Մերձավոր Արևելք. ԱՄՆ-ը չի շտապում միջամտել Եմենի հակամարտությանը՝ հօգուտ Սաուդյան Արաբիայի  

Վերջերս Եմենի հուսիների կողմից Մոհայի և Պերիմ կղզու գրավումը լուրջ հարված հասցրեց Եմենի սաուդամետ ուժերի հեղինակությանը։ Բացի այդ, դա «Անսար Ալլա» շարժման գրոհայիններին հնարավորություն է տվել նշանառու կրակ վարել Մերձավոր Արևելքի կարևորագույն նավագնացության երթուղիներից մեկի վրա, գրում է Al-Monitor-ը։

Այնուամենայնիվ, քանի դեռ հուսիները չեն խոչընդոտում միջազգային առևտրին, Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, ձեռնպահ կմնա ուժի կիրառումից, կանխատեսում է հրատարակությունը:

Անցած շաբաթ, անցնելով հակահարձակման, Եմենի ապստամբ հուսիները գրավել են Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող, այսպես կոչված, «Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության» կազմավորումներից Բաբ էլ Մանդեբի նեղուցի վրա գերիշխող բարձունքները։ Սա մտավախություն է առաջացրել, որ «Անսար Ալլա» շարժման ուժերն այժմ ավելի շահեկան դիրքեր են զբաղեցնում և ցանկության դեպքում կարող են առևտրային նավարկության համար փակել Կարմիր ծովից հարավային ելքը։

Թիհամա ափամերձ անապատի երկայնքով երթը, որին հաջորդում է Մոհայի գրավումը և նեղուցից մի փոքր հյուսիս գտնվող Պերիմ կղզին, ապստամբներին ապահովում է աշխարհագրական առավելություն, ինչը նրանց թույլ է տալիս ավելի հեշտությամբ հարվածել բարձր ճշգրտության հրթիռներով այս ջրային ուղու վրա: Հավանաբար, դա էլ ավելի կթուլացնի նավթի արտահանումը Պարսից ծոցի արաբական միապետություններից և կարող է մեծացնել տնտեսական ճնշումը, որը պայմանավորված է տարածաշրջանում ռազմաքաղաքական լարվածությամբ։

Սեպտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ՄԱԿ-ում Եմենի կառավարության ներկայացուցիչ Աբդալլահ աս-Սաադին հուսիներին մեղադրել է «Կարմիր ծովում նոր իրողություն ձևակերպելու փորձի մեջ». «Մենք պաշտպանում ենք Բաբ էլ Մանդեբը՝ որպես միջազգային և տարածաշրջանային անվտանգության օբյեկտ»։

Սակայն ռեզոնանսային ճեղքումից անմիջապես հետո Վաշինգտոնը, ըստ ամենայնի, շահագրգռվածություն չցուցաբերեց հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավվելու հարցում։ «Հուսիները հասկացել են մեզ, նրանք չեն ուզում կռվել մեզ հետ։

Նրանք չեն ուզում, որ մենք իրենց դեմ դուրս գանք։ Նրանք շատ կնախընտրեին, որ մենք չմիջամտեինք, և նրանք բաց են թողնում նավերի մեծ մասը։ Կա միայն մեկ երկիր, որի համար նրանք այնքան էլ ուրախ չեն, և մենք դա կհարթենք»,- իրեն բնորոշ անմիջականությամբ պատմել է ԱՄՆ նախագահ Թրամփը սեպտեմբերի 11-ին Իռլանդիա կատարած այցի ժամանակ։ Նա հավելել է, որ Եմենի ապստամբները, ամենայն հավանականությամբ, չեն հարձակվում միջազգային նավագնացության վրա, սակայն գոյություն ունի «մի երկիր, որին նրանք այնքան էլ ուրախ չեն», որով ակնհայտորեն նկատի ունի Սաուդյան Արաբիային:

Axiosի տեղեկություններով՝ նախօրեին՝ սեպտեմբերի 10-ին, Թրամփը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ։ Իրազեկ աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ նախագահը նպաստել է «Անսար Ալլա» շարժման ուժերին հարվածելու թիրախների ընտրության հարցում հետախուզական տեղեկատվության և աջակցության շարունակմանը՝ արդեն երկրում գտնվող ամերիկյան ռազմական խորհրդականների միջոցով:

Միևնույն ժամանակ, այս փուլում Սպիտակ տան տերը հրաժարվել է թույլատրել ավիահարվածներ հասցնել ի պաշտպանություն սաուդյան ուժերի, ինչը հաստատել է անանուն բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան Reuters-ի հետ զրույցում. «Միացյալ Նահանգները կենտրոնացած է ազգային անվտանգության իր առանցքային շահերի պաշտպանության վրա, մասնավորապես՝ Կարմիր ծովում նավագնացության ազատության ապահովման վրա՝ միաժամանակ տարածաշրջանային գործընկերներին հնարավորություն տալով առաջատար դեր խաղալ տարածաշրջանային անվտանգության խնդիրների կարգավորման գործում։

Հուլիսին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «կհարթեն դա», եթե հուսիները շարունակեն հարձակվել սաուդյան առևտրային նավագնացության վրա: Վերջին շաբաթներին «Անսար Ալլա» շարժման ջոկատները շարունակում էին գրոհել Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքի առանցքային օբյեկտների վրա, սակայն դա դեռ չի հանգեցրել հակամարտությանը Վաշինգտոնի անմիջական միջամտությանը:

Փոխարենը, ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) վերջին շաբաթներին ավելացրել է հետախուզական օգնության ծավալը և աջակցությունը Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող գործողության թիրախների ընտրության հարցում (այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզությունը եզրակացրեց, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չի հրաժարվում հուսիներին ավելի լայն հակամարտությանը միանալու փորձերից): CNN-ի տեղեկություններով՝ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ ներկայում հուսիներին տեղերում օգնում են ԻՀՊԿ-ի հարյուրից ավելի ներկայացուցիչներ: Դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք ապստամբները կկարողանան ամրապնդել արձանագրված ձեռքբերումները և դրանք վերածել հակամարտության ռազմավարական բեկման:

Մոհան նյութատեխնիկական ապահովման առանցքային կենտրոն էր և գործող բազա Եմենի կառավարամետ ուժերի համար, որոնք վերահսկում էին երկրի արևմտյան ափը: Քաղաքը պահելը նշանակում էր, որ հուսիների հակառակորդները վերահսկում էին բուֆերային գոտին նրանց և գերիշխող բարձունքների միջև, որտեղից հնարավոր էր կրակ բացել չկառավարվող հրետանային արկերով նեղ միջազգային բեռնափոխադրման երթուղու ուղղությամբ:

Ի տարբերություն հուսիների կողմից վերահսկվող Հոդեյդա նավահանգստի, Մոհան ունի միայն սահմանափակ ենթակառուցվածք՝ խոշոր բեռնատար նավերը բեռնաթափելու համար։ Այնուամենայնիվ, քաղաքը 2017 թվականից ի վեր մնացել է իշխանամետ ուժերի կողմից պահվող սակավաթիվ բնակավայրերից մեկը և առանցքային նշանակություն է ունեցել Բաբ էլ Մանդեբի նեղուցի նկատմամբ նրանց վերահսկողության համար: Ուստի զարմանալի չէ, որ դրա գրավումը հսկայական հեղինակության հարված հասցրեց սաուդամեդ կոալիցիային, որն առանց այդ էլ լավ ժամանակներ չի ապրում։

Կառավարամետ կոալիցիայի բրիգադների զանգվածային փլուզումը, որոնց հանձնարարված էր պաշտպանել Մոհան, էլ ավելի խաթարեց վերջին տարվա ջանքերը՝ հուսիներին հակառակվող ուժերն ու խմբավորումները միավորելու ուղղությամբ: «Խոսքը ոչ միայն այն մասին է, թե Կարմիր ծովի երկայնքով ինչ դիրքեր են ստացել հուսիները, այլև այն, թե ինչ են կորցրել իշխանամետ ուժերը։ Եթե հուսիներին հաջողվի պահել այդ տարածքը, նրանք այն կօգտագործեն որպես ճնշման լծակ՝ ինչպես հարվածներ հասցնելու տեսանկյունից, այնպես էլ բանակցությունների վերսկսման դեպքում»,- պատմում է ARK Group-ի մասնագետ և Եմենում պատերազմի փորձագետ Հաննա Փորթերը։

Հուսիների առաջխաղացումն ուժեղացնում է նեղուցը ճշգրիտ հարվածների միջոցով վերահսկելու նրանց կարողությունը: Հորմուզի նեղուցում անկայունության պատճառով Սաուդյան Արաբիան իր նավթային արտահանման մեծ մասը Յանբու նավահանգստով տեղափոխել է Կարմիր ծովի ափ։ Սա նշանակում է, որ սաուդյան ծովային արտահանումը Եվրոպա և Ամերիկա այժմ պետք է անցնի Բաբ էլ Մանդեբի նեղուցով:

Այնուամենայնիվ, վերջին շաբաթներին ապստամբները գնալով ավելի հաճախ են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակում թագավորության տարածքում՝ որոշ դեպքերում ցուցադրելով ահազդու ճշգրտություն: Ի պատասխան՝ սաուդյան ավիացիան հարվածներ է հասցնում Հյուսիսային Եմենի տարածքին։

Դաշնակիցների կողմից լրացուցիչ սահմանափակ աջակցություն ստանալով՝ Էր Ռիադը, հավանաբար, կշարունակի ձգտել, որպեսզի ռազմական գործողությունները հնարավորինս մնան Եմենի ներքին հակամարտություն: Չեն բացառվում նոր հարվածները հուսիների դիրքերին Պերիմ կղզում՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցից մի փոքր հյուսիս գտնվող գրեթե չպաշտպանված հրաբխային ցամաքի հատվածում։ Նման հարվածների նպատակը կարող է լինել ապստամբների կողմից այնտեղ հրթիռային համակարգեր տեղակայելու ցանկացած փորձի խափանումը՝ նավարկության վրա հարձակվելու համար։

Անվանապես Սաուդյան Արաբիան ունի հզոր ռազմաօդային ուժեր՝ ներառյալ ամերիկյան արտադրության ավելի քան 210 F-15 կործանիչներ տարբեր մոդիֆիկացիաներով։ Միևնույն ժամանակ, օդաչուների պատրաստումն ու համակարգումը ցամաքային թիրախների ընտրության հարցում դեռ շատ թերի են։

Սաուդյան Արաբիայի նախորդող յոթնամյա օդային արշավը չի կարողացել կանգնեցնել հուսիների առաջխաղացումը երկրի վրա, չնայած ամերիկյան զինվորականների կողմից օդանավերի վերալիցքավորման և թիրախների ընտրության հարցում օգնության տրամադրմանը: 2021 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն իր արտաքին քաղաքական առաջին որոշումներից մեկով դադարեցրել է Էր Ռիադին ամերիկյան հետախուզական տեղեկատվության տրամադրումը և նպատակների ընտրության հարցում օգնությունը (դա արվել է ի պատասխան Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության դաշնակիցների կողմից նախագահի ռազմական առումով աճող լիազորությունների)։

Եթե Էր Ռիադը սկսի ինտենսիվ ռմբակոծել Մոհայի շրջանը, դա կարող է էլ ավելի խարխլել կառավարամետ ուժերի աջակցությունը, իսկ հուսիների բալիստիկ հրթիռները կարող են թռչել Սաուդյան Արաբիայի քաղաքների ուղղությամբ: Թագավորությունն արդեն դժվարանում է հետ մղել Պարսից ծոցի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնք իբր Իրաքի տարածքից արձակվում են իրանամետ զինված խմբավորումների կողմից:

Մարտավարական առումով Էր Ռիադի գլխավոր հույսը մոտ ապագայում այն է, որ հուսիները կշարունակեն ծախսել բարձր ճշգրտության զինամթերքի արժեքավոր պաշարները՝ դրանք կիրառելով երկրի ներսում իրենց հակառակորդների դեմ: Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ հուսիներին իրանական հրթիռային սարքավորումներ մատակարարելու ծովային ուղիները մնում են սահմանափակ՝ ամերիկյան շրջափակման պատճառով։

Այս առումով միանգամայն տրամաբանական է, որ հուսիները հասկացնում են իրենց անշահախնդրության մասին՝ իրենց վրա ամերիկյան զինված ուժերի հարված հասցնելու հարցում։ «Ինչ վերաբերում է Կարմիր ծովում և Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավագնացության ազատությանը և միջազգային ապրանքաշրջանառությանը, ապա երթևեկությունն իրականացվում է անվտանգ և կանոնավոր կերպով։ Այս հարցում միջազգային անհանգստության համար ոչ մի հիմք չկա, քանի որ Եմենի և հուսիների կողմից նրան ոչինչ չի սպառնում»,- սեպտեմբերի 10-ին սոցցանցերում ամփոփել է հուսիների ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Սալամը։

«Քանի դեռ հուսիները չեն հարձակվում միջազգային նավագնացության վրա, նրանք, հնարավոր է, այս ամենից խուսափեն, քանի որ Միացյալ Նահանգները չեն ցանկանում միջամտել»,- ենթադրում է Հ. Փորթերը: «Եթե Միացյալ Նահանգները բառացիորեն հիմա ներգրավվի այս հակամարտության մեջ, դա կհանգեցնի Սաուդյան Արաբիայի վրա հուսիական հրթիռային հարվածների ավելի մեծ քանակի»,-  բացատրել է պաշտոնաթող ամերիկացի մի պաշտոնյա՝ բնութագրելով Սպիտակ տան ներկայիս դիրքորոշումը:

Մինչդեռ Բանի Հաշեշ ցեղերը հայտարարում են Մարիբի վրա հարձակվելու պատրաստակամության մասին՝ որպես Եմենի հյուսիսում գտնվող սաուդամետ ուժերի վերջին խոշոր հենակետի։ Բացի այդ, հարձակման է ենթարկվել Թագավորության ռազմաբազան Շարաուրա քաղաքի շրջանում՝ Եմենի հետ սահմանակից Նաջրան նահանգում։ «Հարվածի տակ են հայտնվել զենքի պահեստները, ինչպես նաև հրամանատարական կետերը, որտեղից Եմենի դեմ գործողություններ են իրականացվում»,- հայտարարել է «Անսար Ալլա» շարժման ներկայացուցիչը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐԵՎ

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930