Գալու է մարդկանց բռնի անհետացումների հերթը… բայց… բռնապետություններն ավարտվում են ժողովրդի ինքնադատաստանով. աղոթեք, երազեք, մոմ վառեք, որ ձեզ դատեն. Արամ Օրբելյան
168TV-ի «Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Գագիկ Ծառուկյանի դեպքն առաջինը չէ. եղել են դեպքեր, որ մարդուն Քննչական կոմիտեից հանել, գետնին են պառկեցրել, վիդեո արել, նորից ներս են մտցրել… Ասել են՝ կլինի՞ դուրս գանք մի պահ, նկարենք, հետո էլի ներս մտնենք, շարունակենք… Կոչուբաևի դեպքը հիշեք: Այլ դեպքեր էլ կան:
- Հայաստանը եվրոպական իրավաքաղաքական համակարգի մաս է: Այս ողջ կոնցեպտից մենք վերցրել ենք միայն ոստիկանականը: Եթե ձեռնաշղթան Գագիկ Ծառուկյանի թևին չէր մտնում, ինչի՞ էր պետք դա կիրառել առհասարակ: Ինչո՞ւ էր պետք անհամաչափ ուժ կիրառել:
- Կառավարության ղեկավարն ասում է՝ ես հանձնարարություն էի տվել: Իսկ դու ո՞վ ես, որ հանձնարարություն տաս: Ո՞ւմ էր տվել, ե՞րբ էր տվել հանձնարարություն, և ինչո՞ւ հիմա կատարվեց այդ հանձնարարությունը:

- Մեր խնդիրների առաջին լուծողը մենք ենք: Միջազգային կառույցի այսօրվա չխոսելը վաղը խնդիր է առաջացնելու հենց իրենց համար: Այս պահին Հայաստանն անկախ պետությունից վեր է ածվում նեոգաղութային ռեժիմի:
- Ցավոք, մեզ մոտ հիմա առաջ է գալիս նորմալիզացիան: Մենք ասում ենք՝ հես ա կբռնեն, մինչդեռ այդպես չպետք է լինի: Այն դատավորները, ովքեր ասում են՝ դե բա ի՞նչ անեինք, հանցա՛նք են կատարում: Ի՞նչ պիտի անեք. Ընդամենը ձեր պրոֆեսիոնալ գործն արեք՝ օրենքին և ձեր լիազորություններին համապատասխան: Ոչ մի տարբերություն չկա՝ մարդուն ապօրինի կյանքի՞ց ես զրկում, թե՞ ազատությունից: Դե էլ խի՞ եք դատում, միանգամից ատրճանակը հանեք, կրակեք, պրծեք…
Հենց բանտ նստեցնելը, քաղաքական սպանությունները այլևս չօգնեն այս իշխանությանը, գալու է մարդկանց բռնի անհետացումների հերթը… Միջազգային պրակտիկայում դրա օրինակները կան: Մենք սողալով գնում ենք դեպի այդ պրոցեսը:
- Առյուծը ողջ էս պատմության մեջ ամենահուզական հատվածն է: Էմոցիաներ են առաջացնում, որ մարդկանց համար դա սերիալ նայելու նման բան լինի: Օրինակ՝ երբ այս օրերին Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը խոսում է «անկլավների» մասին, դա էմոցիա չի առաջացնում, առյուծի մահն առաջացնում է:
- Երբ Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող 70 ընկերությունում միաժամանակ քննչական գործողություններ են ընթանում, եվրոպացիների մոտ դա առաջացնում է ընկալում, որ գործ ունեն մաֆիայի հետ:
- Երբ նայում ենք Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների գործերին, դրանք անհասկանալի մեղադրանքներ են: Իրավական պաշտպանությունը բոլորի համար պիտի գործի: Հայաստանում 10 000-ից ավելի մարդ, ըստ ԵԽ-ի զեկույցի, հսկողության տակ է այս կամ այն խափանման միջոցի ներքո:
- Եթե Հայաստանում չկա հեռախոսների արտադրություն, ինչի՞ պետք է ներկրվող հեռախոսների համար ԱԱՀ կամ մաքսատուրք վճարենք: Մի՛ վերահսկեք, մի՛ մտցրեք ձեր քիթը, հանե՛ք մաքսատուրքը: Եթե ես ինձ համար 10 հատ համակարգիչ եմ բերում, լավ եմ անում, եթե 3 ամիսը մեկ փոխում եմ հեռախոսս, էլի եմ լավ անում: Բայց ո՞վ ասաց, որ ԱԱՀ պետք է լինի ներմուծվող հեռախոսների վրա:
- Մենք չենք ասում՝ հանցագործություններ մի՛ բացահայտեք, այլ ասում ենք՝ քաղաքացիներին մի՛ գաղտնալսեք: Այս ընտրությունների ժամանակ իշխանությունը համատարած գաղտնալսել է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին ու դա օգտագործել նրանց դեմ:

