Եվրոպա լիգայի մեկնարկը Երևանում․ «Արարատ-Արմենիան» ընդունում է «Սպարտային»
«Արարատ-Արմենիա»-ն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, սեփական հարկի տակ կմեկնարկի Եվրոպա լիգայի հիմնական փուլի մրցելույթը։ Երևանի Հանրապետական մարզադաշտում Հայաստանի չեմպիոնը կընդունի Պրահայի «Սպարտային»:
Հայաստանի ներկայացուցիչը եվրասեզոնը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից։ «Արարատ-Արմենիան» հաղթահարել էր երկու փուլ, սակայն երրորդ փուլում երկու խաղերի արդյունքում զիջել էր սլովենական «Ցելեին»՝ 1։2 և 0։2 հաշվով։ Դրանից հետո թիմը տեղափոխվել էր Եվրոպա լիգա, որտեղ փլեյ-օֆֆում հաղթահարել էր ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» արգելքը՝ 1։1 և 1։0 հաշվով։
Ներքին առաջնությունում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը ներկայումս երրորդ տեղում է։ Վերջին խաղում «Արարատ-Արմենիան» 3։0 հաշվով հաղթել է «Սյունիքին»։
Պրահայի «Սպարտան» նույնպես եվրասեզոնը սկսել է Չեմպիոնների լիգայից։ Չեխական ակումբը երրորդ որակավորման փուլում պայքարից դուրս է մնացել ֆրանսիական «Լիոնի» դեմ դիմակայությունում՝ հաղթելով առաջին խաղում 2։1, սակայն պատասխան հանդիպումը պարտվելով 0։3 հաշվով։ Այդպիսով «Սպարտան» ևս շարունակելու է մրցելույթը Եվրոպա լիգայում։
Չեխիայի առաջնությունում, սակայն, «Սպարտայի» մեկնարկը սպասվածի նման չի եղել։ Թիմը ութ տուրից հետո 12 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։ Վերջին խաղում Բրայան Պրիսկեի թիմը 2։0 հաշվով հաղթել է «Յաբլոնեցին»։
Նախախաղային ասուլիսի ժամանակ «Սպարտայի» գլխավոր մարզիչ Բրայան Պրիսկեն անդրադարձել է «Արարատ-Արմենիայի» խաղաոճին և կազմի փոփոխություններին։
«Որոշ առումներով թիմը փոխվել է․ կազմի մոտ կեսը նորեկներ են, փոփոխություններ կան նաև մեկնարկային կազմում։ Ինչ վերաբերում է խաղաոճին, ապա, ընդհանուր առմամբ, դա այն է, ինչ տեսանք նախորդ տարի։ Գիտենք, որ անցած մրցաշրջանում նրանք հարմարվեցին մեր՝ երեք պաշտպանով համակարգին։ Այս տարի նրանց հետևելիս տեսանք, որ մարզիչը կիրառում է 4-3-3 սխեման, բայց ոճը պահպանվել է։ Նրանք սիրում են վերահսկել գնդակը, լավ տեղաշարժեր են անում եզրերում և ձգտում են տիրել նախաձեռնությանը»,- ասել է Պրիսկեն։
Չեխ մասնագետը նաև առանձնացրել է «Արարատ-Արմենիայի» փորձառու ֆուտբոլիստներին՝ նշելով, որ նրանք կարող են կարևոր դեր ունենալ նման մակարդակի խաղում։
«Փորձառու ֆուտբոլիստները գիտեն, թե երբ է պետք հուսալի պաշտպանվել և երբ՝ գրոհել։ Մենք պետք է զգանք հանդիպման ռիթմն ու ավելի արդյունավետ գործենք անցումային փուլերում ու ստանդարտ դիրքերում։ Վաղը դաշտ դուրս կգա այն կազմը, որը, մեր համոզմամբ, կկարողանա հաղթել այս խաղում»,- նշել է նա։
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանն էլ նշել է, որ թիմը խաղին մոտենում է հաղթելու տրամադրվածությամբ։ Նրա խոսքով՝ սեփական հարկի տակ երկրպագուների աջակցությունը կարող է լրացուցիչ ուժ տալ թիմին։
«Մեզ համար տնային հանդիպումները այլ մթնոլորտում են անցնում, մենք զգում ենք երկրպագուների ներկայությունը, այն մեզ ուժ է տալիս։ Մեր հաղթաթուղթը կարող է միասնությունը լինել»,- ասել է Համբարձումյանը։
Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան իր հերթին ընդգծել է, որ «Սպարտան» բարձրակարգ և փորձառու մրցակից է, չնայած թիմի՝ Չեխիայի առաջնությունում ունեցած ոչ այնքան հաջող մեկնարկին։
«Սպարտան» իր լավագույն ժամանակները չի ապրում, սակայն դա չի նշանակում, որ նրանք ներուժով թիմ չեն։ «Սպարտայի» հարձակման գիծն ունի որակապես ուժեղ ֆուտբոլիստներ, ինչը ենթադրում է, որ պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք այդ դիրքի ֆուտբոլիստներին։ Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտան»։ Մեր խնդիրը այս խաղում նրանց թույլ կողմերը գտնելն է։ Նպատակը մեկն է՝ հաղթել»,- ասել է Տուլիպան։
«Արարատ-Արմենիայի» և «Սպարտայի» միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 16-ին՝ Հանրապետական մարզադաշտում։ Մեկնարկը՝ 20։45-ին։

