բժշկի մոտ և այլուր տեսնում է հերթական թանկացումները, որոնք սովորաբար շատ ավելի մեծ են, քան արձանագրվող գնաճն է։

Օգոստոսին պաշտոնական գնաճը Հայաստանում նախորդ տարվա համեմատ կազմել է 4.4 տոկոս, սակայն սննդամթերքի գներն աճել են 6.6 տոկոսով։ Հունվար-օգոստոսին էլ սննդամթերքը թանկացել է 7.4 տոկոսով։

Այս թվերը քաղաքացուն գուցե և ոչինչ չասեն, որովհետև նրա համար կարևորն այն է, թե ինչքան են թանկացել այն ապրանքները, որոնք ավելի հաճախ է գնում՝ ձու, միս, կաթ, պանիր, ձեթ, միրգ, մակարոն և այլն։ Հենց այդ ապրանքների գների մեջ է թաքնված գնաճի այն իրական ազդեցությունը, որն այդ քաղաքացիներն ամեն օրվա գնումների հետ զգում են իրենց վրա։

Կարդացեք նաև

Սրան, իհարկե, ՔՊ-ականները վաղուց արդեն ուշադրություն չեն դարձնում։ Նրանց համար գնաճն այլևս խնդիր չէ։ Իրենց եկամուտներն այնքան են ավելացել, որ թանկացումները մեծ բան չեն փոխում։ Թանկացումների պայմաններում էլ կարող են իրենց ճոխություններ թույլ տալ ու վայելել կյանքի բարիքները։ Մտածելու ի՞նչ ունեն՝ միլիոններով աշխատավարձեր ու համարժեք այլ եկամուտներ են ստանում պետական բյուջեից։

Տուժում են այն քաղաքացիները, որոնց եկամուտները չեն ավելանում, իսկ ապրելու պայմանները ծանրանում են՝ խանութների ցուցափեղկերում դրված առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացմանը զուգընթաց։ Ի՞նչ է զգում քաղաքացին, երբ համեմատում է այդ ապրանքների գներն անցած տարվա հետ ու տեսնում է, որ գների ահռելի տարբերություն կա։

Օրինակ՝ նախորդ տարվա համեմատ՝ ձուն թանկացել է ավելի քան 27 տոկոսով։ Դա նշանակում է, որ քաղաքացին ձու գնելուց ստիպված է 27 տոկոսով ավելի շատ գումար վճարել, քան վճարում էր անցած տարի։ Կամ տավարի միսը, որի գինը 1 տարվա ընթացքում բարձրացել է 22.6 տոկոսով՝ թանկ հաճույք դառնալով շատերի համար։ Նույնը՝ նաև ոչխարի միսը, որի գնաճը 1 տարում հասել է գրեթե 16 տոկոսի։

Մրգերն այս տարի Հայաստանում թանկ են ավելի քան 10 տոկոսով, չնայած արտահանման խնդիրների պայմաններում, որոնք վերջին ամիսներին առաջացել են, թվում է, թե այդպես չպիտի լիներ։ Բայց այդպես է, ու սպառողը ստիպված է անհամեմատ ավելի մեծ գին վճարել, որովհետև որոշ մարդիկ դրա վրա փող են աշխատում՝ արհեստական բարձր պահելով իրացման գները։ Գյուղացուց էժան գնում են, կրկնակի-եռակի թանկ վաճառում։ Սրա հետևանքով էլ՝ ջրի գնով ձեռք բերված գյուղմթերքները սպառողին են հասնում անհամեմատ բարձր գներով։ Ո՛չ հսկողություն կա, ո՛չ էլ ուշադրություն դարձնող։

Բարձր գնաճ կա նաև բազմաթիվ այլ ապրանքների պարագայում։ Օրինակ՝ հնդկաձավարը 1 տարում հասցրել է թանականալ 10.1 տոկոսով, թթվասերն ու արևածաղկի ձեթը՝ 8.8 տոկոսով, կաթը՝ 8.1 տոկոսով, պանիրն ու կաթնաշոռը՝ 7.2 տոկոսով, մակարոնը՝ 6.8 տոկոսով։

Մարդիկ, որոնց եկամուտները չեն ավելանում այսպիսի թանկացումների պայմաններում, ստիպված են իրենց սպառողական զամբյուղից հանել կամ նվազեցնել այդ ապրանքների սպառումը։ Որքան ցածր է մարդու եկամուտը, այնքան թանկացումների ազդեցությունն ավելի մեծ է։

Գնաճն ավելի ցավոտ է դառնում նաև այն պատճառով, որ թանկանում է ոչ միայն սննդամթերքը։ Բժշկական ապահովագրության շրջանակներում անվճար բուժօգնությունից են խոսում, իսկ պաշտոնական վիճակագրությունը բժշկական ծառայությունների լուրջ թանկացում է արձանագրել։ Նույն խորհրդատվությունը, որը նախորդ տարի էլ էր ստանում քաղաքացին բժշկի մոտ, երբ չկար բժշկական ապահովագրություն, այս տարի 9.3 տոկոսով ավելի թանկ է։ Օժանդակ բժշկական ծառայություններից օգտվելը թանկացել է 7.1 տոկոսով, ու այսպես շարունակ։

Ոչ վաղ անցյալում հպարտանում էին, թե ադրբեջանական բենզինը բերեցինք, արմատախիլ արեցինք վառելիքի շուկայի մենաշնորհը, ինչն էլ հանգեցրեց գների կտրուկ նվազման։ Այսպիսի ամպագոռգոռ հայտարարություններից ամիսներ անց ունենք այն, որ նախորդ տարվա համեմատ բենզինը թանկացել է 11.7 տոկոսով, դիզելային վառելիքը՝ 25 տոկոսով, հեղուկ գազը՝ 23.6 տոկոսով։ Այս թանկացման հետևանքը միայն այն չէ, որ քաղաքացիները հիմա ավելի շատ են վճարում վառելիքի համար։ Այդ գինը մտնում է գրեթե յուրաքանչյուր ապրանքի ինքնարժեքի մեջ ու գնի բարձրացման տեսքով դուրս գալիս սպառողի գրպանից։

Այս ամենն ի վնաս սպառողի է։ Հատկապես այն սպառողի, որի եկամուտները չեն ավելանում։ Չնայած այնպես չէ, որ մյուսների եկամուտները մեծ տեմպերով են ավելանում։ Այս տարվա 7 ամիսներին անվանական միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է ընդամենը 5.5 տոկոսով։ Մասնավոր հատվածում, որտեղ ընդգրկված է աշխատողների մեծ մասը՝ աշխատավարձերն աճել են 4.3 տոկոսով, նույնիսկ ավելի քիչ, քան միջին գնաճն է։ Սննդամթերքի գնաճի մասին էլ չենք ասում, որն անհամեմատ ավելի բարձր է եղել, քան այս մարդկանց աշխատավարձերի միջին աճն է։

Միջին անվանական աշխատավարձը, այսինքն՝ առանց հարկման, տարեկան կտրվածքով ավելացել է 5.5 տոկոսով, սննդամթերքը թանկացել է 7.4 տոկոսով։

Աշխատավարձի այդ 5.5 տոկոս աճն էլ խիստ անհամաչափ է բաշխվում. Օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաներն այս տարի միլիոնների խրախուսումներ են ստացել, ու նրանց աշխատավարձային եկամուտները կարող են նույնիսկ կրկնապատկված-եռապատկված լինել։ Մինչդեռ շատերը ոչինչ չեն ստացել կամ, լավագույն դեպքում, բավարարվել են աշխատավարձի համեստ ավելացումներով։

Այստեղ է, որ Հայաստանի եվրոպական գները չեն տեղավորվում քաղաքացիների եկամուտների մեջ։ Գները եվրոպական են, իսկ եկամուտները՝ եվրոպականից անգամներով ցածր։ Զարմանալի չէ, որ մեր երկրում յուրաքանչյուր չորրորդ-հինգերորդ քաղաքացին շարունակում է աղքատ լինել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930