ԱՄՆ-ը՝ Կովկասում. Ամերիկյան կորպորացիաներն ակտիվանում են տարածաշրջանում

Անցնող շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելեց Հայաստան և Ադրբեջան՝ Հարավային Կովկասում ուժերի ձևավորվող հավասարակշռության վրա ազդելու նպատակով։ Դրոնների վաճառքից մինչև ԱԷԿ-ի կառուցում, Բաքվի հետ ռազմավարական խարտիայից մինչև «Թրամփի ճանապարհ», Վաշինգտոնը փորձում է Բաքվին և Երևանին համոզել Ռուսաստանի հետ համագործակցությանն այլընտրանք ունենալու մեջ։

Իր հարավկովկասյան վոյաժը Վենսը սկսել էր փետրվարի 9-ին Երևանից, ուր ժամանել էր Միլանից, որտեղ նա իր ընտանիքի հետ և տպավորիչ թիկնազորով շրջապատված անցկացրել է Օլիմպիադայի չորս օրերը: Գրեթե առանցքային ձեռքբերում է համարվում ՀՀ վարչապետի հետ բանակցությունների արդյունքում միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը՝ այսպես կոչված, «համաձայնագիր 123»-ը։ Ըստ ամենայնի՝ փաստաթուղթն այժմ իսկապես հնարավորություն է բացում ամերիկյան ընկերությունների համար Հայաստան  «փոքր մոդուլային ռեակտորներ» մատակարարել հնացող Մեծամորի ԱԷԿ-ի փոխարեն, որը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին, վերագործարկվել է 1995 թվականին և շահագործվել «Ռոսատոմի» մասնակցությամբ:

Վենսը հայտարարեց՝ գործարքը նախատեսում է մինչև 9 միլիարդ դոլարի ներդրում՝ կախված Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազեցումից։ Մասնավորապես, համապատասխան փաստաթուղթն ամրագրում է ԱՄՆ ընկերությունների կողմից Հայաստան միջուկային տեխնոլոգիաների, վառելիքի և ծառայությունների վաճառքի իրավական հիմքը, և առաջին հերթին՝ այն փոքր մոդուլային ռեակտորները, որոնց շահագործման փորձ գրեթե ոչ մի տեղ չկա, այդ թվում՝ հենց ԱՄՆ-ում։

Բացի «միջուկային» համաձայնագրի կնքումից, ԱՄՆ-ը հայտարարել է Հայաստանին 11 մլն դոլարի ամերիկյան անօդաչու թռչող սարքերի վաճառքի մասին՝ ներառյալ V-BAT անօդաչու թռչող սարքերը: Սա Երևանին ամերիկյան ռազմական սարքավորումների մատակարարման առաջին խոշոր գործարքն է, որը, Վենսի խոսքով, «կամրապնդի հանրապետության պաշտպանական հնարավորությունները»:

Կարդացեք նաև

Բացի այդ, կողմերը հաստատել են ԱԻ և կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացը: Մասնավորապես, Վաշինգտոնը հավանություն է տվել Nvidia ընկերության արտադրության հզոր չիպերի մատակարարման արտահանման լիցենզիաներին՝ Հայաստանում Firebird ընկերության տվյալների կենտրոնի և արհեստական ինտելեկտի գործարանի կառուցման համար:

Այցի մյուս սպասված թեման, իհարկե, «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծի իրականացման համապարփակ քննարկումն էր՝ 43 կիլոմետրանոց տարանցիկ միջանցք Հարավային Հայաստանով, որը կմիացնի Ադրբեջանն իր անկլավ Նախիջևանին, այնուհետև՝ Թուրքիային։

Դրանով իսկ ԱՄՆ-ը ուժեղացնում է ներկայությունը տարածաշրջանում, քանի որ նշված նախագիծը Վաշինգտոնին մասնակի վերահսկողություն կտրամադրի Հարավային Կովկասի նկատմամբ տարածաշրջանի տնտեսական կապվածության, ուժի պրոյեկցիայի հաշվին, այդ թվում՝ Արաքսի ափերին ենթադրյալ մասնավոր ռազմական ընկերությունների հաշվին, որոնց մասին վերջին շրջանում շատ են խոսակցությունները։ Միաժամանակ ամերիկացիները հնարավորություն կստանան շարունակել իրենց էքսպանսիան դեպի Կենտրոնական Ասիա, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների մատակարարման հուսալի ուղիներ ստեղծելու նպատակով, ինչը խոստովանում են նաև Բաքվի փորձագետները։

Վենսի այցը Երևան և Բաքու մթագնեց դիվանագիտական կազուսը, որը խորհրդանշական մակարդակով վկայում է Թրամփի վարչակազմի ընթացիկ առաջնահերթությունների մասին։  Երեքշաբթի առավոտյան փոխնախագահի սոցիալական ցանցերի պաշտոնական էջում լուսանկար է հայտնվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ դնելու արարողությունից՝ մակագրելով, որ Վենսը և նրա կինը՝ Ուշան, «հարգել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին»: Սակայն մեկ ժամ անց գրառումը ջնջվել է՝ որպես Սպիտակ տան պաշտոնական գծին չհամապատասխանող։ Փոխնախագահի գրասենյակի ներկայացուցիչը հայտարարել է՝ հրապարակումն արվել է «սխալմամբ, պատվիրակության կազմում չընդգրկված աշխատակիցների կողմից»:

«Ցեղասպանություն» եզրույթին անդրադարձը հակասում է Դոնալդ Թրամփի օրոք Սպիտակ տան պաշտոնական քաղաքականությանը, որը խուսափում է այդ բառից՝ ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի կարևոր գործընկեր հանդիսացող Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու մտավախությունից: Ելնելով իր երկարաժամկետ նպատակներից՝ Թուրքիան փորձում է միջնորդական դեր խաղալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ զգալիորեն վերահսկում է իրավիճակը Սիրիայում և փորձում է ակտիվ դեր խաղալ Մերձավոր Արևելքում: Բացառությամբ Ջո Բայդենի, ով 2021 թվականին զանգվածային սպանությունները որակեց որպես ցեղասպանություն, բոլոր ամերիկացի նախագահները խուսափել են այդ եզրույթից։ Թրամփի վարչակազմը վերադարձել է հայերեն «Մեծ եղեռն» («մեծ ոճրագործություն») եզրույթն օգտագործելու պրակտիկային՝ առանց այն «ցեղասպանություն» տարադարձման:

Բաքվում հանդիպման հիմնական արդյունքն ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի ստորագրումն էր: Ալիևը հայտարարել է՝ կողմերը մտնում են պաշտպանական արտադրանքի վաճառքի, ԱԻ-ի, էներգետիկ անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության «բոլորովին նոր փուլ»: Հայտարարվել է գործողությունների նոր ծրագրի մասին, որը կոչվում է «Ադրբեջանի նոր թվային ճարտարապետություն», և Վենսի մեկնելուց անմիջապես հետո՝ փետրվարի 11-ին, տեղի է ունեցել այդ թեմայով մեծ խորհրդակցություն՝ պետության ղեկավարի գլխավորությամբ։ Ենթադրվում է՝ բոլոր պետական մարմիններում կստեղծվեն թվայնացման գծով տեղակալների պաշտոններ, իսկ ընդհանուր համակարգումը կապահովի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը: Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր էներգետիկ և թվային ենթակառուցվածքները։

Հիմնական նախագծերի թվում են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո տվյալների կենտրոնների ստեղծումը, լայնաշերտ ինտերնետի աջակցությունը և Կասպից ծովի երկայնքով մանրաթելային մալուխի տեղադրումը: Հարկ է նշել՝ Ադրբեջանում ինտերնետի արագությունը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 12-ից մինչև 90 Մբ/վ, և կանխատեսվում է, որ այն կհասնի 200 Մբ/վ-ի մինչև 2026 թվականի վերջը:

Վերոնշյալ խարտիան առաջին անգամ ներկայացվել է 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանն Ալիևի և Թրամփի միջև կայացած բանակցություններում։ Սովորաբար նման շրջանակային փաստաթղթեր ստորագրում են արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, սակայն տվյալ դեպքում մակարդակը բարձրացվել է։  Բացի այդ, ամերիկացի հյուրը հայտարարել է՝ ԱՄՆ-ը «մի քանի նոր մոտորանավակներ կմատակարարի Ադրբեջան, որպեսզի օգնի Կասպից ծովում տարածքային ջրերի պաշտպանությանը»:

Նավերի տեսակի և քանակի մասին մանրամասներ չեն բացահայտվել, սակայն քայլը հատուկ խորհրդանշական նշանակություն ունի 1992-ի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ փոփոխության լույսի ներքո, որը կոչված է սահմանափակել ամերիկյան օգնությունն Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության պատճառով: Այստեղ հարկ է նշել՝ նույնիսկ 1990-ական թվականներից սկսած այդ վաղանցիկ նորմը չի խանգարել Ադրբեջանի հետ ԱՄՆ ռազմատեխնիկական համագործակցությանը, այդ թվում՝ Աֆղանստանում «Անխորտակելի ազատություն» գործողության շրջանակներում (2011-2021թթ.): Թրամփի վարչակազմը պարբերաբար երկարացրել է 907-րդ ուղղումից հրաժարվելը, իսկ փորձագետները կանխատեսում են՝ Կոնգրեսը կարող է ամբողջությամբ վերացնել սահմանափակումը, քանի որ տարածքային վեճը մոտենում է ավարտին:

Իմաստ ունի պարզել, թե ինչ է նշանակում ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության համար։ Երևանի հետ միջուկային ոլորտում 9 մլրդ դոլարի գործարք-անկասկած ռազմավարական բեկում ամերիկացիների համար մի տարածաշրջանում, որտեղ երկար ժամանակ Ռուսաստանի դիրքերը կասկածի տակ չէին դրվում։

Հատկանշական է՝ Հայաստանն աստիճանաբար Մոսկվայի հետ հարաբերությունները հասցնում է անհրաժեշտ նվազագույնի։ Այսպես, ռուս սահմանապահները 2025 թվականի սկզբից դադարեցրել են Թուրքիայի հետ երկրի սահմանների պարեկությունը, լքել են Իրանի հետ հարավային սահմանի անցակետը, և արդեն ավելի քան երկու տարի Հայաստանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այնուամենայնիվ, Վենսի հետ բանակցությունների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ոչ ոք չի կարող մեզ ներքաշել Ռուսաստանի դեմ գործողությունների տրամաբանության մեջ»։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապի համար երկաթուղային ուղիների վերականգնման շուրջ բանակցություններ սկսելու մասին, ինչը ՌԴ-ին ելք կբացի դեպի Միջերկրական ծովի, Պարսից ծոցի և Հնդկական Օվկիանոսի նավահանգիստներ: Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ «Ռուսաստանն աշխատանքներ է տանում Կովկասում բոլոր խախտված ուղիների ապաշրջափակման ուղղությամբ»: Իր հերթին, ձգտելով չկորցնել տեմպը և ցայտելով շռայլ գաղափարներով՝ ՀՀ վարչապետը Մոսկվային առաջարկել է դիտարկել երկաթուղային կոնցեսիայի իրավունքը որևէ բարեկամ պետության վաճառելու հնարավորությունը, որոնց թվում նա թվարկել է Ղազախստանը, Քաթարը, ԱՄԷ-ն (քանի դեռ Ադրբեջանը հստակ նշված չի եղել)։ Էմիրությունները որոշակի հետաքրքրություն են ցուցաբերում հայկական ճանապարհների նկատմամբ՝ և որպես բիզնես ուղղություն, և AECOM-ի հետ փոխգործակցության առումով (Դալասում գործող բազմաճյուղ ընկերություն, որն ավելի քան 50 տարի է, ինչ ԱՄԷ-ում մատուցում է ինժեներական նախագծման ծառայություններ և այժմ պայմանագիր է ստացել TRIPP Development-ից)։ Խորհրդանշական է՝ նման հստակ հայտարարություն արվեց փետրվարի 13-ին՝ ուղիղ 18 տարի անց այն բանից հետո, երբ «Ռուսական երկաթուղիներ»-ը և այն ժամանակվա Հայաստանի կառավարությունը ստորագրեցին կոնցեսիոն պայմանագիր, որով հանրապետության երկաթուղային համակարգը փոխանցվեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կառավարմանը:

Դժվար չէ նկատել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության աճող դերը՝ որպես տրանսպորտային խաչմերուկ, սակայն TRIPP մեգանախագիծն իրագործման դեպքում կհարվածի նաև Անդրկովկասում Իրանի դիրքերին։ Ի վերջո, տասնամյակներ շարունակ Ադրբեջանը Նախիջևան մուտք գործելու համար հենվել է Հյուսիսային Իրանով անցնող Արաքսյան միջանցքի վրա։ Երթուղին Թեհրանի համար տարանցիկ մուտքերի աղբյուր էր և Ադրբեջանի հետ երկխոսության մեջ ազդեցության կարևոր լծակ, որի հետ Իրանը բարդ հարաբերություններ ունի Իսրայելի հետ Բաքվի կապերի պատճառով։ Պատահական չէ, որ ռահբարի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, որն արտացոլում է պայմանական պահպանողականների մոտեցումները, ընդգծել է՝ Թեհրանը թույլ չի տա ԱՄՆ-ին զարգացնել միջանցքը, իսկ Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո իրանական ԶԼՄ-ները նույնիսկ սպառնացել են, որ TRIPP-ը «գերեզման կդառնա» «Թրամփի վարձկանների» համար: Մինչդեռ Իսրայելի հետ պատերազմից և ներքին իրարանցումներից թուլացած Թեհրանը հազիվ թե իրական հնարավորություններ ունենա նախագծին հակազդելու համար։

Այսպիսով, Վենսի այցը պետք է ավելի շուտ հաջողված համարել՝ բացելով որոշ նոր հեռանկարներ։ Իհարկե, դա վատ չէ ապագայի համար, հատկապես, եթե տարածաշրջանային մյուս խաղացողները շարունակեն գործել իրավիճակային արձագանքման սովորական պարադիգմում։

ՅՈՒՐԻ ՄԱՎԱՇԵՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս