Անկարայի աշխարհաքաղաքական առանցքը. Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափի գեոպոլիտիկ նպատակը
Ստամբուլում հունիսի 7-ին կայացած Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց՝ դաշինքի ռազմավարական կենտրոնն Անկարան է։ Ներկայիս գլոբալ տեղաշարժերի և Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության անկման ֆոնին Թուրքիան շարունակում է հաջողությամբ կապիտալիզացնել իր աշխարհաքաղաքական կշիռը՝ ավանդական էներգետիկ և տրանսպորտային մեգանախագծերը վերածելով սեփական հեգեմոնիայի ամրապնդման գործիքների՝ տեղ բացելով նոր նախագծերի համար։ Ստամբուլյան հանդիպումը ցույց տվեց, որ Անկարան այլևս հանդես չի գալիս սոսկ որպես գործընկեր, այլ որպես Հարավային Կովկասի աշխարհատնտեսական և անվտանգային կանոնները թելադրող գլխավոր ճարտարապետ, որը «Միջին միջանցքի» (Middle Corridor) միջոցով իրար է կապում Արևելքն ու Արևմուտքը։
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հանդիպման պաշտոնական հայտարարություններից հերթական անգամ պարզ է դառնում, որ Թուրքիան ամրապնդվում է Հարավային Կովկասում՝ որպես տարածաշրջանային առաջնորդ։
Նա հիշեցրեց թուրքական դիվանագիտական հայտարարությունն այն մասին, որ բարձրաստիճան եռակողմ համագործակցությունը ոչ միայն նպաստում է այդ երկրների բարօրությանը, այլև հանդիսանում է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության գլխավոր երաշխավոր։ «Այս հայտարարություններին սինխրոն արձագանքում է նաև Ադրբեջանը։
Եռակողմ հարթակի քննարկումները ցույց են տալիս, որ Բաքուն և Թբիլիսին ընդունում են Անկարայի առաջնորդությունը, իսկ Թուրքիան հաջողությամբ օգտագործում է այս հարթակը սեփական աշխարհաքաղաքական հավակնություններին օրինականություն և տարածաշրջանային լեգիտիմություն հաղորդելու համար։
Հարավային Կովկասի համար այս հանդիպման նշանակությունը պետք է դիտարկել հենց թուրքական ազդեցության աննախադեպ ծավալման համատեքստում։ Ստամբուլյան դիսկուրսը ցույց է տալիս, որ Անկարան հաջողությամբ իրագործում է տարածաշրջանն իր ազդեցության գոտի վերածելու ստրատեգիան՝ փաստացի դուրս մղելով այլ արտաքին խաղացողների։ Վրաստանի լիակատար ներգրավվածությունը թուրքական նախաձեռնություններում վկայում է, որ Թբիլիսին, չնայած Եվրամիության հետ ունեցած սեփական բարդություններին, իր տնտեսական և լոգիստիկ ապագան ամբողջությամբ կապում է Անկարայի կողմից վերահսկվող նախագծերի հետ։ Արդյունքում՝ Հարավային Կովկասում էականորեն ամրապնդվում է Թուրքիան»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության համար Թուրքիայի դերի այսպիսի շեշտադրումը ենթադրում է լուրջ մարտահրավերներ։
«Անկարան, օգտագործելով եռակողմ ձևաչափը, փորձում է Ադրբեջանի և Վրաստանի միջոցով նաև Հայաստանին ներքաշել այս կոնֆիգուրացիա՝ ռեգիոնում անշրջելի դարձնելով թուրք-ադրբեջանական ազդեցությունը։ ՀՀ-ի համար ստեղծվում է մի իրավիճակ, երբ թուրքական գործոնը դառնում է էլ ավելի որոշիչ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Հետևաբար, Ստամբուլի հանդիպումը հստակ ազդակ էր Երևանին, որ թուրքական գերակայությունն անշրջելի է դառնում, ուստի ակնկալվում է, որ բոլոր գործընթացները խաղաղության հաստատման ուղղությամբ պետք է արագացվեն։ Թեև ԹՐԻՓՓ-ի ճակատագիրը կախված է նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Ամփոփելով՝ նա նշեց, որ Անկարա-Թբիլիսի-Բաքու առանցքը գործում է՝ որպես թուրքական ազդեզության խորացման աշխարհաքաղաքական մեխանիզմ։
«Սա, ի թիվս այլ թյուրքական մեխանիզմների, ծառայում է թյուրքական նպատակների»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

