ՆԺԴԵՀԸ ՉԷՐ ԱՍՈՒՄ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ՛Ր, ԱՍՈՒՄ ԷՐ՝ ՊԱՏՐԱ՛ՍՏ ԵՂԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ՈՒՆԵՑԻ՛Ր ԱՄՈՒՐ ԿԱՄՔ ՈՒ ԱՄՈՒՐ ԲԱՆԱԿ. ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև:

- Իշխանություններն աննախադեպ վատ, ոչ բարենպաստ վիճակում են ընտրություններից կարճ ժամանակ առաջ, և դրա ակնհայտ դրսևորումները կան: Խուճապն արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի պահվածքից է երևում: Երբ մարդն արդեն չի կարողանում մնալ այն սահմաններում, որը նախատեսված է իր պաշտոնով պայմանավորված, բա ի՞նչ է, որ խուճապ չէ: Բացի դրանից, էապես շատացել են այն դեպքերը, երբ քաղաքացիներն իրենց դժգոհություններն են արտահայտում կառավարության աշխատանքի վերաբերյալ:
- Այսօր տարբեր սոցհարցումներ ցույց են տալիս, որ 2021թ.-ից ի վեր իշխանության վարկանիշը զգալիորեն ընկել է: Ըստ այդմ այսօր խնդիրն արդեն իշխանությունը չէ, իշխանության վարկանիշը շատ ցածր է, խնդիրն արդեն այն է, թե ինչպես կաշխատեն ընդդիմադիր ուժերը, որպեսզի հանրագումարում Խորհրդարանում ունենան ձայների կեսից ավելին:

- Միշտ էլ պետք է երիտասարդությանը հնարավորություն տալ, բայց չպետք է կտրել սերունդների միջև կապը: Երիտասարդների կողքին պետք է լինեն փորձառություն ունեցող մարդիկ:
- Ընդդիմությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի թույլ չտա իշխանություններին վերարտադրվել, այլապես այս շարունակական անկումն ու աղետն ակնհայտ շարունակություն կարող է ունենալ ընտրություններից հետո… Վստահ եմ՝ իշխանությունը սպասում է իր վերարտադրվելուն, որ ավարտի իր գործած աղետը: Ընտրողի, քաղաքացու խնդիրն այս պահին պետք է լինի երկիրն ազատելն այս աղետից, բայց նաև ընդդիմությանը պետք է պահանջներ ներկայացնի՝ հետագա անելիքների հետ կապված:
- Հայաստանում լիարժեք կուսակցություններ գոյություն չունեն, որոնք կհամապատասխանեն կուսակցությունների ժամանակակից պահանջներին: 10 օր առաջ ստեղծված կուսակցություններ կան, որոնք հայտարարել են ընտրություններին մասնակցության մասին: Սրանք spoiler կամ սփռող կամ, ինչպես ընդունված է ասել, ձայն փոշիացնող կուսակցություններն են:
- Իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն, եթե իշխանության չլինի, գոյություն չի ունենա: Մի կուսակցություն կար, որ դիմացավ ու չփլուզվեց իշխանությունը կորցնելուց հետո. դա Հայաստանի հանրապետական կուսակցությունն է (ՀՀԿ), և ես կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ նա մասնակցեր այս ընտրություններին: ՀՀԿ-ն բացառիկ կուսակցություն է. եղել է և՛ ընդդիմություն, և՛ իշխանություն: Նրա փորձառությունը Հայաստանի փորձառությունն է: Ճիշտ կլիներ պատասխանատվություն վերցնել ու գնալ ընտրությունների, որովհետև այն ընդդիմությունը, որն այսօր կա, ակնհայտորեն ավելի քիչ փորձ ունի, քան ՀՀԿ-ն: Շատերին 30 տարուց ավելի ճանաչում եմ. ազնիվ, հայրենասեր, շիտակ մարդիկ են:
- Կուսակցությունը գաղափարների վրա հիմնված, կամավոր մարդկանց միություն է: Եթե Հայաստանի քաղաաքական ուժերն իսկապես ուզում են երկրում արմատական դրական փոփոխություններ առաջ բերել, ոչ միայն պետք է ձգտեն իշխանության գալ, այլև անցնել իրենց կառույցների ներկազմակերպական հարցերի լուծմանը:
- Ամենախայտառակ բանն այն է, որ անցել են մարդկանց, այդ թվում՝ դպրոցականներին ահաբեկելուն: Տեռորի են ենթարկում անգամ դպրոցականներին… Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ընթացքում ինչպես վարվեցին դպրոցահասակ տղայի՝ Դավիթ Մինասյանի նկատմամբ: Իրեն հարգող որևէ մեկը թիկնապահներով եկեղեցի չպիտի մտնի: Դա սրբավայր է: Դա կոնկրետ տեռոր էր, որ իրականացվեց երկու եղբայրների նկատմամբ Սուրբ Աննա եկեղեցում:
- Իշխանությունների կողմից 2021թ. նույնպես օգտագործվել են վարչական լծակները, բայց, միևնույն է, 26%-ից ավելի հնարավոր չեղավ ստանալ, չկարողացան:

- Հայաստանում առասպելականացված պատկերացում կա ընտրությունների վրա արտաքին ազդեցության մասին: Այդ ազդեցությունն ընտրությունների ելքի վրա անգամ 1 տոկոսի ազդեցություն չի կարող ունենալ: Տվյալ դեպքում կան աջակցության դրսևորումներ, որոնք բացասաբար կարող են ազդել, օրինակ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությունը՝ Նիկոլ Փաշինյանին: Ընտրության արդյունքը որոշելու է ՀՀ քաղաքացին: Ընդդիմությունը շատ ակտիվ պետք է մարդկանց հետ աշխատի, որ բացատրի, համոզի նրանց հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս: 2021թ. ընդդիմադիր ուժերը չկարողացան մարդկանց համոզել, որ գնան ընտրատեղամաս, դրա համար պարտվեցին:
- Լեգիտիմ է այն իշխանությունը, որը ստանում է քաղաքացիների բացարձակ մեծամասնության աջակցությունը:
- Ցավոք, քաղաքական բաղադրիչն այն ընդդիմադիր ուժերի օրակարգում, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել, թերի է: Մասնավորապես, մտահոգիչ է Արցախի հարցում նրանց դիրքորոշումը: Պետք է ոչ թե ասել՝ պետք է սպասենք, որ Արցախում անվտանգ լինի, որպեսզի արցախցիները վերադառնան, այլ պետք է այնպես աշխատել, որ վերադարձն անվտանգ լինի: Հայաստանի ժողովրդի ու Հայաստանի իշխանության կարծիքն Արցախի հարցի հետ կապված՝ նույնական չեն, և դա ուրախացնող է: Մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն այդ տեսակետին է, որ Արցախի հարցը փակ չէ: Արցախի խնդրին վախվորած ու զգուշավոր պետք չէ վերաբերվել:
- TRIPP-ի հետ կապված՝ միգուցե ընդդիմադիրներին կաշկանդում է այն, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է դրանով: Բայց պետք է դու քո շահերը պաշտպանես, որպեսզի քեզ հարգեն, քեզ հետ խոսեն: Եթե Հայաստանն այդ ճանապարհը զիջի, ոչ միայն աշխարհաքաղաքական խնդիրներ կառաջանան, այլև Հայաստանը կկորցնի իր ազդեցությունը:
- Հայաստանը պետք է շտկի և՛ այս իշխանությունների թույլ տված սարսափելի, աղետաբեր սխալները, և՛ այն սխալները, որոնք եղել են իրենցից առաջ:

- Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին վախեցնում է պատերազմով, շանտաժ է անում: Պատերազմից վախեցող մարդիկ, սակայն, թող հիշեն՝ ինչ է եղել վերջին 8 տարիների ընթացքում, և ինչ է եղել դրանից առաջ: Մենք այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ Արցախն այսօր ու Հայաստանի զգալի տարածքներ Ադրբեջանի օկուպացիայի տակ են: Սա՞ է խաղաղությունը: Երբ մի կողմը հրաժարվում է ինքն իրեն պաշտպանելուց, դիմադրելուց, մյուս կողմը պատերազմելու կարիք այլևս չունի: Պատահական չէ, որ Ալիևն ասաց՝ Երևան մենք տանկերով չենք մտնելու, այլ մարդատար ավտոմեքենաներով… Թող մարդիկ փաստերը նայեն՝ որտե՞ղ են այսօր ադրբեջանցիները, և որտե՞ղ էին մինչև 2018 թվականը: Այնպես որ, հենց սրանք են աղետ, պատերազմ, կորուստներ, ցեղասպանություն, էթնիկ զտում բերողները: Ինքը բերել է պատերազմ, աղետ, ցեղասպանություն և էթնիկ զտումներ: Ինքը խաղաղություն չի բերել ու չի կարող բերել: Գարեգին Նժդեհը չէր ասում՝ պատերազմի՛ր, ասում էր՝ պատրա՛ստ եղիր պատերազմին, ունեցի՛ր ամուր կամք ու ամուր բանակ: Մենք խաղաղ ենք եղել այն ժամանակ, երբ հակահարված ենք տվել թշնամուն, երբ պաշտպանել ենք մեր տունն ու հողը: Այդ ժամանակ հայր ու որդի Ալիևները չէին հոխորտում, ձենները կտրել էին: Սրանց իշխանության գալուց ընդամենը 2 տարի առաջ Իլհամ Ալիևը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Իրական խաղաղություն կարող է լինել միայն սրանց գնալուց հետո, երբ դիմացինը կհասկանա՝ ոտնձգություն կատարի՝ կստանա արժանի հակահարված:
- Այս ընտրություններում կա՛մ հաղթելու է ընդդիմությունը, կա՛մ պարտվելու է ընդդիմությունը: Այսինքն՝ իշխանությունն իշխանության կարող է մնալ միայն այն դեպքում, երբ ընդդիմությունը համապատասխան աշխատանք մինչև հունիսի 7-ը չանի:
- Մի՞թե Ադրբեջանի փախստականների խնդիրը նոր է, ու Ադրբեջանը չգիտեր, որ կան ադրբեջանցի փախստականներ: Ադրբեջանից փախստական դարձած հայերի թիվը մոտ 400 000 է՝ Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից, Շահումյանից, Գետաշենից… սրանք ՄԱԿ-ի թվերն են, և որոնց մասին այսօր չի խոսվում: Եթե գրագետ իշխանություն լինես, միջազգային ատյաններից կպահանջես, որ խնդիրը լիարժեք ու անաչառ դիտարկվի: Այդ ժամանակ կպարզվի, որ Ադրբեջանը պարտավոր է փոխհատուցում տալ հայ փախստականներին, ու սրա մեջ չպետք է ներառել Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնք պետք է վերադառնան Արցախ ու մինչև վերջ իրացնեն իրենց ինքնորոշման իրավունքը:
- Ադրբեջանը նախկինում խոսում էր մեկ միլիոն փախստականի մասին, բայց միջազգային ատյաններում շատ արագ պարզվեց, որ դրանց թիվը 8600 է: Ադրբեջանը պարզապես խայտառակ եղավ… Ցանկացած հարցում մենք ունենք հիմնավոր փաստարկներ՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանի բարձրացրած ցանկացած հարցի վերաբերյալ մենք ունենք հակափաստարկներ:
- Պետք չէ, որ Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն ո՞վ է, որ ճանաչի կամ չճանաչի, ընդամենը պետք է հարգի ՄԱԿ-ի կանոնադրությունը, որտեղ ասվում է՝ ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավոր են ճանաչել ու հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը:
- Պետությունը պետություն է, չճանաչված պետությունը նույնպես պետություն է, ինչպիսին որ Արցախն էր:

- Միջազգային իրավունքն էլի գալու է իր տեղը, որովհետև մարդկությունը չի կարող դեն նետել կանոնակարգող նորմերը՝ այսքան պետությունների հարաբերություններն ու հակամարտությունները նկատի ունենալով: Հատուկ ուզում եմ ասել՝ Արցախի ժողովուրդը վերադառնալու է Արցախ ու հասնելու է իր ինքնորոշման ճանաչմանը՝ միայն մի պայմանով՝ համապատասխան մասնագիտական աշխատանքի դեպքում:
- Տեսե՞լ ենք՝ որևէ երկրի ղեկավար իր կրծքին կպցնի իր երկրի՝ իր պատկերացրած սահմանները… Իհա՛րկե ոչ: Այդպես է անում, որովհետև անկարող է պաշտպանել իր երկրի սահմանները: Ինքն իրեն, իր ժողովրդին ու իր երկիրը հարգող պետության ղեկավարը երբեք չի կարող նման պահվածք դրսևորել:
- Իրավիճակն անհուսալի է իշխանությունների համար, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը մնացած ժամանակահատվածում լիարժեք աշխատեն, մարդկանց հետ ճիշտ աշխատեն, բացատրեն մարդկանց, իրենց ներկայացուցիչներին հանձնաժողովներում նախապատրաստեն… Այս դեպքում առնվազն մի քանի ընդդիմադիր ուժեր կարող են ավելի շատ ձայն հավաքել, քան իշխանությունը:
- Պուտինը խիստ զգուշացրեց՝ չսխալվես ու կտրուկ քայլեր չանես, այլապես հետևանքները ծանր կլինեն:
- «Հայաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը» անհեթեթությունն ասող ցանկացած մեկին պետք է հարցնել՝ ի՞նչ պիտի անի Հայաստանը, որ դառնա ԵՄ անդամ, ի՞նչ պայմաններ պետք է բավարարի, ու դրա համար քանի՞ տարի է պետք: Ուկրաինան, Վրաստանը Հայաստանից մի քանի քայլ առաջ են այս իմաստով ու էլի չեն կարողանում դառնալ ԵՄ անդամ: Անգամ եթե համարենք, որ ԵՄ-ին անդամակցելն օգտակար կլինի Հայաստանի համար, Հայաստանը շատ հեռու է դրանից:
- Հայաստանն իրավունք չունի մտնել աշխարհաքաղաքական բախումներ ունեցող պետությունների արանքը՝ խուլիգանություն անելու ու ինչ-որ բան փախցնելու համար: Դրան անխուսափելիորեն կհետևի պատիժը. այդպես չի կարելի, այդպես չի լինում:

- Մայիսի 4-ին Հայաստանում տեղի ունեցող Եվրոպական քաղաքական գագաթնաժողովը որևէ նշանակություն չունի: Բարի ցանկություններ արտահայտող, որևէ լծակ չունեցող հավաք է: Ճիշտ չէ շատ կարևորել այս ժողովը: Հայաստանի քաղաքացիներն էլ չպետք է կարևորեն, թե՝ եվրոպացի պաշտոնյաները եկան ու, ասենք, երկու օր մնացին Երևանում: Ցավոք, այսօրվա եվրոպացի պաշտոնյաներն ունեն շատ ցածր գիտելիքներ և հաճախ այնպիսի բաներ են ասում, որ ծիծաղ են հարուցում հենց իրենց երկրների ներսում:
- Պետական ապարատում աշխատող մարդիկ, մի՛ դավաճանեք ձեր սկզբունքներին, դուրս մի՛ եկեք, մնացե՛ք ու աշխատե՛ք՝ բայց չխախտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ ձեր սկզբունքները: Մի՛ համակերպվեք, մի՛ հանձնվեք ու մի՛ դարձեք գործիք: Երբ մարդը գնում է քվեախցիկ, ինքն ազատ է ու մենակ: Կեղծիք է, որ ընտրությունը քվեախցերում վերահսկվում է: Դա տարածում են իշխանությունները, որպեսզի վախեցնեն, ճնշեն: Քվեարկե՛ք ձեր սկզբունքներին համապատասխան: Փողը կարևոր բան է, բայց ամեն ինչ չէ:
Մանրամասները՝ տեսանյութում:



