ՏՈ ԴՈՒՔ Ո՞Վ ԵՔ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՏԱՔ. ԵՐԲ 1 ՄԻԼԻՈՆ 300 000 ՄԱՐԴ ԳՆԱ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՐԿԻ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Մենք 4-5 տարի ինստիտուցիոնալ համագործակցության մեջ ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, հետևաբար՝ ակնհայտ էր, որ հենց իրենց հետ էլ մասնակցելու ենք ընտրություններին: ՏԻՄ-երի ընտրություններին միասին ենք մասնակցել: Քաղաքական կոնսոլիդացիան ձևավորվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ: Մենք ընտրություններին մասնակցելու ենք նրանց ներառական ցուցակով, իսկ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Շեշտը դրվում է արժանավորների թիմ ձևավորելու վրա:
- Նիկոլ Փաշինյանը 2018-ին ճիշտ էր ասում. Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ, խոշոր սեփականատեր է: Օլիգարխ տերմինը կարող է սազել ՔՊ-ի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին:
- Բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հունիսի 8-ին Փաշինյանի նշած քաղաքական բոլոր դերակատարներն ազդեցություն են ունենալու գործընթացների վրա: Փաշինյանը ստեղծում է սև ցուցակ ու ասում՝ այդ ցուցակում ներառված մարդիկ չպետք է տեղ ունենան քաղաքական դաշտում: Սա այլ կերպ, քանի պատվեր՝ ուղղված իրավապահ մարմիններին, ընտրությունները կազմակերպող մարմնին, հնարավոր չէ անվանել: Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով պետք է մասնակցի ընտրություններին, ո՞վ՝ չէ:

- Երևանում Տիգրան Ավինյանը՝ իր 9% ձայներով, քաղաքապետ է դարձել մի սատելիտի ու մի քանի դավաճանների ձայների հաշվին: Իսկ Գյումրիի ընտրություններում դասական պառլամենտարիզմի դրսևորում է եղել:
- Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մարտահրավեր է Հայաստանի կյանքին, իրենք պարզ ասում են՝ «մենք իշխանություն տվող չենք»: «Գյումրի-2»-ի մասին խոսակցությունը բացահայտում է իշխանության վախերը: Գետը չմտած՝ հոպ են ասում: Ի՞նչ գիտեն՝ ովքեր կլինեն պոտենցիալ ֆավորիտները. Ընտրություններին դեռ բավական ժամանակ կա:
- 3 պատերազմ բերած, երկիրն ավերած մարդիկ իրենց նույնացնում են խաղաղության հետ: Բա որ ընտրությունների ելքը կանխորոշված է, դուք էլ աշխարհի մեծերի աջակցությունն ունեք, էս ձեր ջղաձգումներն ինչի՞ մասին են, ինչի՞ մասին են էս վախերը, ֆոբիաները:
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ՝ Հայաստանին» ձևաչափի նպատակը հանրային համերաշխություն բերելն է. սև-սպիտակ, հայաստանցի-ղարաբաղցի ու նման բաժանումները տեղ չեն գտնելու հանրային ու քաղաքական կյանքում:
- Բանից պարզվում է, որ ՔՊ-ականները կամ նրանց ընտանիքի անդամները տարբեր բիզնեսների հետ առնչություն ունեցող անձինք են:
- Իրենք շատ փոքր են ինչ-որ բան թույլ տալու կամ չտալու համար: Երբ որ 1 միլիոն 300 000 մարդ կգնա ընտրության, կիմանան՝ ով ում ինչ թույլ կտա:
- Արևմուտքը ոչ թե Նիկոլ Փաշինյանի շուրջ է կոնսոլիդացվել, այլ նրա որբության, քաղաքական խեղճության շուրջ:

- Ավելի մեծ վնաս հայ-ամերիկյան հարաբերություններին, քան ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Փաշինյանին աջակցությունն էր Երևանում, հնարավոր չէ պատկերացնել, որովհետև նույնանալ հայ ժողովրդի մեծամասնության ատելությանն արժանացած անձի հետ, նշանակում է հայ-ամերիկյան հարաբերությունների վտանգում: Սա պետք է Վենսը հասկանար, կամ նրան պետք է հուշեին հսկայական դեսպանություն ունեցող երկրում: Չի կարելի թույլ տալ նման բան:
- Հայոց ցեղասպանության մասին Վենսի գրառումը, որը հետո հանվեց, ես էմոցիոնալ պոռթկում համարեցի ի սկզբանե, որովհետև ԱՄՆ ներկայիս վարչակազմը «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործում: Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ այս վարչակազմի համար PR գործիք է, իսկ Նիկոլ Փաշինյանին միայն լուսանկարներ են պետք, շոու ու ընդդիմությանն ամեն կերպ Ռուսաստանին կապելու ձևով պիտակավորելը:
- Հայաստանին սպառնում է մոլդովական մոդելի կրկնություն, բայց դրանով հանդերձ՝ ոչինչ կանխորոշված չէ: Էլի եմ ասում՝ եթե 1 միլիոն 300 000 մարդ գնա ընտրության, Փաշինյանի բոլոր ջանքերը հօդս են ցնդելու: Դրա համար են սրանք վախեցած: Ի դեպ, շատ ավելի լավ է, որ ընդդիմությունը ոչ թե միասնական մեկ ցուցակով գնա ընտրության, այլ կոնսոլիդացիա լինի մի քանի բևեռների շուրջ:

- Արտաքին աշխարհում հասկանում են, որ Փաշինյանի վիճակն իսկապես լավ չէ: Ժողովրդավարական բաստիոն հռչակված երկրներում տեղի չի ունենում այն, ինչ այստեղ է տեղի ունենում. վարչապետն ուղիղ եթերում չի հայհոյում, իր ճաշակով Խորհրդարանի մոդել չի գծում, Եկեղեցու նկատմամբ այսպիսի սանձարձակ հարձակում տեղի չի ունենում, ու Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իսկապես զրոյական է: Դրա համար էլ նրա արտաքին տերերը փորձում են ոռոգել Փաշինյանի չեղած վարկանիշը:
- Եվրամիությունն օրերս ոչ միայն Ուկրաինային վարկ չկարողացավ տալ, այլև չկարողացավ համաձայնության գալ Ռուսաստանի նոր պատժամիջոցների հարցում:
- Մենք մեր բոլոր գործընկերների հետ պետք է ակտիվ աշխատենք ու նրանց բացատրենք՝ Նիկոլ Փաշինյանի հետ միասին անցյալ մի՛ դարձեք մեր ժողովրդի համար: Մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն մեղավոր չէ, որ մենք մեր տան աղբը մաքրել չենք կարողանում: Մեր երկիրը դարձրել են проходной двор, ու ով ինչ ուզում, անում է:
- Վայ էն երկրին, որի ղեկավարն իր պետականության հարատևությունը կապում է աշխարհաքաղաքական կենտրոնի հետ: Իսկ Նիկոլ Փաշինյանն անգամ կենտրոնի հետ չի կապում, այլ այդ կենտրոնի կոնկրետ նախագծի հետ:

- Զելենսկու և ուկրաինացի ժողովրդի համար վիրավորական պետք է լինի, որ իրեն համեմատում են Նիկոլ Փաշինյանի հետ: Նույնիսկ Զելենսկին այսօր ասել է՝ իր խնդիրը Թրամփից անվտանգության երաշխիքներ ստանալը չէ, այլ ԱՄՆ պետությունից: Իսկ Նիկոլ Փաշինյանին երկրի շահը չի հետաքրքրում: Ինքը շատ լավ գիտի, որ TRIPP-ը ոչ մի ապաշրջափակում, անվտանգության երաշխիք էլ չի խոստանում, գիտի, որ իր ծրագիրը ձախողվել է, բայց նա Թրամփի, Կայա Կալասի ու մյուսների անունները տալիս է, որ վերարտադրվի:
- Իրենց արևմտամետ կոչող մարդիկ վարձկաններ են, ովքեր վարձված են ներսից մեզ շակալի պես կրծելու, մեր պետականության դեմ քարոզչություն անելու, հակառուսական ստրիպտիզներ բեմականացնելու, Արևմուտքի ամենամարգինալ շահերն առաջ մղելու համար: Անընդհատ խոսում են Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքների մասին, որպեսզի քողարկեն, որ մեր իրական սպառնալիքը գալիս է Թուրքիայից ու Ադրբեջանից:
- Ադրբեջանի «քաղհասարակության» հետ շփվող Հայաստանի «քաղհասարակության» ներկայացուցիչները սնվում են Նիկոլ Փաշինյանի գրպանից ու հավանաբար սերտ կապեր ունեն Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ:
- Ռուսաստանը կովկասյան պետություն է ու որ ուզի էլ, Կովկասից չի կարող հեռանալ: Ցավալին այն է, որ ամեն անգամ 1920թ.-ի պես հրաշք կարող է չլինել: Այս անգամ հայկական արկածախնդրությունը կարող է հանգեցնել նրան, որ մենք կորցնենք մեր պետականությունը: Մեր պսևդոարևմտամետների ամբողջ դարդուցավը Վլադիմիր Պուտինն է: Դե գտե՛ք այստեղ արևմտամետություն: Որ Պուտինը չլինի՝ ի՞նչ են դրանք անելու…

- Մեր բոլոր օրենքները դեմոկրատական են, բայց Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ օրենքո՞վ է անում: Էս մարդն ասում է՝ պետությունը ես եմ, ես եմ որոշելու՝ ով է լինելու Խորհրդարանում:
- Ադրբեջանը լիմոնի պես քամելու է Հայաստանը: Սկզբում բերելու են 300 000 ադրբեջանցիների, հետո դրանց անվտանգության համար ուժեր են բերելու, հետո ուզելու են անկլավները, ապա՝ միջանցք, որ այդ անկլավները կապեն Ադրբեջանի հետ, հետո մեր Ազգային ժողովում ֆրակցիա են ունենալու… Ալիևի մի հարցազրույցը բավարար է՝ բացահայտելու համար այն պլանը, որով նա գնում է բանակցությունների: Ալիևը Հայաստանը համեմատում է նացիստական Գերմանիայի հետ: Իսկ նացիստական Գերմանիայի ճակատագիրը մենք գիտենք: Եթե 2026թ. Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, մենք դառնալու ենք ղարիբ՝ բառի բուն իմաստով: Մեր արցախցի հայրենակիցները տեղ ունեին գալու, մե՞նք ուր ենք գնալու:
- Բաքվի դատարանում մեղադրյալի աթոռին Հայաստանի Հանրապետությունն է: Եվրոպական լսարանի առաջ մեզ նացիստների հետ համեմատելը հստակ հեռահար նպատակ ունի: Հաջորդիվ կոնտրիբուցիայի պահանջ է ներկայացնելու մեզ՝ փող չունեք, վճարեք տարածքներով, Սյունիքով, և այլն:
- Թրամփի պրոպագանդիստական ծաղրածուն դառնալու դիմաց Փաշինյանը ստացել է վերարտադրվելու հնարավորություն:
- Իրանի շուրջ սեղմվող օղակի ֆոնին մեր երկրի վարչապետը թմբուկ է զարկում: Սա կոնտրաստ է ու ցույց է տալիս, որ նա զրո դերակատարություն ունի: Սա ցույց է տալիս պետական մտածողության դեգրադացիան:

- Մենք հունիսի 7-ին գնալու ենք, ցավոք սրտի, 35 տարի հետ նայելու և ևս մեկ անգամ հարց տալու՝ մենք վերահաստատելո՞ւ ենք Սեպտեմբերի 21-ի խորհուրդը, թե՞ ուզում ենք ապրենք «Արևմտյան Ադրբեջանում»: Սա ո՛չ քաղաքական ընտրություն է, ո՛չ Խորհրդարանական, այլ երկրի լինելու կամ չլինելու մասին ընտրություն է:
- Սրանք բոլոր ընդդիմադիր ուժերից խոսում են, բայց չեն խոսում մեր երկրի ներսում գործող «Արևմտյան Ադրբեջան» ֆրակցիայի մասին, որն արդեն ընտրակաշառք է բաժանում՝ էժան բենզինի տեսքով:
- Բա որ մենք գործակալ ենք, բա դուք ի՞նչ եք, դուք ո՞ւմ գործակալն եք: Աշխարհաքաղաքական ցանկացած կենտրոնի Նիկոլ Փաշինյանի նման որբը ձեռնտու է:
- Որևէ աշխարհաքաղաքական կենտրոն սրտի խորքում կամ պրագմատիկ հաշվարկներում մեր երկիրը չի նույնացնում Նիկոլ Փաշինյանի հետ: Ընդդիմադիր թեկնածուներից որ ուժը, ով էլ ընտրվի՝ աշխարհաքաղաքական կենտրոնները բոլորի հետ էլ աշխատելու են: Եթե Նիկոլ Փաշինյանի նմանին վերընտրեցիք, մեզ կնայեն մուրացիկի աչքերով, իսկ եթե կընտրեք արժանապատիվ մեկին, կստանաք նույնպիսի վերաբերմունք: Արժանապատիվ իշխանություն ունենալու դեպքում Վենսը Երևանում կխոսեր Բակո Սահակյանից, Արկադի Ղուկասյանից ու Բաքվի մյուս գերիներից ու կհանդիպեր Վեհափառ Հայրապետի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։




