Խոստացել էին կրկնակի կրճատել աղքատությունը, հիմա պարզապես իջեցրել են նշաձողը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ 2024 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 21,7%, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0,6%։ Նա նաև վստահություն հայտնեց, որ 2025 թվականի ցուցանիշներն ավելի բարենպաստ կլինեն։
Սակայն այս հայտարարության ֆոնին ավելի ուշագրավ է ոչ թե հերթական լավատեսական կանխատեսումը, այլ այն, թե ինչպես է կառավարությունը փոխել սեփական խոստումների նշաձողը։
2021-2026 թվականների ծրագրով իշխանությունը խոստանում էր գրեթե կրկնակի կրճատել աղքատությունը՝ այն ժամանակվա շուրջ 27%-ից հասցնելով մոտ 13,5%-ի։ Սակայն 2024 թվականի պաշտոնական տվյալներով աղքատության մակարդակը դեռևս 21,7% է, ինչը ցույց է տալիս, որ նախորդ ծրագրի առանցքային սոցիալական խոստումը փաստացի չի իրականացվել։
Փոխարենը՝ այդ ձախողման պատճառների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու, կառավարությունը նոր՝ 2026-2031 թվականների ծրագրում արդեն սահմանել է զգալիորեն ավելի համեստ նպատակ՝ աղքատությունը կրճատել ընդամենը 5 տոկոսային կետով։
Սա նշանակում է, որ նույնիսկ նոր թիրախի ամբողջական կատարման դեպքում 2031 թվականին աղքատության մակարդակը կմնա ավելի բարձր, քան այն ցուցանիշը, որը նույն իշխանությունը խոստանում էր ապահովել դեռևս 2026 թվականին։ Այլ կերպ ասած՝ խոստումը չի կատարվել, իսկ դրա փոխարեն պարզապես իջեցվել է սպասելիքների նշաձողը։
Ընդ որում, խնդիրը ոչ միայն թվերի մեջ է, այլ աղքատության ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանության հաճախակի փոփոխության, ինչն իր հերթին լուրջ հարցեր են առաջացնում։ Երբ հաշվարկման մոտեցումները պարբերաբար փոխվում են, տարիների ցուցանիշների ամբողջական համադրությունը դժվարանում է, և ծրագրի ավարտին կարող է նույնիսկ բարդ լինել միանշանակ պարզել, թե արդյոք աղքատության ցուցանիշն իրապես նվազե՞լ է ու հնարավո՞ր է եղել արդյոք հասնել կառավարության կողմից հայտարարված թիրախին, թե՞ ցուցանիշների մի մասը, պայմանավորված հենց մեթոդաբանական փոփոխություններով, աղճատված պատկեր են ներկայացնելու։
Ստացվում է, որ կառավարությունը ոչ միայն հրաժարվել է նախկին՝ աղքատությունը կրկնակի կրճատելու խոստումից, այլև այն փոխարինել է ավելի հեշտ իրագործելի թիրախով։ Ընդ որում, եթե հաշվարկման մեթոդաբանությունը շարունակվի փոփոխվել, ծրագրի ավարտին քաղաքական բանավեճի առարկա է դառնալու ոչ միայն այն, թե աղքատությունն իրականում որքան է նվազել, այլ նաև այն, թե որ թվերն են ընդհանրապես համադրելի։ Սա էլ, ինչ-որ առումով, պատասխանատվությունը սեփական ուսերից գցելու նոր տարբերակ է։