- ԱԱԾ-ն վարչապետին ենթակա կառույց է: Անդրանիկ Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի ուղիղ ստորադասն է: ԱԱԾ-ի կողմից արտահոսած տեսանյութի վերաբերյալ ասում են՝ իրենց տեսանյութն է, ինչ կուզի՝ կանի, ում կուզի՝ կտա: Սա նշանակում է՝ նախապես ԱԱԾ-ն ամեն ինչ տալիս է առնվազն Նիկոլ Փաշինյանին:
- Քաղաքական ուժերը կարող են փողոց գեներացնել, օգտագործել ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության գործիքակազմը: Բայց դա միայն քաղաքական ուժերը կարող են որոշել: Ես կարող եմ միայն իրավաքաղաքական գործիքակազմի մասին խոսել: Կարող են տեղի ունենալ պառլամենտական և իրավապաշտպան մի շարք գործընթացներ:
- Նայե՛ք Սրբազան շարժման գործը. Բագրատ սրբազանի գործում ի սկզբանե նյութեր չեն եղել: Դատախազները մեղադրանք են առաջադրել: Հիմա էդ դատախազը որ առաջխաղացում է ունենում, նրա ընկերները չպետք է բարևեն նրան: Ամոթի ինստիտուտը պետք է աշխատի:
- Իրենք պետք է աղոթեն, երազեն, մոմ վառեն, որ իրենց նկատմամբ քրեական վարույթ լինի, գան, բռնեն, դատեն, նստեն, որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ բռնապետություններն ավարտվում են ժողովրդի ինքնադատաստանով: Պատմության մեջ դրա օրինակները բազմաթիվ են՝ Մուսոլինի, Չաուշեսկու, Սադամ Հուսեյն, Քադաֆի, Բալկանյան երկրների ղեկավարներ:
- Կառավարության ղեկավարը կոնկրետ դատավորի անուն է տալիս ու ասում՝ կաշառակեր է: Սա հանցագործություն է: Գլխավոր դատախազի, քննիչի պարտականությունն է քրեական վարույթ հարուցելն ու այն քննելը:

- Մենք ունեինք պատմական շանս ընտրություններում, որը մեզնից գողացան ԿԸՀ-ն, ՍԴ-ն, վարչական դատարանի 2 դատավորներ: Նրանք գողացան Հայաստանի պառլամենտական ապագան: 4%-ից ավելի ընտրող ասել էր՝ ուզում ենք՝ ԲՀԿ-ն լինի Խորհրդարանում: Այդ ձայները գողացվել են: Մենք շանս ունեինք ունենալ Պառլամենտ, ուր գլխավոր դատախազ ու դատավոր ընտրելիս գործող իշխանությունը ստիպված էր լինելու բանակցել ընդդիմության հետ ու ընտրել անկախության որոշակի աստիճան ունեցող մարդու:
- Հիմա ՔՊ-ն ունի ուղիղ 3/5, և ոչ մի ձայն ավել: ՔՊ յուրաքանչյուր պատգամավոր այս իրավիճակում ունի վետօ-ի իրավունք: ՔՊ-ն հիմա որևէ մեկի նշանակելու համար պարտադիր պետք է ունենա իր բոլոր պատգամավորների ներկայությունն ու կողմ քվեարկությունը:
- Էրդողանական պուտչից հետո Թուրքիայում լրագրողներ են բռնել, որոնց մեղադրել են այն բանի համար, որ նրանք այնպիսի հոդվածներ են գրել, որոնք առաջացրել են մարդկանց դժգոհությունը գործող իշխանության նկատմամբ, ու նրանք ոտքի են կանգնել՝ բողոքելու:
- Ազգային ժողովի պատգամավորական մանդատները պետք է վերցնել միանշանակ: Պատմության մեջ ինձ հայտնի չէ, երբ ընտրություններից հետո մանդատները չվերցնելը բերել է քաղաքական ճգնաժամի, որն ինչ-որ կերպ հանգուցալուծվել է: Երբ մարդիկ ասում են՝ մի՛ վերցրեք մանդատները, պիտի նաև ասեն՝ չվերցնեն, ի՞նչ անեն:
- Եթե ես միայն ասեի՝ «Բարգավաճ Հայաստանի» ձայները գողացել են, ու ոչինչ չանեի, գայի այստեղ, ասեի՝ գողացել են, ինձ ի՞նչ էին ասելու մարդիկ: Սահմանադրական դատարանի բաց ընթացակարգով նիստերը բազմաթիվ մարդիկ են նայել: Բոլորը տեսել են, որ եղել է ձայների գողություն: Բոլորը տեսան՝ ինչ էր խոսում ԿԸՀ-ն, ոնց էր պատասխանում հարցերին: Բոլորը տեսան, որ այո՛, եղել է գողություն:
- Մենք՝ որպես «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներ Սահմանադրական դատարանում, ասել ենք՝ 9 դատավորները պետք է քննեն գործը, էն երկուսին էլ վերադարձրեք, ՍԴ-ն չի կարող դրանից պակասով քննել: ՍԴ-ն ասում էր՝ ո՛չ: Մեր գործընկերներն էլ ասում էին՝ դե, որ էն 2-ը չեն կարող մասնակցել, որովհետև կուսակցական են եղել, Սեդա Սաֆարյանն էլ է կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու եղել, նրան էլ հանեք… Չհանեցին, ու Սեդա Սաֆարյանը նիստի ընթացքում սկսեց ՔՊ-ական խոսույթով հարցեր տալ: Ու բոլորը սա տեսան:

- ՍԴ-ն ևս մեկ անգամ արձանագրեց, որ Նիկոլը սուտասան է, որովհետև չկան ընտրակաշառքի մասսայական դեպքեր, որոնք կազդեին ընտրությունների ընթացքի վրա, ՍԴ-ն արձանագրեց, որ եղել է վարչական ռեսուրսի և սոցիալական ծրագրերի չարաշահում, որ պետական հեռուստաեթերներում եղել է միակողմանի քարոզչություն ՔՊ-ի օգտին, ՍԴ-ն էլի շատ բաներ ասաց, բայց որոշում կայացրեց ՔՊ-ի օգտին: ՍԴ-ի արածը քաղաքական գործընթաց է, որն ունենալու է իրավական հետևանք:
- Նիկոլին պետք է անընդհատ հիշեցնել՝ դուք գողացել եք ԲՀԿ-ի ձայները, ժողովրդի անունից մի՛ խոսեք, որովհետև դուք Պառլամենտում եք գողացված ձայներով:
- Նախընտրական ծրագրում ապօրինի բան գրելը չի նշանակում, որ այն պետք է կատարել: Կաթողիկոսի փոփոխության հարցը ժողովուրդը չի կարող լուծել, ոչ էլ, առավել ևս՝ ՔՊ-ն: 1700-ամյա կառույցի պարագայում դա հստակ է:
- Գողացած ձայների արդյունքում 3/5 ստացած ՔՊ-ն չունի 2/3, հետևաբար՝ չի կարող Սահմանադրություն փոխել: Սահմանադրություն փոխելու մնացած բոլոր տարբերակներն ապօրինի են:
- Պառլամենտական կառավարումն ավելի կայուն է աշխատում, ավելի երկար զարգացում է ապահովում, քան կառավարման այլ եղանակները: Հիմա մարդիկ կասեն՝ քավորդ է գրել այս Սահմանադրությունը, դրա համար ես այդպես ասում, բայց կան դա վկայող էմպիրիկ տվյալներ: Պառլամենտարիզմը նաև Խորհրդարանում լայն գործելու հնարավորություն է տալիս:
- Գագիկ Ծառուկյանն ընտրարշավի սկզբում Նիկոլ Փաշինյանին խիստ չէր քննադատում, այլ հասարակության համերաշխության կարևորությունն ընդգծելով՝ իր քարոզարշավն էր իրականացնում: Ինչ-որ պահի Փաշինյանը հասկացավ, որ այսպես չի կարող շարունակվել, վտանգ կա, և սկսեց կիրառել ագրեսիվ հռետորաբանություն:

- Մենք պետք է փորձենք մոտեցնել հայկական պետության կայացման կետը, վերադարձնել հայկական պետությունը՝ գլոբալ, անդեմ, ուղղակի Հայաստան անունը կրող երկրի փոխարեն: Չպետք է հանգիստ նստենք, պետք է գործենք, աջակցենք հայրենանվեր բոլոր շարժումներին: Մեր երկրի ծաղկումը սկսելու է այն ժամանակ, երբ մեր բազային արժեքներն ու համամարդկային արժեքներն ամբողջական կլինեն:
- Բոլորի պատասխանատվությունն անվանական պետք է լինի: Մենակ գլխի վրա ամեն բան բարդելը սխալ է: Քո երկրի ապագան գողացողի հանդեպ ռեակցիան համարժեք պետք է լինի: Ավելի պրոբլեմատիկ է այն, որ դատավորներ կան, ովքեր SMS-ի չեն սպասում, նրանց չեն գրում, որովհետև իրենք գիտեն՝ իրենցից ինչ է պահանջվում, ու անում են դա:
Մանրամասները՝ տեսանյութում:

