ԹՐԻՓՓ-ի գործնական մեկնարկն ու Թեհրանի անհանգստությունը. նոր մարտահրավեր հայ-իրանական հարաբերություններում
Այսօր պաշտոնապես տրվեց ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը: Ուղերձներով հանդես եկան Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` արձանագրելով նախագծի իրականացման պատմական փուլի մասին, զուգահեռաբար ուրվագծելով նախագծի համար մեծ ապագա:
Մինչ հայաստանյան ու վաշինգտոնյան շրջանակները ոգևորվել են տեղի ունեցածից, Իրանի պետական պաշտոնյաները շարունակում են ծրագրին անդրադառնալ խիստ կասկածով ու անվստահությամբ: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային այսօր ասել է, որ TRIPP նախագծի հարցում չի հենվի միայն «երրորդ կողմերի» այն հավաստիացումների վրա, թե նախագիծը չի սպառնում Իսլամական Հանրապետությանը:
«Մենք ընդգծել ենք, որ Իրանի սահմանների մոտ որևէ ռազմական կամ ուժային կառույցների ներկայությունն անընդունելի է: Հայկական կողմը մեզ տրամադրել է անհրաժեշտ երաշխիքները: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, երկու երկրների միջև առկա է վստահության բարձր մակարդակ: Թե Իրանը, թե Հայաստանի Հանրապետությունը հիանալի գիտակցում են երկու ժողովուրդների միջև բազմադարյա հարաբերությունների կարևորությունը, որոնք երկու երկրների միջև հազարամյակների համակեցության և համագործակցության արդյունք են: Սակայն, բնականաբար, մենք չենք վստահում «երրորդ կողմերին» և նրանց վերաբերվում ենք անվստահությամբ»,- հավելել է Բաղային:
Նա ընդգծեց, որ ապակայունացնող ուժերին կամ երրորդ կողմերին չպետք է թույլ տրվի խաթարել տարածաշրջանային անվտանգությունը։ «Նախևառաջ, սա պարզապես ԱԳՆ-ի հարց չէ: Սա պետության, ինքնիշխանության հարց է, և երկրի բոլոր իրավասու գերատեսչություններն ուշադիր հետևում են դրան ու անհրաժեշտության դեպքում կձեռնարկեն համապատասխան միջոցներ: Սակայն ևս մեկ անգամ ընդգծեմ մի քանի հանգամանք. այս հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել: Մենք աջակցում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական կապերի ընդլայնմանը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը»,- նշել է Բաղային: ԹՐԻՓՓ (TRIPP / «Թրամփի ուղի») նախագծի գործնական մեկնարկը տարածաշրջանային օրակարգում առաջացրել է իրարամերժ ընկալումներ՝ մի կողմից խոստանալով տնտեսական ինտեգրացիա, իսկ մյուս կողմից՝ խորացնելով աշխարհաքաղաքական անվստահությունն Իրանի սահմանների անմիջական հարևանությամբ։ Թեև նախագծի հեղինակներն ու աջակիցներն այն ներկայացնում են՝ որպես Հարավային Կովկասի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և կայունության խթան, Թեհրանի արձագանքը ցույց է տալիս, որ տնտեսական փաթեթավորման ներքո Իրանի Իսլամական Հանրապետությունը տեսնում է անվտանգային և ռազմավարական լուրջ ռիսկեր։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի վերջին հայտարարությունները վկայում են, որ պաշտոնական Երևանի բազմակի հավաստիացումները բավարար չեն Թեհրանի մտահոգությունները փարատելու համար։ Ըստ Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի՝ Թեհրանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բազմադարյա բարեկամական հարաբերությունները և վստահության մակարդակը, սակայն սկզբունքորեն չի վստահում «երրորդ կողմերին» և նրանց ներգրավվածությանը տարածաշրջանային ենթակառուցվածքներում։ Սա փաստում է, որ հայ-իրանական երկկողմ վստահության պաշարն այսօր բախվում է արտաքին խաղացողների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի հետ, ինչը Թեհրանի կողմից դիտարկվում է՝ որպես իր սահմանների մոտ անցանկալի ներկայության հաստատման փորձ։
Ուշագրավ է, որ Թեհրանն այս խնդիրը դուրս է բերում զուտ դիվանագիտական քննարկումների դաշտից՝ այն որակելով որպես պետության ինքնիշխանության և ազգային անվտանգության հարց, որին հետևում են երկրի բոլոր իրավասու ուժային ու պետական գերատեսչությունները։ Ըստ իրանական դիրքորոշման՝ Իրանի սահմանների մոտ որևէ ռազմական կամ ուժային կառույցների ներկայությունն անընդունելի է, իսկ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը չպետք է ուղեկցվի «ապակայունացնող ուժերի» մուտքով։ Այսպիսով, նույնիսկ այն պարագայում, երբ հայկական կողմը շեշտում է ծրագրի բացառապես խաղաղ և տնտեսական բնույթը, Իրանը մտավախություն ունի, որ ենթակառուցվածքային վերահսկողության մեխանիզմները կարող են վերածվել աշխարհաքաղաքական զսպման գործիքի իր դեմ։
Այս իրավիճակը լուրջ մարտահրավեր է դառնում հայ-իրանական հարաբերությունների համար՝ Երևանին կանգնեցնելով բարդ դիվանագիտական հավասարակշռման անհրաժեշտության առաջ։ Հայաստանի իշխանությունների տեսանկյունից՝ արևմտյան աջակցությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել արտաքին տնտեսական կապերը և ամրապնդել երկրի դերը տարածաշրջանային լոգիստիկ շղթաներում։ Սակայն Իրանի շարունակական և հետևողական անդրադարձներն այս թեմային ցույց են տալիս, որ Թեհրանը պատրաստ չէ համակերպվել իր հյուսիսային սահմանի երկայնքով աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխության հետ՝ առանց իր անվտանգային երաշխիքների գործնական և տեսանելի ապահովման։
Արդյունքում, ԹՐԻՓՓ նախագծի գործնական մեկնարկը, նախագծողների ոգևորությանը զուգահեռ, Հարավային Կովկասում ձևավորում է նոր բաժանարար գծերի և փոխադարձ կասկածների մթնոլորտ։ Մինչ Վաշինգտոնն ու Երևանը շեշտադրում են տնտեսական հեռանկարներն ու պատմական առաջընթացը, Թեհրանի զգուշավորությունն ու կոշտ նախազգուշացումները հուշում են, որ նախագծի հետագա ընթացքը մեծապես կախված է լինելու ոչ միայն տնտեսական հաշվարկներից, այլև նրանից, թե որքանով կհաջողվի փարատել տարածաշրջանային խաղացողների անվտանգային մտահոգությունները և խուսափել հայ-իրանական ավանդական գործընկերության խաթարումից։
Հիշեցնենք, որ Թեհրանը թեմային անդրադառնում է պարբերաբար՝ թե կտրուկ, թե ավելի հանդուրժողական ոճով: Վերջին արձագանքներից էր ԻԻՀ ԱԳ երկարամյա նախարար Ալի Աքբար Վելայաթիի սուր հոդված-քննադատությունն ուղղված ՀՀ իշխանություններին ու նրանց քաղաքաքությանը: Ի տարբերություն Վելայաթիի՝ օրերս ՀՀ-ում էր նաև ԻԻՀ փոխնախագահը, ով բավականին մեղմ մեկնաբանություններով հանդես եկավ: Իրանական դիվանագիտությունը ԹՐԻՓՓ-ին անդրադառնալիս տարբեր մոտեցումներ է կիրառում՝ միմյանց հաջորդելով սուր և փոքր ինչ մեղմ հայտարարությունները:

